marat sirunyan

Ձնծաղիկները տուն տարեք, մեղք են…

-Անոնք ինձի շատ կնմանին…

Դեմքս հայացքի կողմը դարձրի.

- Վաճառողնե՞րը։

- Վաճառվողները…

Փողոցի մյուս կողմում վաճառականներ էին, բայց ընկերոջս հայացքը մի ծերունու վրա էր կենտրոնացած, որի դիմաց՝ փայտյա արկղի վրա, շարված էին փունջ-փունջ ձնծաղիկներ։ Ընկերս քայլերն այդ կողմ ուղղեց, ես էլ լուռ հետևեցի նրան։

- Ի՞նչ կարժեն,- ծերունուն մոտենալուն պես հարցրեց ընկերս։

- Ինչ տաս,- ցրտից սառած ձեռքերը հնամաշ վերարկուի գրպաններում տեղավորելով, խռպոտ ձայնով խոսեց ծերունին։

- Ամբողջը կառնիմ, ի՞նչ կարժեն, – կրկին հարցրեց ընկերս։

-Ինչ տաս,-պնդեց ծերունին։

- Քիչ է խեղճերուն հողեն կտրել եք, բերել հոս, կծախեք, գին ալ չե՞ք հաճե ըսել,- բարկությամբ նետեց ընկերս։

- Ձենդ տաք տեղեն գուկա,- խոժոռ դեմքի վրա հազիվ նշմարվող, խոր ընկած տխուր աչքերը մեր կողմն ուղղեց ծերունին,- առնո՞ղ ես, ա՛ռ, թե՝ չէ, թո՛ղ գնա։

Ընկերս շիկնեց՝ ամոթի՞ց, թե՞ բարկությունից, չեմ կարող ասել, բայց լռեց, գրպանից հանեց դրամապանակն ու այնտեղից հանելով երկու թղթադրամ, մեկնեց ծերունուն։

Ծերունին դժվարով վեր կացավ, վերցրեց կողքին դրված ստվարաթղթե արկղն ու հերթով սկսեց դրա մեջ փոխադրել ձնծաղիկները։ Ես ու ընկերս լուռ հետևում էինք նրան, ասես վերջինս մի ինչ-որ կարևոր ծես էր կատարում։ Հանկարծ հերթական փունջը վերցնելով կանգ առավ ու հայացքն ընկերոջս կողմն ուղղեց.

- Էս մեգ փունջը ես հեդ գվերում, փողիցդ հեդ կուդամ։

- Ինչո՞ւ,- զարմացավ ընկերս։

- Պետկ է,- շշնջաց ծերունին ու շարունակեց իր գործը։

Վերջացնելուց հետո ձեռքը տաբատի գրպանը տարավ, ապա ընկերոջս կողմն ուղղեց մի քանի մետաղադրամ։

- Հարկավոր չէ, ատ մեկ փունջը ձեզի կնվիրեմ,- ժպտաց ընկերս։

Ժպիտի պես ինչ-որ դիմախաղ հայտնվեց նաև ծերունու դեմքին։ Ասես այդպես անծանոթները հաշտություն կնքեցին։ Ես ընկերոջս փոխարեն վերցրի արկղն ու առաջ շարժվեցինք։

-Ինչի՞դ են պետք այսքան ձնծաղիկներ,- քիչ հեռանալով հարցրի ես, չնայած ընկերս կարծես թե ամենևին էլ ինձ չէր լսում։

- Նայե՜,- կանգ առավ ու ձեռքով դիմացի մայթը ցույց տվեց ընկերս։ Այնտեղ ծաղկավաճառ ծերունին էր՝ ձնծաղիկի փունջը մեջքի ետևում պահած, զրուցում էր այնտեղ էլ ինչ-որ բան վաճառող մի կնոջ հետ։

Ընկերս կարծես այլևս քիչ առաջվա մտահոգը չէր, դեմքին չարաճճի ժպիտ էր հայտնվել։ Ծերունին մեջքի հետևից հանեց թաքցրածն ու մեկնեց վաճառական կնոջը, փողոցը զնգաց կնոջ ծիծաղից, քիչ անց ծերունին ժպիտը դեմքին հեռացավ։

- Ասա՜նգ բաներ,- ուսիս կամացուկ հարվածեց ընկերս, որի դեմքից չէր հեռանում լայն ժպիտը։

Շարունակեցինք քայլել։

- Չասեցի՛ր, ինչի՞դ է պետք այսքան ձնծաղիկ։

-Ըսեցի՛… Անոնք ինձի շա՜տ կնմանին։

- Էդ ո՞նց,- առանց զարմանքս թաքցնելու հարցրի ես։

- Կյանքիդ մեջ հող ու ջրեդ զատված ապրա՞ծ ես։

- Դե՜, չէ…

- Ես ամբողջ կյանքիս մեջ ատանկ եմ ապրած՝ օտարության մեջ, զատված հող ու ջրես։ Մրսած ու անքուն քանի՜ օրեր եմ անցուցած անծանոթ քաղաքներուն մեջ, և ինծի իր տան մեջ ոչ մեկ փոքրիկ անկյուն մը տվող չի եղած։ Աս մատղաշներուն ալ պոկած են իրենց հող ու ջրեն. լավ օրից չէ, որ ըրած են, ատ ալ կհասկնամ, բայց ասոնք ալ մեղք են, գոնե տուն տանենք…

Տարիներ անց էլ ահա հիշում եմ, ինչպես՝ երեկը, նրա գոհունակ ու երջանիկ ժպիտը։ Ձմռան այդ ցուրտ օրը, որը նաև հայրենիքում իր վերջին օրն էր, այլևս չէր վերաբերվում նրան, նա կտրվել էր աշխարհից ու առանձնացել, մի ամբողջ արկղից միայն իր ձեռքում մնացած մի փունջ ձնծաղիկի հետ, որին ինքն իր տուն պիտի տաներ…