seda harutynyan-2

Ձախլիկությունն ապրելակերպ է

Ես ձախլիկ եմ։ Աշխարհում ընդհամենը 10%-ն է գրում ձախով։ Չնայած նրան, որ դա ինձ համար միշտ խնդիրներ է առաջացրել, մեկ է ես շատ ուրախ եմ, որ գրիչը կամ վրձինը բռնում եմ ձախ ձեռքով։

Նախկինում ձախլիկությունը թերություն է համարվել, և դպրոցի ու ընտանիքի կողմից ամեն ինչ արվել է` ձախլիկ երեխային աջլիկ դարձնելու համար։ Ասում են, որ մարդու աջ ուսին նստած է հրեշտակ, իսկ ձախին՝ սատանա, և հենց սրա հետ էլ կապում են ձախլիկների անընդհատ պատմությունների մեջ ընկնելը։

Մակեդոնացի, Հուլիոս Կեսար, Նապոլեոն Բոնապարտ, Արիստոտել, Նյուտոն, Դավինչի, Միքելանջելո, Պաբլո Պիկասո, Մոցարտ, Բեթհովեն, Չապլին, Գեյթս, Քլինթոն, Բուշ, Օբամա, Մարադոնա․ այս շարքը երկար կարելի է շարունակել։ Ըստ քեզ, ի՞նչն է միավորում այս հանճարեղ, աշխարհահռչակ մարդկանց, իհարկե, ձախլիկությունը։

Հոգեբաններն ապացուցել են, որ ձախլիկ մարդիկ ավելի խելացի են, աշխատունակ, նաև օժտված են ուժեղ բնավորությամբ։

Ըստ իս, ձախլիկությունը թերություն չէ։ Ձախլիկությունը ապրելակերպ է։ Մարդկության պատմության ամբողջ ընթացքում ձախլիկները եղել են շրջապատից վտարված անձինք և համարվել սատանայի ներկայացուցիչներ։

Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև Աստվածաշնչում աջ ձեռքը հիշատակվում է 100 անգամ և բոլոր դեպքերում էլ դրական իմաստով, իսկ ձախ ձեռքի մասին 25 անգամ, այն էլ բացասական երանգներով։ Հիմա հասկանալի է թե ինչու էին առաջ դպրոցներում երեխային պատժել ձախ ձեռքով գրելու համար։ Բայց մի՞թե մենք՝ ձախլիկներս, ծնվում ենք արդեն մի մեծ մեղքով, միայն նրա համար, որ ձախլիկ ենք: Երևի որպես պատիժ էլ ապացուցվել է, որ ձախլիկները շատ հաճախ 9 տարով ավելի քիչ են ապրում, քան աջլիկները:
Լավ ձախլիկներ ջան, վատը դնենք մի կողմ: Հիմա ոչ մեկը մեզ նման բաների մեջ չի մեղադրում: Խորը շունչ քաշեք: Սակայն ամեն դեպքում, մի բան կա, որ աջլիկները հաշվի չեն առնում. Իրեր պատրաստելիս երբեք հաշվի չեն առնում, որ ձախլիկներ կան աշխարհում: Հիմա այդ թվարկումը չեմ անի, դուք ուշադիր նայեք և գրեք այդ մասին:

Եվ հիշենք նրա մասին, որ օգոստոսի 13-ին մեր տոնն է։ Ի՞նչ եք կարծում, չնշե՞նք։