Ani Harutynyan

Ձյունը

Կար ժամանակ, որ ձմռանը Հայաստանում ձյուն էր լինում: Իրադարձությունը ոչ վաղ անցյալում էր, այնքան, որ անգամ ես եմ հիշում: Առատ ձյունը իմ ու եղբորս համար միշտ հատուկ իրադարձություն էր, տոնակատարություն, ձմեռային ծեսի սկիզբ: Գյուղը, անսահման մեծ տարածության ու մեքենաների քչության շնորհիվ, ձյունը վայելելու բազմաթիվ հնարավորություններ էր տալիս:

Ձմեռային արձակուրդի ժամանակ առավոտյան շուտ մեզ արթնանալ էր ստիպում միայն առատ ձյունն ու հորս ձայնը` երեխեք, ձյուն ա եկել, զարթնեք: Այնպիսի արագությամբ, որ շուրջն ամեն ինչ արագության ալիքից օդ էր թռչում, հասնում էինք պատուհանին ու երջանկությունից շնչակտուր մորս կանչում, որ ձեռնոցներն ու շորերը բերի: Հայրս պատրաստվում էր բակը մաքրելու, իսկ մենք` «օգնելու»:

Հաստ շորերից ու դրանց քանակից հազիվ քայլելով, բայց հազվադեպ չբողոքելով, այլ` երջանիկ, ես ու եղբայրս ընկնում էինք դուրս: Մի պահ եկեք հիշենք, թե գյուղում այդ ժամանակ հիմնականում ինչով էին մաքրում ձյունը: Եղանի վրա ամրացնում էին բարակ, ուղղանկյուն երկաթի կտոր` մեկ ու մեջ ճկելով անցկացնելով գործիքի 4 մատներով: Ավելի արդյունավետ ձյուն մաքրող սարք, անկեղծ ասած, ես դեռ չեմ տեսել:

Փորձում էինք արագ հասցնել ու առաջինը խաղալ այն հատվածներում, որտեղ ձյունը դեռ մարդկային հետքեր չէր տեսել, ու, իհարկե, դեղին չէր: Հայրս խնամքով մաքրում ու լցնում էր մի անկյունում, իսկ մենք վայրկյանների ընթացքում հողին հավասարեցնում կույտը: Եթե այն մեծ էր, խելամտորեն էինք վարվում` անցք էինք բացում ու ձյունե տուն սարքում:

Իրար ձյան մեջ թաղելուց, բերանը, քիթը, շորերի մեջ լցնելուց, ուտելուց հոգնելուց հետո անցնում էինք ձնեմարդ սարքելուն, հատկապես, եթե ձյունը «կպչուն էր»: Սովորական. միջին վիճակագրական, 8-10 տարեկան երեխաներին հարիր ձնեմարդ էինք սարքում ավանդական բոլոր ատրիբուտներով` երկաթե դույլով, գազարով, կոճակներով: Վերջում փաթաթում էինք իմ գունավոր շարֆով, որովհետև եղբայրս ավելի ուժեղ էր:

Տուն էինք գնում, իհարկե, ստիպված ու մատները չզգալով, բայց մինչ այդ մամայից խոստում կորզելով, որ տաքանալ-չորանալուց հետո էլի էինք դուրս գալու: Հիշում եմ, որ ձմռանն ու ձյունոտ օրերին հատկապես լողանալ չէինք սիրում, որովհետև մայրս լողանալուց հետո մեզ դատապարտում էր տանը փակվելուն: Իսկ դուրս գալ չէինք կարող ոչ թե, որ կմրսեինք, այլ որ չկեղտոտվեինք ու գոնե մի օր շորերը մաքուր մնային:

Հետո, երբ գալիս էր դպրոց գնալու ժամանակը, սկզբում դժվար արթնանալու հարցը հայրս լուծում էր խորամանկ հնարքով. ամեն առավոտ բղավում էր, որ ձյուն ա եկել, իսկ մենք միամիտի պես ամեն անգամ ընկնում էինք նույն թակարդն ու լույսի արագությամբ թռչում անկողնուց: