Ձնառատ Ծաղկազարդ Ազատանում

 

-Մարիա՛մ, էս դու դեռ քնած ե՞ս,- վերմակը երեսիցս քաշելով՝ ասաց մայրս ու ավելացրեց,- բա չե՞ս ուզում տեսնես` դրսում ի՞նչ կա:

-Հա՛, քնած եմ:  Ի՞նչ կա որ,- քնատ պատասխանեցի ես:

-Տեղիցդ հել, կտեսնես,- ժպտաց մայրս ու սենյակիցս դուրս եկավ:

-Աաաաաա՜, մեկ է, չեմ հելնելու, ինչ ուզում է լինի,-ասացի ու վերմակս հետ քաշեցի երեսիս, որ քնեմ: Բայց ճիշտն ասեմ՝ շատ հետաքրքրեց, թե դուրսն ինչ կա, ու երևի դրանից էր, որ էլ չկարողացա քնել: Վեր կացա, պատուհանից դուրս նայեցի ու ի՞նչ տեսնեմ. ձյուն:

-Հա, ձյուն է, էլի, վաաա՜,-ասացի ինքս ինձ:

Հագնվեցի, դուրս եկա, որպեսզի աչքովս մի անգամ էլ տեսնեմ:

-Այ քեզ բան, ձմեռը հե՞տ եկավ, չեմ հասկանում:

-Հա՛, հա՛, հետ եկավ, այն էլ ինչպե՜ս հետ եկավ,-ասաց հորեղբայրս, որ իր կոտրած փայտերը արագ-արագ տանում էր փայտանոց:

Սկզբում տխրեցի. չէ՞ որ մարտի 20-նն է ու ձյուն է գալիս. էլ ի՞նչ գարուն, որ պիտի արև չլինի: Դարձա տուն, նայեցի ժամին. 2-ն էր: Մորս հարցրի.

-Մա՛մ, շուտվանի՞ց է ձյուն գալիս:

-Մի կես ժամ է, ինչ սկսվել է,- պատասխանեց ու նաև ասաց, որ գնամ հաց ուտելու:

-Ու՛ֆ, ի՞նչ հաց, հաց ուտելու ախորժա՞կ մնաց: Հազիվ տաքերն ընկել էին, հիմա նորից ձյուն, հա՞:

Դժգոհելով դուրս եկա տանից:

Մի երկու րոպե նայում էի, թե ինչքան ուժեղ էր ձյունը գալիս: Տեսա շանս, որ խաղում էր դրսում՝ թավալվելով ձյան մեջ: Միակ բանն էր, որի վրա այսօր ուրախացա: Կանչեցի մոտս, սիրեցի ու մի ցանկություն առաջացավ մոտս,  որ նրան ձյան հետ խաղալիս նկարեմ: Ու սկսվեցին մեր արկածները: Սկզբում նկարում էի նրան, հետո որոշեցի ծառերը նկարեմ, իսկ նա ձյունը հոտոտելով գալիս էր իմ հետևից: Երբ աշխուժությունս մի քիչ անցավ, նկատեցի, որ թրջվել եմ,  ու մազերիս վրայի ձյունը ջրի կաթիլների է վերածվել և երեսիցս թափվում է ներքև: Գնացինք տուն, տանը մայրս թեյ տվեց, խմեցի ու մտածեցի այսքանը գրելու մասին: Առանց ժամանակ կորցնելու՝ վերցրի թուղթ ու գրիչ և սկսեցի գրել:

Այսօր, ճիշտ է, ձյուն եկավ, բայց գարունը դեռ շարունակվում է, ու սա ընդամենը փոքրիկ խոչընդոտ է նրա համար: Ես գիտեմ՝ գարունը, որ իր հետ բերեց «գիժ» մարտ ամիսը, ավելի ուժեղ կգտնվի այս պայքարում: