serine harutyunyan

Ճամպրուկների մեջ կողպված ժպիտները

Անցնում են տարիները, ու մենք էլ այդ տարիների հետ քիչ-քիչ, կամա թե ակամա, սկսում ենք փոխվել: Երևի դեպի լավը, կամ, ի՞նչ իմանաս, գուցե և հակառակը: Փոխվում ենք այնքան արագ, որ թվում է, ամեն պահ, ամեն վայրկյան մենք փոխվում ենք: Փոխվում ենք ու հաճախ սկսում կարոտել մեր նախկին «ես»-ը: Երևի ամենից հաճախ մարդիկ իրենց մանկությունն ու դրա հետ կապված հիշողություններն են կարոտում, չէ՞: Մանկությունը, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ամենալուսավոր ու ամենաերջանիկ ժամանակաշրջանն է համարվում: Երբ ապրում ես անհոգ, երբ երջանիկ լինելու համար կոնֆետներն ու խաղալիքներն էլ բավական են: Հա՜, ու անգամ մանկության անբաժանելի մասը հանդիսացող, համենայն դեպս, մի միտք, որ հաստատ եղել է բոլորիս համար, կարոտում ենք՝ «Ուզում եմ շուտ մեծանալ»: Ու չասեք, որ դուք թեկուզ մի անգամ չեք մտածել այդ մասին, կամ ինքներդ ձեզ չեք տվել՝ «Ե՞րբ եմ մեծանալու, որ ինչ ուզեմ` անեմ» հարցը:

Ուզում ենք մեծանալ, որ ազատ լինենք, որ անենք այն, ինչ ուզում ենք: Ու երբեք, երբեք չենք մտածում, որ շուտ մեծանալու մեջ թերևս ոչ մի լավ բան էլ չկա: Մեծանում ենք, ու շա՜տ բաներ կարոտում, շա՜տ բաներ սկսում քի՜չ-քի՜չ հասկանալ:

Գիտե՞ք, ամենաշատն ինչն եմ կարոտում: Մանկությանս ժպիտներն եմ կարոտում: Հա՜, հա՜, մանկությանս ժպիտները, անկեղծ ու ավելի հաճախ հանդիպող ժպիտները: Մարդիկ ժպտում էին ինձ, իսկ ինձ թվում էր, թե աշխարհն իմն է, թվում էր, թե նրանք միշտ ու բոլորին են ժպտում, թե նրանք էլ ինձ նման անհոգ են, ու նրանց էլ երջանիկ լինելու համար միայն կոնֆետներ ու խաղալիքներ են պետք…

Չգիտեմ, իրականում դրանք անկե՞ղծ էին, թե՞ ոչ, բայց ինձ նման անհոգ մանուկին այդ ժպիտները լիովին անկեղծ էին թվում, այդ ժպիտներն իմն էին թվում, իմ ժպիտները: Փոխվեցին ժամանակները, փոխվեցի նաև ես, ու ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ ժպիտներն օր-օրի պակասում են, որ արդեն անկեղծ ժպիտներ հազվադեպ են հանդիպում:
Չգիտեմ, իմ մեծանալու արդյո՞ւնքն է, թե՞ իրոք մեր օրերում անկեղծ ժպիտների պակաս է զգացվում: Երևի երկուսն էլ… Քայլում եմ փողոցում ու հասկանում, որ միայն ժպիտները չէ, որ պակասել են: Մարդիկ, մարդիկ էլ այժմ առաջվանից ավելի քիչ են հանդիպում Կոթի գյուղիս փողոցներում: Մի մասը կողպել են տան դռներն ու հեռացել, միգուցե ժպիտնե՞րն էլկողպված են դռների նման… Կամ, գուցե հեռացողներն իրենց ժպիտների հետ ուրիշ ժպիտնե՞ր էլ հավաքել, դրել են ճամպրուկներում ու տարել իրենց հետ, չգիտեմ…

Միայն մի բան գիտեմ. մանկությանս ժպիտները պակասել են, հեռացել են ինձնից: Անհոգ օրերիս ժպտացող դեմքերն էլ չկան, գուցե գնացել են մի ուրիշ տեղ, ավելի անկեղծ ժպիտ փնտրելու: Երևի մի օր հետ կգան, իրենց հետ նորանոր ու անկեղծ ժպիտներ կբերեն, կբացեն կողպեքներն ու ազատություն կտան արդեն խունացած ժպիտներին… Երևի մի օր կգան, կժպտան նույն ժպիտով, ու ինձ էլի ժպիտներով լի մանկությունս կհիշեցնեն…

Կարոտում եմ մանկությանս ժպիտները… Այն ժպիտները, որ իմ ժպիտի պատճառն էին դառնում…