Anna Andreasyan

Ճանապարհին

Գյուղերում երթուղայինները, մեղմ ասած, այնքան էլ բարվոք վիճակում չեն: Վերջերս շատ եմ սկսել երթուղայիններին ուշադրություն դարձնել, որովհետև երթուղայինով եմ պարապմունքների գնում: Դրա համար էլ որոշեցի դրանցից պատմել: Սկսենք ճանապարհներից: Դե, երևի պատկերացնում ես գյուղերում ճանապարհների վիճակը: Մի րոպե չես կարողանում հանգիստ նստել անբարեկարգ ճանապարհների պատճառով: Իսկ երթուղայինների մասին էլ չխոսեմ: Բառիս բուն իմաստով՝ դուռն ընկնում է վրայից: Հավատդ չի գալիս, չէ՞: Իսկ մյուսի դուռը (երթուղայինները երկուսն են) այնքան քիչ է բացվում, որ մի կերպ ես անցնում: Օրը մեկ երթուղայիններից մեկը փչանում է, մյուսն էլ՝ միշտ ուշանում:

Հիմա պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը: Դրան գումարիր մշտապես ուղեկցող «բարձրաճաշակ» երաժշտությունը և երթուղայինի մի ծայրից մյուսը բարձր զրուցող մարդկանց:

Ճիշտ է, ես հիմա բողոքում եմ, բայց երթուղայիններն էլ իրենց տիպիկ հայկական համն ու հոտն ունեն: Երբ մարդիկ այնքան սրտացավ են, որ քեզ ստիպում են նստել՝ թեկուզ անհարմար դիրքով, երբ տեղ չկա, երբ ավելի լավ է՝ կանգնած մնաս: