Մակարի ծառը

Ծառ, որը գտնվում է Թրաքամի (թրի պես կտրող քամի) տանող ճանապարհին: Թրաքամին սար է, որտեղ գյուղի ժողովուրդը գարնանը քշում են անասունները այնտեղ պահելու: Սկսեմ պատմությունս:

Երեք գյուղացի անասունը քշում են սարերը: Գյուղից մինչև սարը ոտքով 6 ժամվա ճանապարհ է: Գյուղացիները, անցնելով  ճանապարհի կեսը, նստում են մի մեծ ծառի տակ` հանգստանալու: Նրանցից մեկի անունը Մակար է լինում, էն երկուսի անունները չգիտեմ: Պառկած ժամանակ ընկերներից մեկը հարց է տալիս մյուսներին.

-Տղերք, ի՞նչ կուզեիք ունենալ:

Այդ պահին մյուս ընկերը պատասխանում է.

-Կուզեի ունենալ բնակարան քաղաքում, որ էս անասուններից, էս ամեն ինչից պրծնեմ, իմ հըմար ընդի աշխատեմ, ապրեմ:

Պատասխանը լսելուց հետո Մակարը, որ երկուսից տարիքով մեծ էր, ասում է.

-Ես կուզեի` էս ծառի շվաքով մին նստած ոչխար ունենամ…

Ընկերները հարցնում են.

-Խի, չե՞ս ուզում քաղաք քու հըմար հանգիստ ապրիս:

Մակարը պատասխանում է.

-Չէ, ես քաղաք չեմ գնա, ինձ հըմար իմ հայրենի գեղից ու սարից լավ տեղ չկա:

Այդ ծառի շվաքի շառավիղը կլինի 45 մետր, և գրեթե 200 ոչխար նստած կտեղավորվեր: Այս զրույցից հետո մարդիկ ծառը անվանում են Մակարի ծառ: Եվ մարդիկ ասում են, որ Մակարը հետագայում ունեցել է  այդքան ոչխար:

2016/03/29