Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Մամուլի ազատությունը և մեդիա սպառողը

Մայիսի 3-ին մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում, և այդտեղ ավարտվեց մեր Սլովակիայի հագեցած մեկ շաբաթը։ Շաբաթ, որի ամբողջ ընթացքը նվիրված էր մեդիայի ազատության և մեդիագրագիտության խնդիրներին։ Եվ շաբաթ, որը մեզ համար ավարտվեց մայիսի 3-ին՝ մամուլի ազատության միջազգային օրը։

Ծրագրի ընթացքում կատարված քննարկումները, հետազոտական աշխատանքները բոլորիս ապացուցեցին, որ մամուլը շատ եզակի դեպքերում է իր իրական նպատակներին ծառայում, դա է՝ ճշմարտացի, անկախ և ոչ միակողմանի լրատվության տարածումը։ Բայց ավաղ, ներկա իրականության մեջ մեդիան ավելի հաճախ հանդես է գալիս որպես գործիք անհատների ձեռքերում, միջոց՝ մեծաքանակ դիտումների հաշվին գումար աշխատելու համար։ Այսօր գերակշռում են ոչ պրոֆեսիոնալ լրագրողները, որոնց գլխավոր նպատակը ավելի գրավիչ դեղին լրատվություն ստեղծելն է, իսկ պրոֆեսիոնալները դառնում են ամենատարբեր մանիպուլյացիոն եղանակներ կիրառելու վարպետներ։ Հեռուստաընկերություններից, հայտնի լրատվական կայքերից շատերը քաղաքական գործիչների են պատկանում, մի մասն էլ տարբեր կազմակերպությունների կողմից են ֆինանսավորվում, ինչը բերում է անկախ մամուլի իսպառ վերացմանը։

Չնայած նրան, որ Հայաստանում մինչ օրս լրատվության գլխավոր աղբյուրը, ըստ վիճակագրության, հեռուստատեսությունն է, Հեղափոխությունից հետո հեռուստատեսության նկատմամբ վստահությունը նվազեց, և ավելի առաջատար դիրքեր սկսեցին գրավել սոցիալական ցանցերը և էլեկտրոնային մեդիան։

Սլովակիայում իրականացրած հետազոտությունների արդյունքում մեր թիմը եկավ այն եզրահանգման, որ հայ ընթերցողների մեծամասնությունը աղմկալի վերնագրերով է առաջնորդվում՝ առանց խորանալու նյութի բովանդակության մեջ։ Այդ պատճառով սոցիալական ցանցերում կեղծ, վիրուսային նյութերը լույսի արագությամբ են տարածվում։ Ըստ իս, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրողություններից շատերը նույնպես այս կեղծ նյութերի արագ տարածման արդյունքն են։ Ինչքան հաճախ ենք մեր մամուլում հանդիպում «դուխով», «թավշյա հեղափոխություն», «շոկ», «աննախադեպ» և այլ նման վիրուսային բառերին, սրանք բոլորը միտված են նյութին ավելի ազդեցիկ երանգ հաղորդելուն։

Բայց այս ամենի մեջ շատ ավելի աղետալի է լրատվությունը կասկածի տակ չդնող ընթերցողը։ Հասարակությունը սիրում է ամեն ինչ սկուտեղի վրա ստանալ և երբեք չի ցանկանում լրացուցիչ ջանքեր գործադրել։ Օրինակ՝ քանի՞ անգամ եք ձեր սոցիալական ցանցերում կարդացած նյութի ճշմարտացիությունը փորձել ստուգել։ Կարծում եմ՝ ոչ այնքան հաճախ, ինչքան անհրաժեշտ է։

Լրատվությունը սխալ ընկալելու, այն ֆիլտրելու և անբովանդակ նյութերը տարածելու խնդիրների հիմքը բոլոր երկրներում էլ մեդիագրագիտության պակասն է։

Մեր օրերում շատ կարևոր է ճիշտ, գրագետ ընթերցողներ կրթելը։ Բայց ավաղ, այս խնդիրը մեր կառավարությունը նույնպես չի դիտարկում՝ առհասարակ չգնահատելով մանկապատանեկան մամուլի դերն ու արժեքը։ Վատ ընթերցողը երբեք լավ մամուլ չի պահանջի։ Կարծում եմ սա ձեռնտու է բոլոր այն իշխանություններին, որոնք ձգտում են բթացնել մարդկանց ուղեղները` հաղորդելով միայն այն ինֆորմացիան, որն իրենց է անհրաժեշտ։ Այդպես վարվել են միշտ և շարունակում են վարվել։

Հուսով եմ, որ մենք կունենանք գիտակից ապագա սերունդ, որը չի արժեզրկի մամուլը և այդ ոլորտի նվիրյալներին, իսկ մամուլի ազատության օրը ուղղակի օրացուցային օր չի լինի։