margarita ghazaryan

Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ

«Արհամարհանքը լավագույն զենքն է: Դու լռի՛ր, թող ինքն իր մեղքը հասկանա, իր նման մի՛ արա, դու ուրիշ ես», «Դու ամեն ինչ էլ կարող ես», «Նրա մեջ կեղծավորություն կա, ճիշտ մարդկանց հետ շփվիր», «Ազատ եղիր, ինչի՞ ես կոմպլեքսավորվում»…

Մայրս… Ամենից դժվարը ամենահարազատի մասին խոսելն է: Սովոր չեմ զգացածս արտահայտել, ասել, որ շատ եմ սիրում: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ եթե զգացածիդ մասին շատ խոսես, կարժեզրկես այն, ինչ կա քո ներսում:

Բոլորիս հոգու բաղադրության մեջ մեզ համար ամենաթանկ մարդիկ են, ու մենք յուրաքանչյուրից ինչ-որ բան վերցնում ենք մեզ համար, որը մինչև կյանքի վերջ մեզ հետ է լինում: Միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ումից ինչ եմ վերցրել, սովորել: Մեկը սովորեցրել է գնահատել, մյուսը՝ ազատ լինել, մեկ ուրիշը՝ ներել, սիրել, կենսուրախ լինել և այլն:

Բայց ամենից առաջ իմ ուսուցիչը եղել է մայրս: Նրա օգնությամբ եմ սովորել խոսել, իմ ամեն մի նոր, թեկուզ ոչ պարզ արտասանած բառով նրա դեմքին ժպիտ եմ նկարել, իսկ երբ մեծացա, նա ինձ սովորեցրեց ամենակարևորը՝ լռել: Ամենից բարդ բաներից մեկը հենց լռելն է, հատկապես, երբ ասելիք ունես, երբ դու ճիշտ ես, բայց չէ՞ որ երբեմն լռությունն ավելին է, քան հազարավոր խոսքերը, և իմ լռությունը շատ մարդկանց փոթորիկների հիմնական պատասխանը դարձավ: Ես լռել սովորեցի…

Երբ նոր էի սկսել քայլել, մայրս էր բռնում ձեռքերս, որ հանկարծ չընկնեմ, չվնասվեմ, և ես քայլել սովորեցի: Բայց նա չբավարարվեց այդքանով, ոտքերով ուղղակի տեղաշարժվելուց  բացի նա, էլի ձեռքս բռնած, սովորեցրեց քայլել կյանքում, առաջ շարժվել, հետ չնայել, միշտ գլուխս բարձր, հպարտ (չշփոթեք գոռոզության հետ), այո՛, մայրս սովորեցրել է լինել արժանապատիվ ու գիտակցել, թե ով եմ ես, ինչ եմ ներկայացնում ինձնից, սովորեցրել է երբեք չստորանալ, չնվաստանալ, բայց և սխալվելու դեպքում ընդունել սխալս, ուղղել, առաջ շարժվել: Ես սովորեցի այդ ամենը…

Մայրս իմ ներսում առաջ գնալու, մեծ հաջողություններ ունենալու, և ուղղակի լավ մարդ լինելու ձգտում է սերմանել:

Ընկերներիս հարցում անգամ մայրս ինձնից ավելի ճիշտ գտնվեց: Երբ ասում էր, որ ընկերներիցս մեկը մի փոքր կեղծավոր է, արդարացնում էի նրան, ժխտում մորս կասկածները, բայց ժամանակը ցույց տվեց, որ ես սխալվել եմ, իսկ մայրս՝ երբեք: Ու նույն սկզբունքով իմ իրական ընկերներին մայրս ընդունեց հենց սկզբից՝ հասկանալով, որ արդեն մեծացել եմ ու այլևս չեմ սխալվում ընկերների ընտրության հարցում:

Մայրս սովորեցրեց սովորել, բոլորից վերցնել միայն լավը, դրականը, լուսավորը: Ներսումս եղած դրականի համար հենց մորս եմ պարտական: Գիտե՞ք՝ պարտադիր չէ, որ մայրս ասի, թե որն է ճիշտը, բառացի սովորեցնի, նա ուղղակի ինձ համար օրինակ է դարձել, ու ես անգամ առանց նրա խոսքերի, հասկանում եմ, թե որն է ճիշտը՝ ըստ մորս:

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե արդյո՞ք ես արդարացրել եմ մորս սպասելիքները, արդյո՞ք ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին նա պատկերացրել է ինձ: Պատասխանը չգիտեմ, բայց կյանքիս գերնպատակը ծնողներիս չհիասթափեցնելն ու նրանց աչքերում հպարտություն տեսնելն է:

Շնորհակալ եմ, մա՛մ ջան, ուղղակի շնորհակալ եմ: Շնորհակալ եմ ինձ նվիրած կյանքի, սիրո, ջերմության համար, շնորհակալ եմ ամեն-ամեն ինչի համար: Ների՛ր ինձ, որ հաճախ բարկացնում եմ քեզ: Մա՛մ, ուզում եմ քեզ նման լինել, քեզ նման բարի ու համբերատար, հասկացող, մարդկանց ճանաչող, հոգատար…

Դեռ իմ փոքր հասակից ինձ ասում էիր, որ ուզում ես` մենք նաև ընկերներ լինենք: Ու այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ ոչ միայն իբրև մոր, այլ նաև լավագույն, ամենահավատարիմ ընկերոջ, կյանքի ուսուցչի, լավ խորհրդատուի և հարազատ հոգու…

Եթե անգամ հազար կյանք ունենայի, կուզեի ամեն անգամ ծնվել հենց նույն,  հարազատ իմ մորից:

Դու լավագույնն ես, աշխարհում իմ ամենա-ամենաթանկն ու հարազատը, մարդ, ով իսկապես ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ, ով միշտ է իմ կողքին, ով ինձ սիրում է աշխարհի ամենամաքուր ու անկեղծ սիրով:

Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ: