aneta baghdasaryan

Անծանոթ ուղեկիցներ

Ժամանակին, այն է 2,5 ամիս առաջ, Նելլին ինձ մի մարտահրավեր նետեց։ Ինձանից վստահ ասացի «вызов принят» ու հավեսով մոռացա դրա մասին մի երկու ամսով։ Մարտահրավերն ընդունողը պետք է գրեր այն մարդկանց մասին, ում չի ճանաչում, սակայն անհասկանալի պատճառներով հիշում է։ Դե ինչ, Նելլի, եկավ պարտքեր տալու ժամանակը (դրամատիկ երաժշտություն)։

Եթե լիներ մարդկանց անունները հիշելու մրցույթ, ես դրան նույնիսկ չէի էլ մասնակցի։ Շատ դժվար եմ մտապահում մարդկանց անունները։ Իսկ այ դեմքերը՝ ընդհակառակը։

Օրինակ՝ մինչև այսօր հիշում եմ այն պապիկի դեմքը, ով համերգասրահի հեռվում նստած նշումներ էր անում իր թերթկի վրա և որոշում իմ՝ հաջորդ փուլ անցնել կամ չանցնելը։ Ամեն անգամ ելույթի վերջում փորձել եմ գուշակել նրա որոշումը, գուցե կարդալ այն իր գրչի շարժումից կամ դեմքից։ Չի ստացվել։

Հիշում եմ նաև նույն համերգի հաղորդավարին, ով ամեն ոչ դաշնամուրային ելույթից առաջ դանդաղ իջեցնում էր ռոյալի կափարիչն ու նույն կերպ բարձրացնում, երբ բեմ էր բարձրանում դաշնակահարը։

Հիշում եմ ավտոբուսի այն վարորդին, ով երևի նույն օրն էլ մոռացավ ինձ ու իմ զարմացած դեմքը, երբ ես սխալմամբ մեկնեցի իրեն 50 դրամ 100-ի փոխարեն, իսկ նա ձեռքի թեթև շարժումով գլխիս գցեց այն։ Հիմա ամեն անգամ կանգառում վարորդին մետաղադրամ փոխանցելիս 5972 անգամ ստուգում եմ, որ ճիշտ լինի։ Աչքս, ավելի ճիշտ գլուխս, վախեցած է։

Հիշում եմ փարիզյան հեծանվորդի՝ օլիմպիական հանգստություն արտահայտող դեմքն ու ինձանից մեծ ուսապարկը, ով հազիվ հասցրեց արգելակել, երբ փողոց էի անցնում։ Առհասարակ սկսել եմ չսիրել հեծանվորդներին։ Միգուցե նրանից է, որ ինքս չեմ կարողանում նորմալ վարել հեծանիվ ու մի քիչ նախանձում եմ այդ հմտությանը տիրապետողներին։

Չմոռանանք նաև Վերնիսաժում վինիլային սկավառակներ վաճառող պապիկին, ով մեծ սիրով հանեց այն, ինչի համար գնացել էինք իր մոտ։ Կամ էլ այն կնոջը, ով ոչ մի պայմանով չէր ցանկանում հայերեն չխոսացող երկու երիտասարդի համար իջեցնել ջերմաչափի գինը։ Չեմ հիշում, վերջը էժանացրեց, թե ոչ։

Մանկապարտեզի մոտ ապրող տատի, եթե կարդում ես այս նյութը, կատուներիդ թող դուրս գան բակ, կարոտել եմ փափուկներին։ Ամեն անգամ դրսում քըս-քըս անելիս աչքի ծայրով նայում էի նրա պատուհանին տեսնելու`  նայո՞ւմ է արդյոք։

Դեռ չեմ մոռացել Բարեկամության կամրջի տակ նստած կնոջ այլայլված դեմքը, երբ մեր երթուղայինը խփեց մեկ այլ երթուղայինի, ու մենք մի կերպ դուրս հանեցինք նրան։ Երբեք վթարի մասնակից չեմ եղել, տեսել եմ միայն ֆիլմերում։ Այդ կինն ամենաշատն էր վախեցել և վնասվել։ Ոտքը չէր կարողանում շարժել։

Ի դեպ, ոտքի մասին․ հիշեցի նաև երաժշտական դպրոցի բակում կանգնած աղջկան, ով ամենաարագը վազեց դեպի ընկնող ինձ, որ օգնի բարձրանամ։ Դեմքիս գնդակով հարվածողին էլ եմ շատ լավ հիշում։

Ելույթից առաջ միշտ կուլիսներից նայում էինք, թե ով կա դահլիճում։ Դիլիջանի համերգասրահի բեմ բարձրանալուց առաջ էլ տեսա ամենասև աչքերն ունեցող տղային, ով բոլորից արագ էր քայլել ամենադիմացը նստելու համար և ուրախությունից ոտքերն օդում ճոճում էր։

Մետրոյում մի աղջիկ էի տեսել, կարծես գիտական ֆանտաստիկայի ժանրի գրքի հերոս լիներ։ Ուներ կարճ կարմիր մազեր, մեծ աչքեր և  երկար թարթիչներ։

Հիշում եմ նաև հաղթանդամ ու ինձնից երկու անգամ բոյով պարոնին, ով զբոսնում էր կոշիկից էլ փոքր շունիկի հետ։

Շենքի բակը մաքրող կնոջն էլ չեմ մոռացել, ով եկավ մեր տուն` դույլը ջուր լցնելու համար և ձեռքի հետ ուղարկեց ինձ «կոֆե դնելու»։

Մի պահ հիշենք նաև 13 համարի ավտոբուսում կողքս նստած երիտասարդին, ով ինձ հետ զուգահեռ կարդում էր իմ իսպաներենի տնայինը, հավանաբար չհասկանալով և ոչ մի բառ։ Իսկ եթե հասկանում էր, ապա այդպես էլ չիմացավ, թե ովքեր էին ժամանել դոն Խոսեի հյուրանոց։

Երբեք չեմ իմանա՝ ինչ ազգության էր նա, ով մեզ հետ միասին սպասում էր իր հերթին, և ում տատիկս Վրաստանի սահմանին տվեց մեր այգու թուզը` «կե՛ր, հոգնած ես» խոսքերով։ Չեմ մոռանա նաև, թե ինչպես նա թուզն առանց մաքրելու ուղղակի գցեց բերանը։

Հուսով եմ՝ Նելլին կընդունի այսքան ուշ կատարած խոստումս։ Եթե հիշեմ, էլի կգրեմ, անծանոթները շատ են։ Իսկ եթե արդեն ծանոթ ես, ապա կներես, բայց այս ցուցակում քո մասին էլ չեմ գրի։