sona zakaryan

Մայրիկիս դաշնամուրը

Ամեն անգամ Երևան գալիս և տատիկիս տան հյուրասենյակ մտնելիս տեսնում եմ մայրիկիս փոքրիկ դաշնամուրը։ Դաշնամուրի վրա իմ նկարն է՝ տատիկիս սիրելի նկարը ու մի գեղեցիկ,սիմվոլիկ արձանիկ։ Այդ դաշնամուրը կարծես հիշողությունների մի փոքրիկ արկղիկ լինի, հատկապես` մայրիկիս համար։ Ամեն անգամ դաշնամուրը տեսնելիս մայրիկիս աչքերը ուրախությունից փայլում են, նա կարծես միանգամից նետվում է դեպի դաշնամուրը ու նվագում մի գեղեցիկ մեղեդի։

Պահի տակ շփոթվում է, ինչ-որ բաներ մոռանում ու մեր անհամար հարցերին պատասխանում.

-Բալես, երկա՜ր ժամանակ է, ինչ չեմ նվագում, ի՜նչ արած։

19 տարի առաջ մայրիկս թողեց դաշնամուրը, պատշգամբը, վարդագույն Երևանը և ամուսնացավ հայրիկիս հետ՝ տեղափոխվելով գյուղ։

Երևի շատ բաներ կիսատ մնացին, որոշներն էլ գտնվեցին։

Քաղաքից գյուղ տեղափոխվելը, գյուղի բարքերին ու մարդկանց սովորելը բավականին դժվար է: Մայրիկս բավականին ուժեղ բնավորությամբ, հզոր կամքի տեր ու շատ կարեկից կին է։ Այս ամենը, իհարկե, չեմ ասում այն բանի համար, որ մայրս է, այլ որովհետև իրականում այդպես էլ կա։ Հանուն իր սիրո նա հաղթահարեց բոլոր դժվարություններն ու կյանքի հարվածները և պայքարեց։ Մինչև հիմա էլ հարցնում եմ.

-Մամ, ո՞նց ես կարողացել դիմանալ։

Նա միայն իր պայծառ աչքերով նայում է ինձ ու գլուխս համբուրում։

Մայրիկս ու հայրիկս հանդիպել են դեռևս այն ժամանակ, երբ հայրիկս ծառայում էր բանակում: Սիրահարվել են, ընկերություն արել ու ամուսնացել։

Շատ եմ սիրում, երբ ընտանեկան ալբոմներն ենք ուսումնասիրում, հատկապես` մայրիկի ու հայրիկի երիտասարդության ու հարսանիքի նկարները։ Ես ու եղբայրս սիրում ենք նրանց տարբեր հարցեր տալ, իսկ նրանք էլ միշտ կատակներով են պատասխանում և ուրախացնում մեզ։

Գյուղում կյանքը տարբեր է՝ հոգսերով լի, երբեմն շատ դժվար։ Մայրիկս քաղաք ուշ-ուշ է գալիս, հեռավորությունը բավականին մեծ է, իսկ տատիկս ու դաշնամուրը անընդհատ կարոտում են մայրիկին։

-Ախր, Լիլիթիս գալուն պես տունը լցվում է, աշխուժանում, իսկ ես ինձ ավելի լավ եմ զգում,- մտախոհ ասում է տատս։

Հնչում է դռան զանգը, մայրիկը հոգնած, բայց ժպիտը դեմքին մտնում է տուն։ Տունը լցվում է, դաշնամուրը` կենդանանում։

Մայրիկս մանկությունից մի շատ ծանոթ մեղեդի է նվագում, մեր սրտերը նույնպես լցվում են։

Մայրիկս արցունքոտ աչքերով նայում է ինձ, ժպտում ու շարունակում նվագել իր երկար տարիների լավագույն ընկերոջը։