Anush abrahamyan

Օձը հիշողության միջով

-Եթե կյանքս բաժանեի փուլերի, ապա դրանցից յուրաքանչյուրը որևէ կեդանու անուն կունենար: Ապրածս երեսունութ տարիների հիշողությունների միջով, սակայն, մերթընդմերթ սողում է օձը,- հերթական մի գյուղական երեկո, երբ հավաքվել էինք վառարանի կողքին, իր պատմությունն սկսեց Մարգարիտ մորաքույրը,- Մինչ այժմ, երբ արդեն մոռացել եմ խոտհարքի ճամփան ու քամուց քանդվող վրանի ճռռոցը, այնուամենայնիվ, դեռ չեմ մոռացել ինձ պատահած օձերի տեսակներն ու ձևը: Օձի ու մարդու բախումը վայրի բնության մեջ դրական ելք չի խոստանում:

Խմում է սեղանին դրված ջուրը, հայացքը թաքուն սահեցնում սեղանի շուրջ նստածների վրայով: Զգում եմ նրա` ինչ-որ բան դեռևս թաքցնող հայացքն ու ժպտում:

-Առաջին անգամ հորս հետ խոտհարք գնացի, երբ վեցերորդ դասարանում էի: Միշտ էլ այն վախը կար, թե անձրև կգա, ու դեպի սար տանող ոլորապտույտ ճանապարհը կփակվի, ուստի մայրս մեզ հետ մեկ ամսվա ուտելիք դրեց, չնայած մեկ շաբաթով էինք գնում: Երբ արդեն գյուղից շատ հեռու էինք ու անփորձանք անցել էինք օձանոցը, ես ու հայրս անմիջապես անցանք վրանը պատրաստելու գործին: Սարի քամին պակաս վտանգավոր չէ, դրա համար վրանը փորձում էինք հնարավորինս ամուր պատրաստել: «Պապ, իսկ վրանի շուրջ պարան չե՞նք փաթաթելու, ասում են` օձերը պարանից վախենում են»: «Չէ՛, մենք էլ օձերից չենք վախենում»:

Էսպես ինչքան էլ ասի, հորս չկարողացա համոզել, ու դրա հետ ես էլ մի քիչ սիրտ հավաքեցի. հերս չի վախենում, նշանակում է ոչ մի վտանգավոր բան չկա:

Էսպես սկսվեց մեր մեկ շաբաթվա խոտհարքը:

Առավոտը հայրս շուտ արթնացրեց, որ հետը տանի մոտակա աղբյուր` ճանապարհը իմանամ, մյուս անգամները ես ջուր բերելու գնամ: Ոչ մի անսովոր դեպք չպատահեց, իհարկե, ես չգիտեի, որ այդ ջրի գնալը առաջին ու վերջին անգամն է լինելու: Աղբյուրից վերադարձանք թե չէ, դաշտի բոլոր մարդիկ հավաքվեցին, բա պետք է գյուղ իջնենք, ընտրություն կա:

Հերս էլ ստիպված ինձ թողեց մենակ, հավաստիացրեց` մեկ ժամ չի տևի, կարգադրեց վրանից դուրս չգալ ու ինքը գնաց: Դեռ երկար նայում էի հորս հետևից: Քանի դեռ նրանք օձանոցը չէին անցել, ես դեռ համարձակ էի, այ, դրանից հետո իմ երեխայական ու տեղին տագնապներն սկսվեցին:

Վրանում մեկ ժամ սպասելուց հետո դուրս եկա, որ տեսնեմ` հայրս չի՞ երևում: Իմ դուրս գալու հետ մի կանաչ օձ, ինձնից մոտ մեկ մետր հեռավորության վրա, առվի միջից գլուխը բարձրացրեց: Մինչև հիմա մտքիցս չի ջնջվում նրա` գրեթե գլխին սվաղված դեմքն ու հաստությունը: Հենց էդ պահին էլ նկատեցի, որ հեռվում` գրեթե գյուղի գլխավերևում, սև ամպերը կայծակում են ու անձրև թափում: Արդեն պարզ էր, եթե անձրև ա, ոչ մեկն էլ չի կարող գալ: Մտա վրան ու վախից կուչ եկա մեջտեղում: Հայացքս անընդհատ շրջում էի այս ու այն կողմ` ասես սպասելով օձին: Քանի գնում էր, ավելի էր մթնում, դրա հետ քամին սկսում էր վրանը տեղից պոկել: Չգիտեմ` ինչ անեմ: Կարծես համոզված եմ, որ գյուղից շատ հեռու՝ բարձր ու վտանգավոր սարերում, լրիվ մենակ եմ: Վախն էդպիսին է, կարևոր չէ` մեծ, թե փոքր: Մտքիդ ամենասարսափելի անկյուններից քո երևակայությանը համապատասխան մի բան կբերի:

Վերջապես գլխի ընկա՝ հնարավոր չէ, որ բոլորը պարտաճանաչ կերպով գնային ընտրության` իրենց գործը թողած, պետք ա ուղղակի վրանից դուրս գամ և ուշադիր նայեմ մեզնից հեռու մյուս վրաններին (դրանք օձանոցի մյուս կողմում էին): Հազիվ հաղթահարելով վախս` զգույշ դուրս եկա վրանից ու համոզվելով, որ առվի միջի օձը հեռացել է, սկսեցի սրել տեսողությունս: Ես երևի էդ պահին աշխարհի ամենաուրախ վեցերորդ դասարանցին էի (չհաշված Սուրենին, որը օձին սատկացնելու անհաջող փորձից հետո ողջ էր մնացել), քանի որ մեկին նկատեցի: Իհարկե, հետո կպարզվի, որ քեռի Սևակն է եղել: Առանց մտածելու նետվեցի առաջ, ոտքերիս մեջ եղած ողջ ուժով իջնում էի ձորը, որ հասնեմ մյուս վրաններին, չնայած` օձանոցը դեռ առջևում էր: Այ, հիմա ժամանակը եկավ ասելու՝ վերջապես ի՞նչ է այդ օձանոցը: Այն մի ոլորապտույտ նեղ գետի էր նման, որն անցնում էր ձորի միջով: Այդ մասում հողը թաց էր, դրա համար խոտերը շատ բարձր էին աճում: Օձանոց էր կոչվում, քանի որ այդտեղ ամենաշատն էին ամեն տեսակի թունավոր, վտանգավոր օձերը:

Հասա օձանոցի մոտ ու կանգ առա: Երբեք չեմ անցնի ինձնից բարձր խոտերի միջով, այն էլ նման վտանգի դեպքում: Հետ նայեցի. վրանը մնացել էր հեռվում, ու հետզհետե մթնող օրը կարծես ավելի չարագուշակ էր դառնում: Հաստատ հետ էլ չէի դառնա: Սկսեցի վազել օձանոցի երկայնքով այնքան, որ մի առվի չափ տարածություն մնաց, բացի այդ` խոտերի կարճ լինելու շնորհիվ հնարավոր կլիներ ցատկել:

Առանց վարանելու ցատկեցի. նույնիսկ չէի նկատել, որ ոտքս դնում էի ուղիղ իր հանգիստը վայելող գյուրզայի գլխին:

-Ո՞ւ:

-Ու իմ վախից հենց օդում ոտքիս ուղղությունը փոխեցի: Իհարկե, բացի խոտերի միջով գլորվելուց ոչ մի վատ բան չպատահեց: Վերջապես հասա վրանների մոտ ու գլխիս եկածը պատմեցի քեռի Սևակին: Բնականաբար չասացի՝ ինչքան եմ վախեցել, դա ինքնըստինքյան հասկանալի էր: Շատ չանցած` հայրս մյուս բոլոր մարդկանց հետ, հակառակ վատ եղանակին ու սպասվող վտանգներին, եկավ: Սա առաջին օրն էր, բայց ոչ վերջին վախն ու արկածը, ի վերջո մենք դեռ վեց օր էլ այնտեղ էինք մնալու` շրջապատված ամեն տեսակի օձերով ու վտանգներով…