Աղվերանի մեդիա ճամբար. «Մանանա» երկնքի աստղերը

Ժամը 21:48 է: Սովորական գիշեր, սովորական 21:48… Բայց ինձ համար այս սովորական ամեն ինչը մի տեսակ տարօրինակ է թվում: Դնում եմ ականջակալներս ու ”Don’t let me down”-ի առաջին հնչյուններից հետո հասկանում եմ, թե ինչու է հատկապես այս գիշերն այսքան տարօրինակ թվում: Երեկ այս ժամին մենք բաց երկնքի տակ էինք՝ մի խումբ մարդիկ, ովքեր հավաքվել էին ամառային մեդիա  ճամբարում: Մենք պարում ենք, բայց շուտով ”Don’t let me down” երգը չգիտես ինչու ստիպում է մեզ պառկել խոնավ խոտերի մեջ ու նայել երկնքին: Նայում ենք երկնքին, անգամ երկինքն այսօր անսովոր աստղազարդ է:

-Էրեխեք, մտածում եմ՝ ո՞նց կարա աշխարհը էսքան սիրուն լինի:

-Ո՞նց կարա էս աշխարհը ընդհանրապես լինի,- լսում եմ Նարեկի ձայնը:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Կան պահեր, երբ խոսելու կարիք բոլորովին չկա, երբ ամեն ինչ արդեն ասված է լռությամբ: Նայում եմ ատղերին: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր աստղը երկնքում: Մեկը ավելի պայծառ ու անհանգիստ՝ Կարինեի նման, մյուսը՝լուռ ու համեստ լույսով, Մարինեի նման, աստղերից մեկը փոքր է ու նուրբ լույս ունի՝ Գայանեի աստղն է: Էս մեկը Սերյոժայի աստղն է՝ զուսպ ու հանդարտ լույսով, ահա Ժորայի աստղը, որն անմիջապես գրավում է ուշադրությունդ, ռիթմով պայծառանալով ու խավարելով: Քիչ այն կողմ Արմանի կրեատիվ աստղն է, էս մեկը Լուսինեի աստղն է՝ լուսավոր ու խուճուճ շողերով, Նարեկի աստղը լուռ է: Ես նայում եմ այդ աստղին ու վստահ եմ, որ այդ աստղի ներսում անսպառ լույս կա, որն անզեն աչքով տեսանելի չէ: 6 օր առաջ այս աստղերը հավաքվել էին այստեղ, որպեսզի իրենց լույսի առանձնահատկությունները փոխանցեն միմյանց:

-Հը՞, Սերյոժ, տխո՞ւր ես,- խախտում եմ ես լռությունը:

-Եսիմ, երևի…

Ու բոլորս էլ այդ հարցին կպատասխանեինք այդ անորոշ «եսիմ»-ով:

Վաղը ճամբարում հավաքված այս աստղերը կցրվեն՝ մի օր «Մանանա» երկնքում կրկին հանդիպելու ու միասին ավելի պայծառ վառվելու համար: