Մանկություն ունեմ թողած…

«…գյուղ էր` փոքր, աշխարհից  մի քիչ հեռու, բայց  ահավոր լավ էր։ Մանկություն ունեմ էնտեղ թողած….»

Պատերազմ… Ցավ ու ողբ ծնող այս չարիքը 44 օր կրակի մեջ էր պահում Հայոց աշխարհը, մարել էր հայ ընտանիքների օջախի ծուխը։ Մանկիկների լուսավոր, պայծառ մանկությունը մթացրել, սպանել իրենց մեջ աշխարհի հանդեպ ունեցած իրենց բարի ու մաքուր պատկերացումները։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտեր` ինչ է կատարվում Արցախում, Հայաստանում, բայց լռեցին, իսկ այդ լռությունը թույլ տվեց մատաղ անել մի ողջ սերունդ, մատղա՛շ սերունդ։ Չգիտեն, թե քանի երեխայի գունավոր մանկություն վերածվեց ռազմաճակատի, քանիսը իրենց մանկությունը թողած, զենք վերցրեցին, կռվեցին, քանիսը անմեղ զոհը դարձան այդ չարիքին…. Ինչ սխրանքներ գործեցին, ինչերի միջով անցան, ինչե՜ր տեսան ու ապրեցին… Ի՜նչ կյանք ունեցան:

Առ այսօր մեր շուրջն այնքան զրույցներ են պտտվում, անհավանական պատմություններ, թե չիմանայինք ինչ տեսակի պատերազմ է եղել մեր երկրում, չէինք հավատա: Հերոս են մեր տղերքը, հերո՛ս են, որ 44 «սև կյանք» ապրելուց հետո ժպտում են, ապրում են, ապրեցնո՛ւմ են…:

Ինքս շատ հերոսների հետ եմ զրուցել, լսել, հուզվել, ապշել, հպարտացել իրենց հերոսություններով: Հպարտացել, որ ունեմ հերոս եղբայրներ, ընկերներ: Շատ հաճախ ենք ընկերներով հավաքվում, զրուցում, հիշում այդ չարաբաստիկ օրերը, և շատ անգամներ անձամբ եմ թեման բացում, չէ՞ որ ամեն անգամ մի նոր բան ենք իմանում, բացահայտում, լսում. սա այն թեման չէ, որ միանգամից կպատմեն ամբողջությամբ ու մանրամասնորեն:

Հերթական հանդիպման ժամանակ ծանոթացա մեկի հետ, ում արտաքինից դատելով, կարծում էի  մի 23-24 տարեկան երիտասարդ է, բայց 17 տարեկան պատանի էր, ու  երբ կրկին անդրադարձանք պատերազմին, իմացա, որ նա Արցախից է ու  պատերազմի մասնակից: Փոքր ինչ դժվարությամբ, բայց նա էլ սկսեց պատմել իր պատմությունը: Անկեղծ պատանի էր, բարի, հանգիստ, ժպտերես, թվում էր իր կյանքում ամեն ինչ իդեալական էր, կյանքը եռում էր երակներում, բայց աչքերը… Գեղեցիկ աչքեր ուներ, մուգ կանաչ, բայց այդ գեղեցկությունը կարծես սպանում էր իր շուրջ տարածված կարմիրը, որն ավելի ու ավելի էր մգանում, երբ խոսում էր Արցախում կորցրած իր հողից, տնից, ջրից, կյանքից. դա իր վրեժն էր, որ մատնում էր հոգու ցավը, դատարկությունն ու բարկությունը: Բայց թե ինչպե՜ս էր խոսում իր տան մասին, մանկության, կորցրած շրջապատի. «Ճիշտ ա, գյուղ էր` փոքր, աշխարհից մի քիչ հեռու, բայց ահավոր լավ էր։ Մանկություն ունեմ էնտեղ թողած։ Շրջապատս մեծ էր։ Գյուղով իրար հետ «սպայկա» էինք, ում ինչ պետք էր, հարևաններով հասնում էինք, նույնիսկ ամենաչնչին բանին։ Սովորում էի դպրոցում, զուգահեռ` աշխատում։ Յոթ տարեկանից աշխատել եմ իմ հողում: Այգի եմ դրել, մեծացրել եմ, խնամել եմ։ Դա էր զբաղմունքս։ Այսքանը իմ մասին (ժպտում է)»…: Իր մասին չէր խոսում, համեստ էր, շատը ընտանիքի ու ապագայի մասին էր պատմում: Հայրիկին շատ վաղ տարիքում է կորցրել, կարելի է ասել նաև՝ վաղ տարիքում տունը կորցրեց: Ամեն բառի հետ հուզմունքս խեղդում էր ինձ, անասելի հպարտություն էի զգում, որ դեռ իր մեջ այդքան ուժ կա:

Սեպտեմբերի 27-ին իր առավոտը սկսվել է պատուհանների դղրդյունով ու մանկության նկարը «կորցնելով»:

«…Սովորական կիրակի էր: Որոշել էի մի քիչ շատ քնել, բայց 7:30 վեր կացա սենյակիս պատուհանի դղրդոցից, հետո պահարանիս վերևից նկարս ընկավ՝ մանկության»: Տարօրինակ զգացողություն ունեցա, կարծես նշան լիներ, որ անհոգ ու ուրախ օրերը ավարտված են»: Հարցրեցի՝ արդյո՞ք որևէ արտասովոր բան չի զգացել վերջին մի քանի օրերին: Հետաքրքիր էր, բայց նույն նման զգացողություն է նա ունեցել պատերազմի նախորդ օրը. «26-ին` ստանդարտ, մյուս օրերի պես, սովորական շաբաթ էր։ Դասի, հետո` տուն։ Երեկոյան ընկերոջս բակում էինք, երգելով, ուրախանալով, հայավարի «տժժալով» մեր խաղողի արաղն էինք քաշում։ Հետո գնացինք նռան այգին ջրեցինք։ Հետո հետ եկանք էլի իրենց բակ։ Մոտ մի երկու ժամ էլ մնացինք ու գնացինք տներով։ Սովորական օր էր, բայց արտասովոր ուրախ։ Ոնց որ զգայինք, որ վերջին օրն ա ազատության»:

Ընկա մտածմունքների մեջ: Ինչո՞ւ են միշտ վատ դեպքերի, իրադարձությունների նախորդ օրը մարդիկ սովորականից ավելի ուրախ օր ունենում: Որ թեթև ընդունե՞ն ցավը: Նույնը նաև մահվան վերաբերյալ. ինչպես ասում են` «Մեռնող մարդը զգում ա իր վերջին օրը»:

Կարճատև լռությունից հետո, մեջս ուժ հավաքեցի, հուզմունքս խեղդեցի իմ մեջ ու հարցրեցի, թե ինչպե՞ս հասկացավ, որ պատերազմ է, և ի՞նչ տեսավ շուրջը: Պատմեց, առաջին բանը, որ արել է, դուրս է եկել պատշգամբ, տատիկին հարցրել, թե ինչ ձայներ են: Տատն էլ  այգին հանգիստ մշակելիս է եղել, մտածելով՝ զորավարժություններ են անցկացնում, որովհետև հենց այդպես էլ պատասխանել է. «Երևի «ուչենիներ» են անում»: Տարօրինակ էր, միաժամանակ նաև կասկածելի, քանի որ զորավարժություններ առավոտ շուտ չեն անում, անելիս էլ նախապես  զգուշացնում են, որ ավելորդ խուճապ չսկսվի: Հենց այս մտքով էլ վճռել էր գնալ ձայների հետևից և հասկանալ, թե ինչ է կատարվում. «…Գնացի նույն գիշերվա ընկերոջս բակ. իր եղբայրը զինծառայող էր։ Ի դեպ, ընկերս իմ համադասարանցին էր, միասին էինք մեծացել։ Մտա իրենց բակ, տեսա իրա մաման ձեռները ծնկներին խբելով, դողալով ու լացելով ասում ա` «Տղե՜ս, տղես, տունս քանդվավ, տղես չկա, զանգում եմ` չկաա…»: Հասկացա, որ պատերազմ ա։ Հետո ընկերոջս հետ բարձրացանք բարձունքի վրա, որ նայենք` ինչ ա կատարվում սահմանին։ Սարի վրա էինք հելել։ Հելանք ու տեսանք ամբողջ Աղդամը փոշու մեջ կորած ա։ Աղդամում էլ յոթ հատ Հակաօդային պաշտպանության կայաններ ունեինք, յոթն էլ ավերված, յոթ ՀՕՊ-երն էլ հողին էին հավասար»: Մտածեցի` Աղդամից է, բայց ոչ, ասաց, որ «վերևի գյուղերից» է, չնշեց թե կոնկրետ որ գյուղից:  Շարունակեց, գնահատելով իրավիճակի լրջությունը, հասկացավ իրենց առջև ծառացած վտանգը, որոշեց ու հաստատակամ գնաց առաջ. «Հենց միանգամից հասկացա, որ եթե դրանք չկան, վերտալյոտների ու սամալյոտների ճամփեն բաց ա դեպի մեր գյուղ։ Երկար չմտածելով, տնեցիքին նստացրի ավտոն, հանեցի երկու գյուղ վերև, սարի հետևի գյուղը, որտեղ ավելի ապահով էր։ Ես հետ իջա գյուղ։ Տեսա արդեն կամավորական ջոկատներ են հավաքում գնան սահման, 20+ տարիքայինով։ Ուզեցի ես էլ գնամ, չթողեցին, մոտիկացա գյուղապետին` չթողեց։ Նստեցի ավտոն, որ գնամ, դեմս փակեցին… Ու երբ արդեն բոլորը «Ուրալի» մեջ էին, ես էլ թռա հետները։ Մեր մեծ ախպերներն էին, տարիքով, խնդրեցի վրես շոր քցեն ու մարդու չասեն, որ ես էլ եմ էդտեղ։ Էդ պահին նույն ընկերս իմանում ա, որ «Ուրալի» մեջ եմ, գալիս ա ինքն էլ ա մտնում մոտս, բա` «Կա՛մ իջնում ես, կա՛մ իրար հետ ենք գնում»: Իրար հետ գնացինք։ Հետո էլ չեմ ուզում հիշեմ»: Հուզմունքս չկարողացա զսպել այլևս, բաց թողեցի էմոցիաներս, ու զուգահեռ լսում, պապանձվում, 16 ամյակը օգոստոսին էր լրացել, երեխա էր դեռ, բայց մի ամիս հետո կյանքը տվեց նրան հերթական դառը հարվածը, ինչը հպարտորեն ընդունեց ու պատվով դուրս եկավ: Վեց օր ընտանիքի անդամներից թաքուն մասնակցել է  կռվին, վիրավորվել, վիրավորումից հետո ինքնուրույն գնացել Ստեփանակերտ ու ընկերների օգնությամբ տեղափոխվել Գորիս: Լռել են, ասել են`  «իբր փողոցում էր, ուղղակի ընկավ սնարյադը փողոցի վրա, ասկոլկեն կպավ ոտին…», հավատացել են ու մագնիսի օգնությամբ հանել։ Չի հիշում` ցավ զգացել է, թե ոչ, «Ես էդ ժամանակ տղեքին կորցնելուց բացի ուրիշ ցավ չէի զգում»: Ամբողջ ընթացքում ինձ մեկ հարց էր տանջում, ու չզսպելով ինձ, հարցրեցի. «Ի՞նչ էիք մտածում նման քայլ անելուց առաջ: Գնում էիք ի վերջո պատերազմ, ընտանիքի անդամներից էլ ոչ ոք տեղյակ չի եղել։ Իսկ որ Աստված չաներ, հետ չգայի՞ք»: Պատասխանը իմ մեջ սպանեց բոլոր տեսակի կարծրատիպերը նման տարիքում դժվարություններ ու ցավ ապրած մարդկանց դիրքորոշման ու մտածելակերպի վերաբերյալ. «Չեմ մտածել դրա մասին։ Ես մտածել եմ, եթե գնամ, նենց կլինի, որ իմ մի գնալը կարա նենց «եղանակ փոխի», որ մի քանի հոգի մտածի, որ կարա գնա ու «եղանակ փոխի»… Տենց մի քանի-մի քանի կգա, մի եքա մարդ կկանգնի, տենց էս պատերազմը չէինք պարտվի»: Մտածելակերպ: Խենթանալ կարելի է: Նման տարիքում, նման իրավիճակում մտածել այդպես ու գործել այդպես… Դե իհարկե, եթե շատերը մտածեին այսպես, միգուցե ամեն ինչ այլ կլիներ, այլ ավարտ կունենար… Բայց չմտածեցին… Քչերը մտածեցին, քչերից՝ քչերը համարձակվեցին մեկնել ռազմաճակատ, բայց շատերը որոշեցին լքել իրենց դիրքը, տունը… Շատերը ոչինչ չարեցին, բայց մեղադրեցին բոլորիս:

Զրույցը երկար տևեց: Մթնոլորտը տխուր էր, բայց նաև հետաքրքիր, գերակշռում էր մոտիվացիոն արտահայտությունները, ֆանտաստիկ մտքերը, գաղափարները: Ողջ խոսակցության ընթացքում հասկացա մեկ բան. կյանքը ուրախ մարդկանց չի սիրում: Միևնույն է, մեծ է, թե փոքր, կին թե տղամարդ, մեր ամենախիստ, դաժան դպրոցն է, հետաքրքիր, ցավոտ, արկածներով ու փորձություններով լեցուն, որում ոչ մեկս ապահովագրված չենք: Ամեն ինչ մերն է, բոլորինս, ու մենք պարտավոր ենք հպարտորեն ընդունել ամեն հարվածը՝ դառը թե քաղցր, ուրախ թե տխուր… Ու պատվով դուրս գալ: Մեր հերոսների կերտած պատմությունները մեզ օրինակ: Ամեն իրավիճակում մենք մի նոր բան ենք սովորում, մեզ այլ կերպ ենք դրսևորում, մի նոր բան փոխում մեր կյանքում, ինչպես իմ այսօրվա պատմության հերոսի: Հարցին, թե ի՞նչ փոխեց իր մեջ պատերազմը, պատասխանեց. «Ավելի հեշտ կլինի` ի՞նչ չփոխեց… Էնքան բան փոխեց… Մենակ աշխարհայացքը հերիք ա (ժպտում է)»:

Սխալ ենք ապրում, ինչ խոսք: Չենք գնահատում մեզ ընձեռնված ամեն օրը, ամեն րոպեն… Վստահ եմ, որ բոլորիս մեջ էլ պատերազմը մի ինչ որ բան փոխել է. մեր պատկերացումները կյանքի հանդեպ, մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ, մեր արժեհամակարգը….Պետք է սիրե՛նք կյանքը, ապրե՛նք ու արարե՛նք, ստեղծե՛նք, հզորացնե՛նք մերը… Կյանքը շատ կարճ է, ու լի անակնկալներով: Գնահատե՛նք այն, ինչ ունենք: