Մարդասիրությունը վեհ առաքելություն է, ամեն մեկն այն իր մեջ պետք է կրի

Աշխարհում կյանքը շարունակվում է ընթանալ իր հունով, իսկ Արցախը շարունակվում է մնալ լիակատար շրջափակման մեջ։

Պատերազմն Արցախում արդեն երկու տարի է, ինչ ավարտվել է, բայց դա միայն՝ առերևույթ: Իրականում  այն չի ավարտվել: Նրա ուրվականը թափառում է քաղաքների ու գյուղերի փողոցներով, քմծիծաղում է ի տես խանութների դատարկ ցուցափեղկերի ու դարակների: Այն անկոչ հյուրի պես մտնում է ամեն տուն, նստում սեղանների շուրջ և սառնություն մտցնում արցախյան ջերմ ու սիրառատ օջախներում, տագնապի շղարշով պատում նրանց հանդարտ ու խաղաղ երեկոները։ Պատերազմը խաթարում է ոչ միայն մեծերի կյանքը, այլև տխուր երանգներ է ավելացնում  մանկական երփներանգ աշխարհում:

Ես ծնվել, մեծացել և ապրում եմ Արցախում: Իմ ինքնության արմատները խորը ներթափանցված են  այս հողում, որը տասնամյակներ շարունակ ոռոգվել է հայ զինվորի՝ մեր հայրերի ու եղբայրների արյամբ,  նաև՝ նրանց արդար քրտինքով։ Եվ սա լոկ հող չէ ինձ համար, այլ Հայրենիք՝ սուրբ և անփոխարինելի:

Իմ երազանքներն իմ հայրենիքում պիտի իրականություն դառնային, քանի որ միայն նրա հետ էին  կապված: Սակայն  իմ հայրենիքն այսօր վիրավոր է։ 44-օրյա աղետալի պատերազմից ստացած վերքերը ոչ մի կերպ չեն ամոքվում, դրանք օրեցօր ավելի են խորանում և արնաքամ անում։ Այսօր իմ երկիրը նման է վանդակում փակված վիրավոր արծվի, որին ոչ ոք չի բուժում, չի օգնում՝ իր ճախրանքը վերագտնելու:

Մենք  միայն մեր երկրում  ենք մեզ իրապես երջանիկ զգում, մեր հողի վրա ենք միայն հաստատուն կանգնում և ներքին անսպառ ուժ զգում՝ ցանկացած դժվարություն հաղթահարելու:

Հայրենիք ունենալը, հայրենիքում ապրելն ու արարելը ի վերուստ տրված պարգև է, և դժբախտ է այն մարդը, ով հայրենիք չունի կամ չի զգում նրա արժեքը:

Միգուցե 21-րդ դարում ապրող իմ տարեկիցների համար  տարօրինակ է հնչում, որ ես, ինչպես և իմ հազարավոր հայրենակիցները, չենք ցանկանում ապրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Իտալիայում, չենք  ուզում  վայելել Լաս Վեգասի շքեղությունը, հիանալ Էյֆելյան աշտարակով կամ զգալ Վենետիկի հմայքը: Մենք այդ մասին գուցե երազում էինք մինչև ճակատագրի՝ մեզ մատուցած տհաճ անակնկալը և, գուցե, մեր երազանքները չփոխեին իրենց հասցեներն ու բովանդակությունը: Սակայն պատերազմի ուրվականը մեզ նույնպես հետապնդում է, խլում մեզնից մեր երազանքները, դրանք իրականություն դարձնելու մեր ձգտումներն ու…  Այսօր Արցախում բոլորը մի երազանք ունեն միայն՝ ապրել խաղաղության մեջ։

2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հարազատներին, մեր ընկերներին, մեզ համար թանկ ու սիրելի մարդկանց։ Մենք կորցրինք մեր հայրենիքի 75 տոկոսը, բայց մնացած 25 տոկոսում ապրելու ցանկությունը՝ բնավ: Այն հայկական պահելը դարձել է մեր գերնպատակը։

Տարօրինակ է Աստծո արարչագործությունը՝ մարդը, ինչպե՞ս կարող է լինել այդքան ստեղծագործ ու կենսատու, միաժամանակ նաև ավերող ու մահ սփռող: Արցախը և նրա հարևանությամբ ապրող թշնամին ներկայացնում են կյանքի երկու, բոլորովին հակադիր բևեռներ։ Մեզ խորթ է ավերողների և ցեղասպանների բնույթը։

Աշխարհում յուրաքանչյուր ոք ունի ազատ ապրելու իրավունք։ Սակայն այսօր անտեսվում և ոտնահարվում են իմ և իմ հայրենակիցների այդ իրավունքը։ Մենք գտնվում ենք մեր թշնամիների կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախը կտրված է արտաքին աշխարհից: Սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մանկահասակ, երիտասարդ ու տարեց հիվանդները զրկված են Արցախից դուրս բուժում ստանալու հնարավորությունից։ Այս պատճառով արդեն գրանցվել է մեկ մահվան դեպք։

21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առաջ այսպես կոպտորեն  ոտնահարվում են մարդու  հիմնարար իրավունքները, բայց միջազգային հանրության կողմից լիակատար լռությունը շարունակվում է։

Մի խումբ հանցագործներ, իրենց անվանելով բնապահպաններ, ինչպե՞ս  կարող են որոշել Արցախում ապրող 120 հազար մարդու ապագան։ Իրենց ժողովրդավար անվանողների այն կարգախոսը, թե իբր մարդը գերագույն արժեք է, վաղուց կորցրել է իր իմաստը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի և իրեն  աջակցող այլ երկրների օգնությամբ մահվան է տարել սերունդների, տեղահանել և հայրենազրկել տասնյակ  հազարավոր մարդկանց։ Այսօր էլ նրանք շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ ուղղված արցախահայությանը հայրենի հողից և ապրելու իրավունքից զրկելուն:

Աշխարհում  այս օրերին  միլիոնավոր երեխաներ սպասում են ամանորյա հրաշքին, որն իր հետ խնդություն և ցանկալի նվերներ է բերում, իսկ արցախցի մանուկների համար  այդ տոնական սպասված հրաշքը միայն Արցախը մայր Հայաստանի հետ կապող ճանապարհի բացումն է, որովհետև նրանց մի մասն այսօր հեռու է ծնողներից հենց այդ պատճառով:

Ես չեմ ուզում պատերազմ լինի, և նորից կրկնվի այն արհավիրքը, ինչ եղավ: Ես  չեմ ուզում, որ զավակները հայրերին միայն նկարներից ճանաչեն կամ նրանց երկնքում փայլող աստղերի մեջ որոնեն: Բայց ես ուզում եմ, որ բոլորն ապրեն և արարեն իրենց հայրենիքում, և ոչ ոք հայրենի տան կարոտ չզգա, բոլոր ճանապարհները միայն դեպի տուն տանեն:

Ես իմ ձայնն եմ միացնում  աշխարհի խաղաղասեր մարդկանց ձայնին, դադարեք ձևացնել, թե դուք մեզ չեք  ճանաչում, չեք տեսնում, չեք լսում, թե մենք չկանք:

Մարդասիրությունը վեհ առաքելություն է, ամեն մեկն այն իր մեջ պետք է կրի: