Վահագն Խաչատրյանի բոլոր հրապարակումները

44…

44-րդ օր։ Լրացել է հերթական 44-օրդ օրը, և մեր՝ արցախցիներիս հոգում կրկին ամեն ինչ տակնուվրա է լինում։

Չարաբաստիկ այդ թիվը ոչ մի լավ հիշողություն չի բերում իր հետ։ Մեզ մոտ դեժավյու է։

44-օրյա պատերազմից 2 տարի անց Արցախը վերապրում է հերթական պատերազմական 44-րդ օրը։

Այո, այս շրջափակումը ևս պատերազմ է՝ ուղղված Արցախում էթնիկ զտումներ և ցեղասպանության իրականացման։

2020թ․ պատերազմի 44-րդ օրը հազարավոր անմեղ երիտասարդների կյանքի հետ միասին կանգ առավ նաև ողջ մնացածների կյանքը, նրանց երազանքների հետ միասին կործանվեցին բոլորի երազանքներն, ու անդունդի եզրին հայտնվեց մեր պետությունը։

Սրտի ֆիզիոլոգիական զարկերն ու ինքնաբերաբար շնչելն ու արտաշնչելը ստիպեցին հազարավոր արցախցիների առերեսվել իրականության հետ, ու չնայած խելագարության հասցնող իրականությանը՝ շարունակել ապրել իրենց որդիների արյամբ սրբացած, ամեն տեղից բզկտված Արցախի մի բուռ հողի վրա, որտեղ հանգչում են իրենց որդիներն ու պաշտպանել այն։

Շրջափակման 44-րդ օրը շատ ցուրտ է Արցախում։ Սառնություն է փչում ամեն տեղից՝ անցորդների դեմքերից, խանութների դատարկ ցուցափեղկերից, մեքենաների շարժից դատարկված փողոցներից, փակված դպրոցներից, մոմի թույլ լույսով լուսավորված տների կիսամութ պատուհաններից։

Իմ տան պատուհանից երևում է դեպի Շուշի տանող ճանապարհը, իսկ ներքևում՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատունը։ Իմ տան պատուհանից այն կողմ խավարն է իջնում քաղաքի վրա՝ Եղբայրականի խոսուն լռությունն ավելի ամբողջացնելով, իսկ հեռվում՝ հորիզոնի լազուրին միախառնվում են Շուշիից այն կողմ, կորսված լեռների ձյունաճերմակ գագաթները։

Միացվում են բերդաքաղաքի լույսերը, անջատվում է մայրաքաղաքի լույսերը, ու լուսազուրկ փողոցներով սկսում է սուլել ձմռան սառը քամին, որն, ով գիտե, գուցե իջել է այն լեռների գագաթներից, որոնք միաձուլվել էին հորիզոնի հետ, շոյելով Ղազանչեցոցի քրիստոնեական աղոթքներից զրկված սրբատաշ պատերն ու հպվելով Շուշիի անառիկ պարիսպներին։

Անտարբեր աշխարհի ու հայրենակցիդ սառնությունից առավել հաճելի է այդ սառը քամին, որի մեջ այնքան կարոտ կա, որը հարվածում է դեմքիդ՝ չթողնելով, որպեսզի խավարում կորչող քաղաքի հետ միասին մթագնի նաև միտքդ, կորչի հավատքդ, ու մարի հույսդ։

Քաղաքի մթության մեջ աչքերիս առաջ հայտնվում են պատմությունները՝ 90-ականների շրջափակման, սովի,պատերազմի, ուսանողական տարիների մասին, որոնք պատմել են տատիկս և մայրս, երբ փոքր էի, և որոնք կարծես արտացոլվում են այսօրվա մեր իրականության մեջ։

Տատս 3 պատերազմ է տեսել և երևի կյանքի դառը փորձից էր, որ միշտ պնդում էր՝ տանը միշտ ալյուրի, շաքարավազի, ձեթի անհրաժեշտ պաշարներն ունենայինք, իսկ մայրս պատմում էր, թե ինչպես տասնյակ կիլոմետրեր էր քայլում դասի հասնելու համար, հոսանքի միացման ժամանակ միաժամանակ բոլորը փորձում էին ճաշ պատրաստել, իսկ համակարգը չէր դիմանում և նորից անջատվում էր, կամ ինչպես էին ժամերով կտրոնները ձեռքներին հերթ կանգնում՝ 1 հաց ստանալու համար։

Շրջափակման 44-րդ օրն Արցախում չկան մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ։ Վերջացել է պարենամթերքը, դեղորայքը, չկա վառելանյութ, չի հերիքում էլեկտրականությունը, փակված են դպրոցները, հասարակական տրանսպորտը ծանրաբեռնվածությամբ է աշխատում, դժվարացել է կապը Ստեփանակերտի և շրջանների միջև։ Մարդիկ շարունակում են պահել իրենց գոյությունը միայն շաքարավազով, ձեթով, մակարոնեղենով, հնդկաձավարով և բրնձով, որի համար նրանց հատկացվում են կտրոններ, իսկ սննդակարգից բացակայում են վիտամիններով հարուստ ուտելիքները՝ մրգերն ու բանջարեղենը։

Խանութներում հազվադեպ է այս 5-յակից դուրս որևէ ապրանք հայտնվում, դրա մասին կարելի է կռահել խանութների դիմաց առաջացած երկար հերթերից։

Շատ հաճախ դասի կամ աշխատանքի պետք է հասնես ոտքով, որովհետև մեքենաների համար վառելիք չկա, իսկ եթե բախտդ բերի, և հասարակական տրանսպորտում ազատ տեղ գտնես, կարող ես ուրախությամբ անգամ մեկ ոտքի վրա կանգնած հասնել ուզածդ վայր։

Չի հերքիում նաև էլեկտրականությունը․ արդեն լույս չենք ունենում օրեկան 6 ժամ։ Երեխաները ստիպված են լինում մոմի լույսի տակ սովորել իրենց դասերը, գիրք կարդալ․ ինչպես 90-ականներին, սակայն խանութներում նաև արդեն մոմ գտնելն է անհնար։

Բանկերից գումար հանելու համար պետք է ևս հերթ կանգնես, եթե բախտը ժպտա քեզ, և գումարը չվերջանա, կկարողանաս 50 000 դրամ ստանալ։ Հետո հերթ կանգնես խանութում, հետո հերթ կանգնես կաթնամթերք ձեռք բերելու համար, հետո ձու ձեռք բերելու համար, հետո ծխախոտ ձեռք բերելու համար, դե իսկ հիգիենայի պարագաներ գտնելու համար  պետք է ամբողջ օրը շրջել քաղաքի խանութներում և ոչինչ չգտնել։

Շրջափակման դժվարություններն արցախցիների մոտ մեծացրել են են միմյանց կարեկցելու, օգնելու պատրաստակամությունը։ Արցախում հայտնի ֆեյսբուքյան «Ինձ պետք է այս ինչ բանը» խմբում հաճախ են մարդիկ փնտրում իրենց անհրաժեշտ ապրանքները, սակայն այդ բոլոր «պետք է»-ների մեջ ամենացավալին դա երեխաների մայրիկների կողմից արվող փոստերն են: Պատկերացրեք, ձեր երեխան խռովում է ձեզանից ու չի խոսում ձեզ հետ, որովհետև նրա համար չեք կարողանում ապահովել քաղցրավենիք, պատկերացրի՞ք, կամ ձեր երեխան հեռուստացույցով բանան է տեսնում և սկսում լացել, իսկ դուք չեք կարողանում նրա համար բանան գտնել, պատկերացրի՞ք։ Չեմ կարծում․․․

Շրջափակման 44-րդ օրն Արցախում պինդ ենք, ամուր, հույսի սպասումով…

Մարդասիրությունը վեհ առաքելություն է, ամեն մեկն այն իր մեջ պետք է կրի

Աշխարհում կյանքը շարունակվում է ընթանալ իր հունով, իսկ Արցախը շարունակվում է մնալ լիակատար շրջափակման մեջ։

Պատերազմն Արցախում արդեն երկու տարի է, ինչ ավարտվել է, բայց դա միայն՝ առերևույթ: Իրականում  այն չի ավարտվել: Նրա ուրվականը թափառում է քաղաքների ու գյուղերի փողոցներով, քմծիծաղում է ի տես խանութների դատարկ ցուցափեղկերի ու դարակների: Այն անկոչ հյուրի պես մտնում է ամեն տուն, նստում սեղանների շուրջ և սառնություն մտցնում արցախյան ջերմ ու սիրառատ օջախներում, տագնապի շղարշով պատում նրանց հանդարտ ու խաղաղ երեկոները։ Պատերազմը խաթարում է ոչ միայն մեծերի կյանքը, այլև տխուր երանգներ է ավելացնում  մանկական երփներանգ աշխարհում:

Ես ծնվել, մեծացել և ապրում եմ Արցախում: Իմ ինքնության արմատները խորը ներթափանցված են  այս հողում, որը տասնամյակներ շարունակ ոռոգվել է հայ զինվորի՝ մեր հայրերի ու եղբայրների արյամբ,  նաև՝ նրանց արդար քրտինքով։ Եվ սա լոկ հող չէ ինձ համար, այլ Հայրենիք՝ սուրբ և անփոխարինելի:

Իմ երազանքներն իմ հայրենիքում պիտի իրականություն դառնային, քանի որ միայն նրա հետ էին  կապված: Սակայն  իմ հայրենիքն այսօր վիրավոր է։ 44-օրյա աղետալի պատերազմից ստացած վերքերը ոչ մի կերպ չեն ամոքվում, դրանք օրեցօր ավելի են խորանում և արնաքամ անում։ Այսօր իմ երկիրը նման է վանդակում փակված վիրավոր արծվի, որին ոչ ոք չի բուժում, չի օգնում՝ իր ճախրանքը վերագտնելու:

Մենք  միայն մեր երկրում  ենք մեզ իրապես երջանիկ զգում, մեր հողի վրա ենք միայն հաստատուն կանգնում և ներքին անսպառ ուժ զգում՝ ցանկացած դժվարություն հաղթահարելու:

Հայրենիք ունենալը, հայրենիքում ապրելն ու արարելը ի վերուստ տրված պարգև է, և դժբախտ է այն մարդը, ով հայրենիք չունի կամ չի զգում նրա արժեքը:

Միգուցե 21-րդ դարում ապրող իմ տարեկիցների համար  տարօրինակ է հնչում, որ ես, ինչպես և իմ հազարավոր հայրենակիցները, չենք ցանկանում ապրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Իտալիայում, չենք  ուզում  վայելել Լաս Վեգասի շքեղությունը, հիանալ Էյֆելյան աշտարակով կամ զգալ Վենետիկի հմայքը: Մենք այդ մասին գուցե երազում էինք մինչև ճակատագրի՝ մեզ մատուցած տհաճ անակնկալը և, գուցե, մեր երազանքները չփոխեին իրենց հասցեներն ու բովանդակությունը: Սակայն պատերազմի ուրվականը մեզ նույնպես հետապնդում է, խլում մեզնից մեր երազանքները, դրանք իրականություն դարձնելու մեր ձգտումներն ու…  Այսօր Արցախում բոլորը մի երազանք ունեն միայն՝ ապրել խաղաղության մեջ։

2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր հարազատներին, մեր ընկերներին, մեզ համար թանկ ու սիրելի մարդկանց։ Մենք կորցրինք մեր հայրենիքի 75 տոկոսը, բայց մնացած 25 տոկոսում ապրելու ցանկությունը՝ բնավ: Այն հայկական պահելը դարձել է մեր գերնպատակը։

Տարօրինակ է Աստծո արարչագործությունը՝ մարդը, ինչպե՞ս կարող է լինել այդքան ստեղծագործ ու կենսատու, միաժամանակ նաև ավերող ու մահ սփռող: Արցախը և նրա հարևանությամբ ապրող թշնամին ներկայացնում են կյանքի երկու, բոլորովին հակադիր բևեռներ։ Մեզ խորթ է ավերողների և ցեղասպանների բնույթը։

Աշխարհում յուրաքանչյուր ոք ունի ազատ ապրելու իրավունք։ Սակայն այսօր անտեսվում և ոտնահարվում են իմ և իմ հայրենակիցների այդ իրավունքը։ Մենք գտնվում ենք մեր թշնամիների կողմից լիակատար շրջափակման մեջ։ Արցախը կտրված է արտաքին աշխարհից: Սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մանկահասակ, երիտասարդ ու տարեց հիվանդները զրկված են Արցախից դուրս բուժում ստանալու հնարավորությունից։ Այս պատճառով արդեն գրանցվել է մեկ մահվան դեպք։

21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի առաջ այսպես կոպտորեն  ոտնահարվում են մարդու  հիմնարար իրավունքները, բայց միջազգային հանրության կողմից լիակատար լռությունը շարունակվում է։

Մի խումբ հանցագործներ, իրենց անվանելով բնապահպաններ, ինչպե՞ս  կարող են որոշել Արցախում ապրող 120 հազար մարդու ապագան։ Իրենց ժողովրդավար անվանողների այն կարգախոսը, թե իբր մարդը գերագույն արժեք է, վաղուց կորցրել է իր իմաստը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի և իրեն  աջակցող այլ երկրների օգնությամբ մահվան է տարել սերունդների, տեղահանել և հայրենազրկել տասնյակ  հազարավոր մարդկանց։ Այսօր էլ նրանք շարունակում են իրենց հանցավոր գործողությունները՝ ուղղված արցախահայությանը հայրենի հողից և ապրելու իրավունքից զրկելուն:

Աշխարհում  այս օրերին  միլիոնավոր երեխաներ սպասում են ամանորյա հրաշքին, որն իր հետ խնդություն և ցանկալի նվերներ է բերում, իսկ արցախցի մանուկների համար  այդ տոնական սպասված հրաշքը միայն Արցախը մայր Հայաստանի հետ կապող ճանապարհի բացումն է, որովհետև նրանց մի մասն այսօր հեռու է ծնողներից հենց այդ պատճառով:

Ես չեմ ուզում պատերազմ լինի, և նորից կրկնվի այն արհավիրքը, ինչ եղավ: Ես  չեմ ուզում, որ զավակները հայրերին միայն նկարներից ճանաչեն կամ նրանց երկնքում փայլող աստղերի մեջ որոնեն: Բայց ես ուզում եմ, որ բոլորն ապրեն և արարեն իրենց հայրենիքում, և ոչ ոք հայրենի տան կարոտ չզգա, բոլոր ճանապարհները միայն դեպի տուն տանեն:

Ես իմ ձայնն եմ միացնում  աշխարհի խաղաղասեր մարդկանց ձայնին, դադարեք ձևացնել, թե դուք մեզ չեք  ճանաչում, չեք տեսնում, չեք լսում, թե մենք չկանք:

Մարդասիրությունը վեհ առաքելություն է, ամեն մեկն այն իր մեջ պետք է կրի:

Vahagn Khachatryan

Երեկ կարող էինք, իսկ այսօ՞ր

Երջանիկ ազգ ենք…

Համենայն դեպս, այդպես ասում են միջազգային փորձագետները։

Զարգացել ենք…

Սա նույնպես միջազգային փորձագետների գնահատականի համաձայն։ Դե, ժողովրդավարությունից չխոսենք անգամ, տարածաշրջանում առաջատար ենք այդ առումով։ Իհարկե, ինչպե՞ս կարող ենք չհամաձայնել, երբ ինքներս ենք քաղում այդ հաղթանակի պտուղները. չէ՞ որ վերջապես կարողացանք յուրացնել եվրոպական, արևմտյան արժեհամակարգերը` մեր մեջ խեղդելով «ավանդական հետամնացությունը»։

Վերջապես խոսքի ազատություն ենք ստացել, կարող ենք ասել և անել այն, ինչ մենք ենք ուզում, մտածել` միայն մեր մասին։

Հետաքրքիր ազգ ենք…

Երեկ կարող էինք ոչնչից պետություն կերտել, իսկ այսօր եղած պետությունը քանդել, կամ էլ՝ քանդմանն ականատես լինել, լինել անտարբեր: Պարզապես լինել…

Երեկ կարող էինք երկրպագել անկախություն կերտած հերոսներին, իսկ այսօր ուրանալ նրանց վաստակն ու մեզ համար կեղծ հերոսներ հորինել՝ քաջնազարանման։

Երեկ կարողացանք փրկվել Դեր-Զորի շիկացած ավազներից, իսկ այսօր գլուխներս ենք պարզել թուրքի յաթաղանին։

Երեկ մտավորականը կարող էր մի խոսքով անգամ փրկել իր ժողովրդին, իսկ այսօր հաճոյանալ ստորաքարշաբար՝ աչք փակելով մահվան տարած սերունդների վրա։

Երեկ կարող էինք համախմբվել, բռունցքվել և կանգնել Արցախի կողքին՝ նրա համար դառնալով անխոցելի վահան, իսկ այսօր՝ մոռանալ նրա գոյության մասին։

Երեկ կարող էինք միջազգային կառույցների գրասենյակների դռներ ջարդել, իսկ այսօր մի բառ անգամ չասել Արցախում ստեղծված աղետալի վիճակի մասին։

Երեկ կարող էինք չլինել, բայց եղանք: Վաղն էլ կարող ենք չլինել, բայց կլինե՞նք: Կարծում եմ` շատերի համար սա արդեն կարևոր չէ։ Դե, մի զարմացեք, ի՞նչ կարող ենք անել։ Ի՞նչ ազգ, ի՞նչ Հայրենիք, ի՞նչ սահման, ի՞նչ թշնամի, չէ՞ որ բոլորս մարդ ենք` երկրագնդի քաղաքացիներ և ապրում ենք 21-րդ դարում` նոր արժեհամակարգով: Եվ հոգ չէ, թե հարևանդ՝ դարերի ոխերիմ թշնամիդ, 1,5 տարի առաջ քեզ հիշեցրեց իր անմարդկային, չփոփոխվող էության մասին, հիշեցրեց, թե ինչպե՞ս էր 100 տարի առաջ պապերիդ եղեռնի ենթարկում, իսկ այսօր «բարեկամական» իր ձեռքն է մեկնում։ Նա սպանելու ձևը չի մոռացել, բայց մենք, կարծես թե, մոռացել ենք ինչպես ենք սպանվել։

Թերևս բթացել ենք… Կարծում եք՝ ցավի՞ց։ Գուցե և ոմանք ցավից, բայց շատերը՝ նոր արժեհամակարգից, նոր հայացքներից։ Կարող ես գործի բերումով լինել Երևանում և խենթանալ անհոգ կյանքից (դե եկ, վարդապետ…Հիմա այնքան հասկանալի է խենթանալդ)։

Ի՞նչ կարևոր է, թե Արցախում մարդիկ օրերով տաք ջուր ու կերակուր չունեին, թե թշնամին ամեն օր հոգեբանական և ֆիզիկական ճնշման է ենթարկում նրան, ստիպում լքել հայրենի օջախը, հակառակ դեպքում սպառնալով պարզապես ոչնչացնել նրան: Ի՞նչ կարևոր է, թե Սյունիքում թշնամին քայլ առ քայլ առաջ է գալիս, իսկ Տավուշում և Երասխում գնդակոծում հայկական դիրքերը։ Հեռվից այդ ամենը չի երևում: Երևանում՝ ևս, չեն տեսնում, չեն զգում:

Բայց հետո, երբ մի օր անտարբեր այս մարդիկ կարթնանան այդ գունավոր երազից, թշնամին արդեն իրենց տան շեմին կլինի: Գուցե և՝ Երևանի մատույցներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհրաժարվի լքել Էջմիածինը, իսկ վարչապետը զենքը ձեռքին մարտի կնետվի ժողովրդի հետ՝ փրկելու Հայոց վտանգված Հայրենիքը, հայի արժանապատվությունը… Չէ, այս պատմությունն արդեն լսել եմ, բոլորին է այն հայտնի: Բայց այս անգամ այն նույն ավարտը չի ունենա, ավելին, կարծում եմ այս անգամ ճիշտ հակառակը կլինի, լավագույն դեպքում կլքեն վտանգված ամրոցը, վատագույն դեպքում՝ դարպասները կբացեն թշնամու առաջ։ Ժողովուրդը նամակ կգրի Ռուսաց ցարին կրկին ու կրկին։ Ե՞րբ տեղ կհասնի, «ռուսի սապոգը» կրկին կօրհնե՞նք, թե չէ` ժամանակը ցույց կտա։

Իսկ վերոնշյալ «գունավոր երազին» զուգահեռ Արցախում ամեն ինչ սև ու սպիտակի մեջ է։ Պատերազմից հետո մաքառող այս կղզյակում ապրում է շուրջ 100 000 մարդ։

Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իրենց տներն ու… երազանքները, և ովքեր շրջապատված են թշնամիներով։ Արցախցու կամքի մասին լեգենդներ են պատմում: Դրան ականատես ենք լինում հենց այս օրերին։ Ընդհանրապես, պատերազմից հետո սկսել ենք ամեն ինչին այլ տեսանկյունից նայել, այլ կերպ արժևորել մեր ունեցածը։ Սարսափելի ցրտին առանց գազի ու հոսանքի, առանց տաք ջրի ու կերակուրի մնացած, հացի փակված արտադրամասերով, պարապմունքները հարկադրաբար դադարեցրած մանկապարտեզներով ու դպրոցներով, ցուրտ հիվանդանոցներում ու աշխատասենյակներում, գնդակոծվող գյուղերում, թշնամու սպառնալիքների ներքո շարունակում է ապրել ու արարել, շարունակում է արնաշաղախ հողը մշակել և նոր ծիլեր տնկել այդ հողում։

Պատերազմը մեզ հեռացրեց աշխարհից: Պատերազմը ստիպեց մեզ ճանաչել աշխարհն իր ողջ էությամբ, իր ողբերգությամբ։ Մի՞թե կեղծ չէ այն, որն անընդհատ բարձրաձայնում է մարդու իրավունքների, ազատությունների մասին, սակայն թե՛ պատերազմի, թե՛ այս հումանիտար աղետի օրերին կույր, խուլ ու համր էր ձևանում, մինչդեռ Ուկրաինայի համար աղաղակում է։ Պատճառն, անշուշտ, հասկանալի է. մեծ դերակատարներն իրենց դերն են խաղում կյանքի բեմում՝ իրենց հաստատուն տեղն ունենալու, այն չկորցնելու համար:

Ո՞րն է Հայաստանի դերն այդ բեմում: Ետնաբեմում մոռացության մատնվե՞լը, թե՞ …

Իսկ Արցախում այսօր մարդիկ ապրում են ի հեճուկս բոլոր դժվարությունների: Ապրում են, որովհետև ապրելու և ապրեցնելու պարտք ունեն։ Արցախում այլևս գրավիչ չեն Լաս Վեգասի լույսերն ու հեքիաթային Փարիզը, գրավիչ չեն պատմական Հռոմն ու Միջերկրական ծովի տաք ջրերը, քանի որ այդտեղ այլևս չես գտնի մարդկային կարեկցանք ու պարզություն։ Ավելին, Արցախում այլևս չեն բողոքում ցուրտ եղանակից, առօրյա խնդիրներից, թշնամու սանձարձակ պահվածքից, ուշադրություն չեն դարձնում հնչեցվող սպառնալիքներին ու թշնամու կրակոցներին. պնդաճակատ ենք, սովորել ենք։

Ավելի վատ էլ է եղել, բայց ապրել ենք: Հիմա էլ ենք ապրելու՝ հույսներս մեզ վրա դրած, Խրիմյան Հայրիկի թղթե շերեփից դասեր քաղած, աշխարհի թոհուբոհին անտարբեր։

Իսկ Արցախում առատ ձյուն է տեղացել ու ընդգծել մեր պարզությունն ու մաքրությունը։ Եկել է ուրախացնելու մռայլ իրականության մեջ ապրող մեծ ու փոքրին, եկել է ջերմացնելու մեր տղաների շիրմաթմբերը։ Եկել է, որ Արցախում կրկին «հին կոճղից նոր բողբոջներ պայթեն»։

Vahagn Khachatryan

Կգան, երբ որ պատերազմն ավարտվի․․․

Պատերազմն Արցախում մի տարուց ավել է, ինչ ավարտվել է: Եվ կյանքը, կարծես թե, նորից ընթանում է իր հունով: Սակայն դա միայն առերևույթ է այդպես: Պատերազմը չի ավարտվել: Այն խաթարել է ոչ միայն մեծերի կյանքը, այլև  տխուր երանգներ է ավելացրել մանկության գույների ներկապնակում:

Սահմանամերձ Սզնեքում ապրող միակ երեխան է Մանեն, ում համար պատերազմը չի ավարտվել, որովհետև ամեն օր քնում, արթնանում է գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու տեղակայված թշնամու անկանոն կրակահերթերի տակ, որովհետև գյուղում չկա նախկին աշխուժությունը, որովհետև այլևս գյուղում չեն ապրում Նարեն ու Մերին, ում հետ խաղում էր նախքան պատերազմը, որովհետև սիրելի խաղը՝ ֆուտբոլը, ստիպված խաղում է ծնողների հետ, որովհետև, իսկապես պատերազմը չի ավարտվել․․․

Մանեն քաղաքում ապրել չի ուզում, չի սիրում։ Անվախ աղջնակն արդեն ոչ միայն չի վախենում թշնամու կրակոցներից, այլև մորն է հորդորում չվախենալ։ Նա չի հասկանում՝ ինչո՞ւ վախենալ, թող թուրքն իրենցից վախենա, վախենա մեր անվախությունից ու համառությունից։

Այսօր ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամներն այցելեցին Մանեին՝ շնորհավորելու նրա Ամանորը։ Դժվար է նկարագրել այն հրճվանքն ու ուրախությունը, որ ունեցավ փոքրիկ աղջնակը մեզ հետ խաղալու ժամանակ։ Նա արդեն խաղընկեր ուներ:

Մանեն այսօր միայնակ մնացած ու մայր հողին կառչած արցախահայության խորհրդանիշն է։ Այցելե՛ք Մանեին, նա սպասում է բոլորիդ։ Այցելե՛ք նրան, եթե ուզում եք հուսադրվել նրա մի պարզ, բայց և այնքան խոսուն ժպիտից։

Այցելե՛ք Արցախ, նա սպասում է ձեզ այնպես, ինչպես Մանեն՝ բոլորիդ։