alla harutyunyan

Մարդկային-անմարդկային

Երկնքից մի կաթիլ ընկավ դեմքիս և ձուլվեց արցունքիս, այդ պահին ես զգացի հորդառատ անձրևի մի մեծ տեղատարափ. ասես մի դույլ ջուր լցնեին գլխիս։ Ես նստած էի լուռ, նայում էի մեքենաների ընթացքին, մարդկանց արագ քայլքին։ Ես նստած էի միայնության մեջ, թեև շուրջս կային մարդիկ, իսկ կողքիս այն մեկը, ով միշտ բերկրանքով էր լցնում հոգիս, իմ հոգու ընկերը… Նա խոսում էր անդադար, խոսում՝ ինչից պատահի, իսկ ես, անտարբեր նստած, լսում էի միայն աջ կողմից եկող մի ձայն և ուրիշ ոչինչ։ Գուցե մեկ այլ պահի ես զգաստանայի, հիշեի, որ մտերիմ ընկերս է, որ պետք է լսեմ, պատասխանեմ, հարգեմ նրա խոսքն ու ներկայությունը, բայց այդ պահին ինձ ոչինչ էր հետաքրքրում. ուղեղս ազատվել էր ամեն տեսակ մտքերից։ Այն ամենը, ինչը երբևէ կարևոր էր և առաջնային, այժմ անիմաստ էր և ձանձրալի։ Մնացել էր միայն մի ճեղք այնտեղ՝ ներսում՝ մի գողտրիկ անկյունում թաքնված, այն առաջացել էր անժամանակ և կվերանար երբևէ, բայց ոչ հիմա։ Ես դա գիտեի, ես դա զգում էի, բայց մեկ է, աղոթում ու խնդրում էի երկնային ուժերին շնորհել ինձ ևս մեկ ներում, ևս մեկ րոպե հանգստության և ներքին խաղաղության, բայց ոչինչ չէր օգնում. այդ ճեղքը խորն էր, և դատարկության քամին ներս էր սողոսկում իմ մարմին, սարսռեցնում ամեն զգացական…

Անտարբերությունը դաժան մի զենք է, որը ոչնչացնում է քայլ առ քայլ։ Սկզբում դու չես էլ նկատում, որ երեկ բերկրանքով ու ոգևորությամբ գնված գիրքը, մեծ հետաքրքրությամբ քննարկված թեման այսօր արդեն թվում են անիմաստ, աշխարհը կորցնում է իր գույները, մարդիկ վերածվում են մոխրագույն ստվերների, որոնք արագընթաց գնացքների նման սլանում են դեպի իրենց վերջնակետը, իսկ դու, մոլորված այդ ամբոխում, չես գտնում քո տեղը, քո ուղին և նպատակակետը: Մտնում ես մոտակա խանութ, գնում առաջին պատահած գրիչն ու տետրը, նստում թաց նստարանին և սկսում գրել առանց մտածելու, պարզապես գրել, շարադրել այն, ինչ այդքան երկար կուտակված է եղել քո մեջ, գրում ես առանց կետադրելու, որովհետև ամեն բառի վրա պետք է դնես բացականչական նշան։ Միտքդ պատռվում է այդ ամենից, և այլևս չես կարողանում գրել, ուզում ես դառնալ մի կծիկ, ամուր բռնել գլուխդ ափերիդ մեջ և թույլ տալ, որ մեկը ձգի քո թելերից, այն հույսով, որ կկարողանա քանդել տարիների ընթացքում առաջացած քարկապերը, ուզում ես հանձնել քո էությունը մեկ ուրիշին և թույլ տալ ղեկավարել իրեն, որովհետև սեփական ուժերը արդեն հատնում են. այլևս ընդունակ չես լինել այդ «Տիտանիկի» նավաստին։ Բայց ո՞վ կհամաձայնի խորտակվել քեզ հետ, ո՞վ կհամաձայնի պայքարել քեզ հետ և քո դեմ միաժամանակ։ Ոչ ոք։

Դատարկությունը անհուն մի ձոր է, որտեղ փռված են բազմաչարչար զոհերի դիակներ։ Ոմանք պարտվել են պայքարի մեջ, ոմանք` միանգամից հանձնվել, բայց դե ի՞նչ էական է, մեկ է, բոլորն էլ նույն ձորում են ի վերջո հայտնվել։ Ես էլ, կարծես, այդ ձորի ծայրին նստած, նայում եմ հեռուն։ Այնտեղ կա պայծառ մի երկինք` բաց կապույտ ու լուսավոր, բոլորիս ապագան է երևի։ Ուզում եմ քայլ անել, գնալ դեպի պայծառ եզերքներ, դեպի լույս։ Ձգում եմ ձեռքս ու նայում հեռուն, զգում եմ, թե ինչպես ոտքիս մկանը կծկված պատրաստվում է շարժում անել, քայլել առաջ, ահա, մի փոքր էլ, և կվերցնի ինձ կյանքն իր գիրկը, և ես կհավերժանամ…

Արթնացիր, արթնացիր, սա քնելու տեղ չէ, լսո՞ւմ ես, արթնացիր… Բացում եմ աչքերս և հասկանում, որ քնել եմ նստարանին` տեղատարափ անձրևի տակ, մարմինս սառել է։ Հազիվ կարողանում եմ շարժվել, տետրս պինդ գրկած՝ քնել էի և պաշտպանել այն անձրևից։