Մարդկության կորիզը դառն է

Շունչը պինդ չպահեր, մի օր հանգիստ շունչ քաշեր քաղաքը…

Մարդիկ բարությամբ լի աչքերով նայեին իրար, պարզը շատ լիներ ու թե լիներ, կնայեիր մարդու դեմքին, կկարողանայիր կարդալ  հոգին, կտեսնեիր խիղճը։ Կերևար էն խիղճը, որ  օրեցօր ավելի է մխրճում խորքը, որ վախենում է ցույց տալ, պարզապես վախենում է, որովհետև խիղճը, շատերն իրենց սրտի փոքրությամբ, կդարձնեն խեղճ, որ արդարացնեն սեփական ես-ը։ Արդյունքում` թեթևանում են իրենք, ծանրանում է քաղաքը։ Քաղաքը ծանրություն չի սիրում (ում պետքն է` սիրում է, թե ոչ), բայց տանում է մարդու բնույթի ծանրությունը, դիմում է բնության օգնությանը ու մի կերպ ձգում է շունչը։ Ո՛չ քաղաքն եմ, ո՛չ բնությունը, տանել չեմ կարող։

Փողոցում քայլելիս մանուկներին եմ նայում, էլի նրա՛նք են իսկականը, մաքուրը։ Տեսե՞լ եք՝ ինչպես են նայում. նայում են կա՛մ խանդավառ աչքերով, «մարդիկ որքա՜ն լավն են» ասող ժպիտով, կա՛մ էլ զարմացած հայացքով։ Երեխաներին նայելիս միշտ ժպտացեք, չգիտենք՝ երբ կճանաչեն մեծամասնությանը, այդ պահից կհեռանան հեքիաթային աշխարհից ու կհասկանան, որ գուցե զարմանալ չէ, այլ զայրանալ էր պետք։ Փոքրամասնությու՞նը… Անկախ իրենից դառնում է որոշյալ և ուսերին դրած քարշ է տալիս ժանգոտ մեծամասնության մեղքը՝ չդադարելով հուսալ, որ մի օր ազնվությունը գերակշռող կլինի, վստահությունը վախով չի չափվի, փողոցը լուսավորողն էլ լուսամփոփը  չի լինի, որ կշատանա այն տեսակը, որ կարողանում է կիսել ուրախությունը կողքինի, իսկ «կողքինն» էլ  արդար ճանապարհով  կհասնի հաջողության՝ լոկ ինքն իրեն ապացուցելու համար, ոչ ուրիշի աչքը հանելու։

Եվ լինում է պահ, որ նորից հավատում եմ, որ մարդիկ սիրուն են, հետո նայում եմ շուրջս ու տեսնում այն օրինակը, որ կա, օդը բռի մեջ է պահում և ուր որ է` խեղդելու է… Ու ես կծկվում եմ լացելու չափ. օդը ինձ չի հերիքում, իսկ քաղաքը սովորել է, ցավոք, որոշիչը մեծամասնությունն է։

Մինչև ե՞րբ երազել բարի մարդկության մասին, գունավոր շենքերով խաղաղ քաղաքի մասին, որտեղ լուսատուները մարդիկ են, որոնց մեջ մանկությունից մի կայծ մնացել է։