IMG_20211020_152150

Մեր ազգը Տիգրան ունի

44-օրյա պատերազմում հերոսացած Տիգրան Գևորգյանն ամենից շատ սուտը տանել չէր կարողանում։ Իր ապրած 21 տարիներին երբեք չի ստել ու չէր սիրում, երբ ինչ-որ մեկն իրեն էր ստում։

Թշնամու 3 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա ոչնչացրած, «Մարտական խաչ» շքանշանի արժանացած Տիգրանն ինքն էր ընտրել Արցախում ծառայելը, ասել էր՝ ես Ղարաբաղ պիտի ծառայեմ, ու գնացել էր։

Հայրը պատմում է․ «Պատերազմի ընթացքում Մարտունի 4-ում էր։ Կռվի ժամանակ իր հրամանատարության տակ գտնվող 4 տանկը խոցել էր հակառակորդը, որից երեքին ԱԹՍ-ն էր խփել։ Տանկից դուրս է եկել, իր վիրավոր հրամանատարին ու զինվորին մի կողմ է տարել, ինքը երկու տեղից վիրավորումով շարունակել է կռվել մինչև որ ևս երկու վիրավորում են հասցրել թշնամու դիպուկահարները, ու դրանից հետո զոհվել է»։

Ընկերները պատմում են, որ չնայած Տիգրանը որպես հրամանատար խիստ էր կարգ ու կանոնի պահպանման հարցում, սակայն մնացած առումներով երբեք խնդիրներ չեն ունեցել նրա հետ։

Անվճար ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան ու ծառայության գնացել ավարտելուց հետո։

«Սիրում էր ծառայությունը, զինվորական կյանքն ու ոգևորությամբ էր գնացել։ Իր ծառայակից շատ ընկերներից տարիքով մեծ էր։ Երբ Արմավիրի ուսումնական զորամասում էր, տանից անընդհատ գրքեր էր ուզում, շատ էր կարդում», – ասում է հայրը։

Պատերազմի ամբողջ ընթացքում Տիգրանի հայրը նույնպես առաջնագծում է եղել, ասում է՝ ամեն օր խոսում էին, ու Տիգրանն ինքն էր հանգստացնում հորը․ «Ասում էր՝ էդ քո մոտ ա իրավիճակը վատ, մեր մոտ ամեն ինչ նորմալ ա։ Ասում էր նաև, որ հիմա ամենակարևորը հայրենիքն ա»։

Տիգրանի կյանքն ընդհատվեց նոյեմբերի 2-ին՝ իր փրկած երկու ընկերների ու բոլորիս համար։

Տիգրան Արմենի Գևորգյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։