Lusine Karapetyan

Մարդու իրավունքների օր 2016

Դեկտեմբերի 13-ին Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների համատեղ ջանքերով տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մարդու իրավունքներին։ Նրանց միացան նաև 10 երիտասարդ խոսնակներ, որոնք բարձրացրին տարբեր հիմնահարցեր և խնդիրներ, պատմեցին իրենց պատմությունները տարբեր ոլորտներում։

«Մանանա» կենտրոնի խոսնակ-ներկայացուցիչը ես էի։ Ես պատմեցի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի և իմ հաջողության պատմության մասին: Ստորև կարող եք տեսնել իմ ելույթը։

«Ես Լուսինե Կարապետյանն եմ: Ներկայացնում եմ «Մանանա» կենտրոնի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը: Այս ցանցը միավորում է 14-ից 24 տարեկան մի քանի հարյուր թղթակիցների երկրի բոլոր մարզերից: Ես ինքս Վայոց ձորի Վայք քաղաքից եմ։ Միշտ փորձել եմ ակտիվ լինել հասարակական կյանքում, հետաքրքրվել մարդու իրավունքներով և բարձրացնել տարբեր հիմնախնդիրներ հենց իմ համայնքում։ Բայց դա ոչ միշտ է հնարավոր եղել, որովհետև ես չգիտեի՝ ինչպես ներկայացնել այդ խնդիրները, որ արձագանք ունենան հասարակությանից։ Եվ ամենակարևորը՝ ես չունեի հարթակ, ուր կարող էի իմ ձայնը լսելի դարձնել։ Արդեն երկու տարի է, ինչ միացել եմ ցանցին, և կարելի է ասել, որ անցել եմ այն բոլոր փուլերը, որ անցում է յուրաքանչյուր թղթակից։ Դեռ Վայքում աշակերտ եղած ժամանակ մասնակցեցի դասընթացներին, և այն, ինչ տվեց դասընթացն ինձ՝ անգնահատելի է։ Այդ ժամանակից ի վեր սկսեցի անձնական, համայնքային և գլոբալ խնդիրներին նայել ոչ միայն լրագրողի, այլ նաև այդ խնդիրները լուծողի աչքերով։ Լինելով փախստականի դուստր, ով պատերազմին մասնակցելով անտեսված է կառավարության կողմից, իմ առաջին հոդվածները նվիրեցի նրան։ Երևանից բավականաչափ հեռու գտնվող քաղաքում ապրելը, որտեղ ենթակառուցվածքները թերի են աշխատում, ինձ հնարավորություն էր տալիս գրել հենց այդ երևույթների մասին, բնապահպանական խնդիրներից մինչև արտագաղթ, էկոլոգիայից մինչև առողջապահություն։ Երևի այդտեղից էլ սկսել է իմ կյանքի այս փուլը, որը կոչված է լինել ակտիվ քաղաքացի և զարգացնել քաղաքացիական մտածողություն։

Իմ պատմությունը մեկն է հարյուրավոր թղթակիցների պատմություններից, որոնց իր շուրջն է համախմբում պատանի թղթակիցների ցանցը։ Նրանց նյութերը բազմազան են և տարբեր։ 17.am կայքը, իհարկե, իրավապաշտպան կառույց չէ և հատուկ մարդու իրավունքները և դրանց խախտումները արծարծելու, արձանագրելու նպատակ չի հետապնդում: Բայց երբ թղթակիցները պատմում են մեր երկրի տարբեր ծայրերում բնակվող տարբեր տարիքի մարդկանց մասին, բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում են մարդու իրավունքներին: Մարդակենտրոն պատմություններով պատանի թղթակիցները պատմում են ամենատարբեր պատմություններ՝ ռազմապաստարանում ապրելու դժվարություններից մինչև կրթության ցածր որակ։ Երևի պատահական չէ, որ երկու տարի առաջ ՄԱԿ-ը հենց մեր ցանցի անդամներին առաջարկեց Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված դոկումենտալ ֆիլմ նկարել։

Այժմ ես ապրում եւ սովորում եմ Երևանում։ Որոշ ժամանակ կամավորելուց հետո միացել եմ «Մանանա» թիմին և ինքս էլ փորձում եմ իմ ներդրումն ունենալ իրենց առաջին քայլերն անող պատանի թղթակիցների կայացման գործում` հույս ունենալով, որ Հայաստանը մի օր կդառնա այնպիսի մի վայր, ուր յուրաքանչյուր ոք կապրի արժանապատիվ կյանքով։ Վստահ եմ, որ մեր պատանի թղթակիցների ցանցը իր փոքրիկ լուման է ունենալու այդ ապագան կառուցելու գործում»։