Աղվերանի մեդիա ճամբար. Սպասումներ և ակնկալիքներ

Արդեն 6 ամիս է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Մանանա թիմը եկել էր մեր դպրոց, ներկայացնում էր իրենց ծրագրերը, ես էլ ոգևորվելով իրենց պատմածներից՝ որոշեցի թղթակցել: Մասնակցելով դասընթացներին՝ ես դարձա ավելի անկաշկանդ: Այժմ ես վստահ եմ, որ բոլորի պես ես էլ կարող եմ հետաքրքիր հոդվածներ գրել: Իմանալով, որ ես ընտրվել եմ մեդիա ճամբարին մասնակցելու՝ շատ ուրախացա, թեպետ ճամբարներ չեմ սիրում, բայց այս ճամբարը ինձ համար եղավ բացառություն, քանի որ այստեղ մենք ոչ թե հանգստանում ենք, այլ գիտելիքներ ենք ստանում մեդիա ոլորտից: 

Դեռ առաջին օրն է, բայց ես արդեն ձեռք եմ բերել նոր ընկերներ: Ավելի շատ կցանկանամ գիտելիքներս խորացնել լուսանկարչության ոլորտում, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է: Բայց կարծում եմ մյուս ոլորտներներն էլ հետաքրքիր կլինեն, որովհետև սկիզբը խոստումնալից է: Ճամբարը ինձ հնարավորություն կտա ընդլայնելու իմ գիտելիքները մեդիա ոլորտում և իհարկե, հաստատել նոր ծանոթություններ:

Նանե Եղիազարյան

***

«Մանանա» կենտրոնի մասին իմացել  եմ դպրոցից: Ինձ ասացին, որ Հրազդան քաղաքում դասընթաց են կազմակերպում: Մեր ուղարկած նյութերի արդյունքում ընտրեցին լավագույններին, և ի ուրախություն ինձ, նրանց շարքում էի նաև ես: Ամեն անգամ հոդվածներս 17.am կայքում տեսնելիս մեծ ուրախություն է պարուրում ինձ: «Մանանա» կենտրոնի հետ համագործակցությունը ինձ տվեց շատ ընկերներ: Ես հասկացա, որ ունեմ իմ անձնական կարծիքը, որը կարող եմ ազատ բարձրաձայնել, կարող եմ հանրությանը ներկայացնել ինձ հուզող խնդիրները և նաև ստանալ պատասխաններ: Կենտրոնի կամավորներն ինձ օգնեցին ճիշտ կառուցել իմ խոսքը, ստացա մեծ աջակցություն նրանց կողմից: Մասնակցելով Կոտայքի մարզում կազմակերպված դասընթացին՝  տեղեկացա, որ պատրաստվում են կազմակերպել մեդիա ճամբար: Դե, իհարկե, այդ հնարավորությունը չէի կարող բաց թողնել: Մասնակիցները ընտրվելու էին ակտիվության ցուցանիշից ելնելով, ես էլ ակտիվություն ցուցաբերեցի ու ընդգրկվեցի ճամբարի մասնակիցների շարքում: Ես ընդհանրապես մեդիա ճամբարների չեմ մասնակցել, և սա ինձ համար մեծ հնարավորություն էր ստանալ գիտելիքներ այդ ոլորտից: Դե, հիմա էլ վայելում եմ ճամբարային օրերս: Ինձ ավելի շատ հոգեհարազատ է ժուռնալիստիկան, քանի որ ես շատ եմ սիրում գրել և հետագայում շարունակելու եմ այդ ուղղությամբ: Շատ մեծ ակնկալիքներ ունեմ ճամբարից. նախ ձեռք կբերեմ շատ հմտություններ, կմասնակցեմ վարպետության դասերի ոլորտի առաջատարների կողմից:

Կարինե Նահապետյան

***

Առաջ ես ցանկություն ունեի իմ ուղին շարունակել մաթեմատիկայի ասպարեզում, բայց դասընթացներից հետո փոխվեցին իմ պատկերացումները ժուռնալիստիկայի մասին, և ես այժմ ցանկանում եմ իմ ուղին շարունակել այդ գծով: Շատ ուրախացա, երբ իմացա, որ պետք է մասնակցեմ մեդիա ճամբարին, քանի որ  800 հոգուց ընտրվել էի նաև ես: Ինձ ավելի շատ հոգեհարազատ են ժուռնալիստիկան և լուսանկարչությունը: Լուսանկարչությունը սիրում եմ, քանի որ կարող եմ ընդամենը մեկ կադրով հավերժացնել գեղեցիկ պահերը: Ճամբարի ընթացքում ձեռք կբերեմ նոր ծանոթություններ և կխորացնեմ գիտելիքներս:

Ռուզաննա Եսայան

***

«Մանանայի» հետ ծանոթացել եմ, երբ «Մանանա» թիմը եկել էր մեր մարզ, հենց մեր դպրոցում էլ հանդիպումն էր: 17.am-ին թղթակցելը ինձ օգնեց ավելի մատչելի արտահայտել մտքերս, չվախենալ կարծիքս արտահայտելուց: Ճամբարին մասնակցելու լուրը ստացա, և ուրախությունս չափազանց մեծ էր ու ինձ հպարտ զգացի: Ինձ շատ հոգեհարազատ են ժուռնալիստիկան և լուսանկարչութունը, քանի որ վաղուց եմ լուսանկարում, իսկ դասընթացների շնորհիվ սկսեցի սիրել ժուռնալիստիկան:DSC_0636 Մեդիա ճամբարի ընթացքում ավելի կզարգացնեմ գիտելիքներս, և խթան կառաջանա, որպեսզի ուսումս շարունակեմ բուհում, ուր ընդունվելու եմ հաջորդ տարի:

 Անի Ավետիսյան

***

Արդեն մեկուկես տարի է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Թղթակցելը ինձ տվեց մեծ փորձ լրագրության մեջ, խոսքս ավելի գեղեցիկ կազմելու հմտություններ: Սա երկրորդ դեպքն է, որ ընտրվել եմ մասնակից մեդիա ճամբարի համար, սակայն առաջինի ժամանակ որոշակի խնդիրների պատճառով չեմ մասնակցել: Մեդիայի բոլոր ոլորտներն էլ ինձ հոգեհարազատ ու հետաքրքիրր են, բայց ամենաշատը՝ լուսանկարչությունը: Ճամբարի ընթացքում ձեռք կբերեմ փորձ ու հմտություններ: 

***
Էլյանորա Բալյան

17.am-ին թղթակցում եմ հուլիսի իննից: «Մանանա» կենտրոնի մասին տեղեկացել եմ ֆեյսբուքից. ընկերներիցս մեկը տարածել էր դասընթացի մասին հրապարակումը: Տեսնելով այն՝ որոշեցի մասնակցել և դառնալ թղթակից: Նախքան «Մանանա» կենտոնի հետ համագործակցելը, ես դեռ գրում էի, իսկ գրածս հոդվածները պահում էի հեռախոսիս մեջ՝ չթողնելով, որ այն կարդան: Ինքս էլ չգիտեի, թե ինչու, երևի կաշկանդվում էի: Իսկ «Մանանայի» հետ համագործակցելուց հետո անհետացավ այդ կաշկանդվածությունը և կարողացա իմ ձայնը լսելի դարձնել: Բացի այդ, «Մանանա» կենտրոնի հետ համագործակցելու շնորհիվ ես կարողացա կատարել լավ ընկերներիցս մեկի՝ ֆուտբոլիստ Աննա Գրիգորյանի մանկության երազանքը, որ ինչ-որ մեկը իրենից հարցազրույց վերցնի: Ինձ պատել էր աննկարագրելի մի զգացողություն, որ կարողացա կատարել նրա երազանքը: Ամառային դպրոցից վերադառնալու ճանապարհին էի, երբ իմացա, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Հենց իմացա այդ նորությունը, երթուղայինի մեջ սկսեցի ցատկոտել: Ես ավելի շատ նախընտրում եմ լուսանկարչությունը, քանի որ դա իմ երկրորդ մասնագիտությունն է: Մեդիա ճամբարից ակնկալում եմ, որ հոդվածներս կլինեն ավելի արդիական և ընթերցողների շրջանը կընդլայնվի: 

Արման Արշակ-Շահբազյան

***

Երբ իմացա Մանանայի գործունեության մասին, որոշեցի անպայման մասնակցել: Ես հնարավորություն ստացա շփվելու փորձառու մասնագետների հետ, ստանալ նրանցից խորհուրդներ և կատարելագործել իմ հմտությունները: Ես գրադարանում էի, երբ զանգահարեցին ու ասացին, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Հուզմունքս և ուրախությունս չկարողացա թաքցնել: Այնքան ոգևորված էի, որ նույնիսկ չէի նկատել, որ բարձր տոնով եմ խոսում հեռախոսով: Նախընտրում եմ կինոյի ոլորտը, քանի որ այն ինձ գրավել է իր բարդությամբ: Մեդիա ճամբարը կօգնի ինձ հարստացնել իմ ունակությունները և գործնական գիտելիքներ ձեռք բերել ֆիլմարտադրության ոլորտում: 

Եվա Խեչոյան

 ***

Պատանի թղթակիցների ցանցի մասին իմացել եմ մեր մոտ կազմակերպված հանդիպման ժամանակ: Առաջին հերթին հմտացա իմ սիրած ոլորտներում, ձեռք բերեցի նոր ընկերներ ու դարձել եմ ավելի մարդամոտ ու առանց բարդույթների: Էլեկտրոնային փոստով ստացա նամակ, որում նշվում էր, որ ընտրվել եմ թեկնածու մեդիա ճամբարին մասնակցելու համար, և եթե ինձ ակտիվ ցուցաբերեմ, կարող եմ մասնակցել Աղվերանում անցկացվելիք ճամբարին: Որոշ ժամանակ անց ստացա ևս մեկ նամակ, որտեղ կար հայտադիմում. պետք է այն լրացնեի: Լրացնելու հաջորդ օրը զանգահարեցին ինձ և ասացին, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Ուրախությունից ընկերոջս՝ Սերյոժի հետ ցատկոտում էինք: Ինձ հետաքրքրում են մեդիայի բոլոր ոլորտները, բայց կցանկանամ իմ գիտելիքները խորացնել լուսանկարչության մեջ: Կծանոթանամ լուսանկարչության գաղտնիքներին և մնացած ոլորտների գաղտնիքներին:

Նարեկ Բաբայան

***
17.am-ին սկսել եմ թղթակցել 2016 թվականի մարտից: Մանանա կենտրոնի մասին իմացել եմ մեր դպրոցում կազմակերպված հանդիպումից: Կենտրոնն օգնեց ինձ ձեռք բերել բազմաթիվ ընկերներ, որոնց հետ մինչ այսօր շփվում եմ: Իմ հոդվածները տարածում գտան և ընթերցվեցին բազմաթիվ մարդկանց կողմից: Երբ իմացա, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին, շատ ուրախացա, քանի որ հնարավորություն կունենայի ծանոթանալ տարբեր մարզերի թղթակիցների հետ: Ինձ հետաքրքրում են մեդիայի բոլոր ոլորտները, քանի որ ինձ կարողանում եմ գտնել յուրաքանչյուր ոլորտում: Ճամբարը ինձ հնարավորություն կտա լինել ավելի անկաշկանդ, ինչի շնորհիվ ձեռք կբերեմ բազում նոր ընկերներ:

Դավիթ Ալեքսանյան

 

Հարցազրույցները գրի առան Գայանե Ավագյանը և Ժորա Պետրոսյանը