leyli tadevosyan

Բալքի դյուզն ալ տի ա

Նկատե՞լ եք, թե ժամանակներն ինչպես են փոխում մարդկանց, նույնիսկ ժպիտներն ու դեմքերն են փոխվում… Ասում են` այս ամենը զգալու և հասկանալու համար, որոշ ժամանակ պետք է բացակայես այն վայրից, որտեղ ապրում ես: Ես ունեի այդ «հնարավորությունը»` զգալու և համեմատելու:

Այն, ինչ տեսնում եմ հիմա` մեկ տարի անց…

Նախքան տուն վերադառնալը, ընկերներիցս միշտ լսում էի, որ Հայաստանում պայմաններն ավելի են վատացել, որ մարդիկ ավելի տխուր են, որ խնդիրներն ավելացել են: Լսում էի, բայց նաև մտածում, որ մենք` հայերս, ամեն ինչ չափազանցնելու հակում ունենք: Հիմա եկել եմ Հայաստան ու հասկանում եմ, թե ինչի մասին էին խոսում ընկերներս…Տեսնում եմ, որ մարդիկ չեն փոխվել, բայց անվերջանալի խնդիրները չեն թողնում, որ նրանք ազատ շնչեն ու փոքր-ինչ անհոգ ապրեն…

Օրեր առաջ զրուցում էի ամենամոտ ընկերուհուս հետ ու պատմում, որ հայերի համեմատ, ամերիկացիներն ավելի «բոյով-ջանով» են: Ընկերուհիս, առանց երկար-բարակ մտածելու, ասաց.

-Է~հ , Լի~լ ջան, ըստեղ պրոբլեմները վերևից կսեղմեն մարդկանց, ըդոր համար էլ չեն բոյովնա…

Էդ պահին ուշադրություն չդարձրի նրա ասածին, բայց հետո այդ միտքը դարձավ իմ օրվա դարձվածքը… Երևի նա ճիշտ է, բայց ինչպես ղարաբաղցիներն են ասում` գյուդըմ չըմ…

Մտածում եմ, կամ, ավելի ճիշտ, համոզված եմ, որ խնդիրներ ամեն տեղ էլ կան, ու դրանց պատճառով Հայաստանը լքելը` թողնել-հեռանալը` հարցի լուծում չէ: Սա մե’ր տունն է, մենք էստե’ղ ենք մեզ ՀԱՅ զգում, մեզ էստե’ղ են հավասարը հավասարի աչքով նայում: Բայց մենք չենք սովորել և չենք տիրապետում ամենակարևոր արվեստին… Չենք գնահատում մեր ունեցածը…

Բալքի դյուզն ալ տի ա…