mariam grigoryan

Մեզ պարտադրված կարծրատիպերը

Ես 17 տարեկան եմ: Ընդամենը 17: Վերջերս այնպես ստացվեց, որ հանդիպեցինք բոլոր հեռու-մոտիկ բարեկամներին, ում տեսել էի շատ փոքր հասակում, կամ էլ ընդհանրապես չէի տեսել: Երևի խոսելու թեմաների պակասից էր, բայց բոլորը մի քանի բառից հետո սկսում էին խոսել իմ ամուսնության մասին. «Վաղը մյուս օրը որ ամուսնանաս…»: Շո՞ւտ չի: Ես դեռ դպրոցում եմ սովորում: Հետո պետք է շարունակեմ ուսումս, կայուն աշխատանք գտնեմ և սկսեմ նպատակներս ի կատար ածել: Չեմ կարծում, որ մարդկանց կյանքը պետք է սահմանափակված լինի դպրոցում սովորելով և ամուսնանալով: Հետո էլ գործում է նույն սխեման՝ կինը երեխաներին է պահում, դաստիարակում և մաշում կյանքը տնային գործերով, իսկ ամուսինը օր ու գիշեր աշխատելով՝ ընտանիքն է պահում: Ես այս կյանքի մասին չէ, որ երազում եմ:

Տատիկներս ու մայրս էլ են ասում. «Էն ժամանակ քո տարիքում մարդիկ ընտանիք էին կազմում: Դու հեսա ամուսնանալու ես, գնաս, ոչ մի գործ անել չգիտես»: Բայց ընտանիք կազմելու համար նախ մարդիկ պետք է բավականին հասուն ու սոցիալապես կայացած լինեն, որ կարողանան խուսափել խնդիրներից, որոնց հանդիպում են նորաստեղծ ընտանիքները: Վաղուց 17-ում մի նյութ եմ կարդացել եզդի ընտանիքի մասին, որտեղ հարսը, եթե ճիշտ եմ հիշում, 16-17 տարեկան էր և ուներ մանկահասակ երեխա: Նա ինքը դեռ երեխա է և իր զավակին ճիշտ դաստիարակելու համար պետք է գոնե մի քիչ կյանքի փորձ ունենար:

Ինձ թվում է՝ շատերն են այս ամենը գիտակցում, բայց փորձում են խուսափել հասարակության պիտակներից: Ամուսնանում են շուտ, թեկուզ չսիրած մարդու հետ, միայն թե չարժանանան «տանը մնացած» տիտղոսին: Եկանք, նորից նույն թեմային հասանք: Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ բոլորը պարտավոր չեն ստանդարտ և պարտադիր դարձած կյանքի ճանապարհն անցնել: Յուրաքանչյուրն ունի իր նպատակները, ապագայի հետ կապված ծրագրերը և վերջապես, ամեն մեկը իր կյանքի ուղեկցին տարբեր տարիքում է գտնում:

Կարող եք քննադատել իմ կարծիքը, բայց ես չեմ ցանկանում ապրել այսպիսի Հայաստանում, և դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Կառավարությունը միգուցե մի օր կփոխվի, երկրի վիճակը միգուցե կլավանա, բայց հասարակության կարծրատիպային, սահմանափակ մտածելակերպը, պահպանողական ապրելակերպը և ուրիշի կյանքով ապրելու սովորությունը կմնա նույնը:

Խմբագրության կողմից. –Իսկ դո՞ւ ինչ ես կարծում, համաձա՞յն ես: Գրիր մեզ: