serine harutyunyan

Մի ֆիլմի պատմություն

«Ապաստարան»… Ում համար փրկության վերջին հույս, ում համար հասարակ տառերի մի սովորական խումբ: Երևի շատերը անգամ չգիտեն այդ բառի այն իմաստը, որի մասին ուզում եմ խոսել: Ուղղակի բացեք «Ապաստարան» ֆիլմն ու նայեք, հետո միայն կարդացեք ֆիլմի ստեղծման պատմությունը:

Ասում են, ոչինչ հենց այնպես չի առաջանում: Մեր ֆիլմն էլ հենց այնպես չառաջացավ: Ինչ-որ մեկը գիշերը քնած ժամանակ տեսիլք չտեսավ ու առավոտյան որոշեց, որ պետք է ֆիլմ նկարի: Ամեն ինչ սկսվեց 17-ի թղթակից Տիգրան Մամյանի «Տխուր հիշողություններ պատերազմի տարիներից» նյութից: Նյութի հերոսուհին կոթեցի Լաուրա Վերանյանն (Խաչիկյան) է, ով իր աչքերով է տեսել պատերազմն ու դրա հետևանքները: Նյութի մեջ պատմվում է Կոթիի ապաստարաններից մեկի մասին, ու թե ինչպես է ապաստարանի կառուցման աշխատանքները դեռևս չավարտած, թշնամին կրակ բացել գյուղի խաղաղ ու անզեն բնակչության վրա: Մի խոսքով՝ ձեր կյանքից ևս մի քանի րոպե տրամադրեք ու կարդացեք նաև նյութը:
2016 թվականի մարտին Հայաստանի պատանի թղթակիցների Տավուշի գործնական դասընթացների ժամանակ նյութեր էինք քննարկում, ֆիլմերի գաղափարներ առաջարկում: Կանգ առանք հենց ապաստարանի վերաբերյալ նյութի վրա: Քննարկումներից հետո հասկացանք, որ ապաստարանի մասին ֆիլմ նկարելը բավականին լավ միտք է: Արդեն հուլիս-օգոստոս ամիսներին անցկացված մեդիա ճամբարի ընթացքում էլ ավելի հստակեցվեց ֆիլմ նկարելու գաղափարը: Մեկ-երկու ամիս անց «Մանանայից» զանգահարեցին և տեղեկացրին, որ ֆիլմն արդեն պետք է նկարահանվի:
Ապաստարանը, որ պետք է նկարահանվեր, գտնվում էր կոթեցի Լաուրա Խաչիկյանի տանը կից: Առաջին հերթին կապ հաստատեցի հենց նրա հետ, տեղեկացրի ծրագրի մասին ու խնդրեցի չմերժել առաջարկս, այսինքն՝ նկարահանվել:
Հիշում եմ, նկարահանման օրը եղանակն այնքան էլ բարենպաստ չէր՝ մառախուղ, անձրև.. Բայց մենք հասանք մեր նպատակին և հանդիպեցինք Լաուրա տատիկին: Մեր ֆիլմի գլխավոր հերոսուհին արեց ավելին, քան մենք սպասում էինք: Նա ընդամենը մի քանի րոպեում բոլոր հարևաններին հավաքեց ապաստարանում՝ ֆիլմն ավելի լավն ու հետաքրքիր դարձնելով: Հետո, որոշ հարևաններ էլ՝ տեսնելով տեսախցիկներով, անծանոթ մարդկանց, մոտեցան, հետաքրքրվեցին և որոշեցին ծանոթանալ նաև այն ամենին, ինչ հենց նկարահանման վայրում՝ ապաստարանում էր տեղի ունենում: Ֆիլմը հաջողությամբ նկարահանեցինք՝ ծանոթանալով գյուղի և գյուղացու անցյալին, ներկային ու ցավոք՝ դեռևս անորոշ ապագային…
Երբեմն համագյուղացիներս ասում են, որ համացանցում Կոթիի մասին մի շատ հետաքրքիր ֆիլմ կա, անունն էլ «Ապաստարան»: Չեք պատկերացնի՝ ինչ մեծ հպարտությամբ եմ նշում, որ ֆիլմը հենց իմ մեծ ու համեստ ընտանիքի՝ իմ «Մանանայի» միջոցով է նկարահանվել, որ ես ինքս էլ հեղինակներից մեկն եմ, մասնակցել եմ նկարահանմանն, ու որ որոշ կադրեր հենց ես եմ նկարել:
Հիմա, երբ ֆիլմը պետք է Tbilisi Sunrise միջազգային կինոփառատոնում ցուցադրվի, այն էլ՝ արտերկրում, հպարտությունս էլ ավելի է մեծացել: Ճիշտ է, տխուր եմ, որ դասերիս պատճառով չեմ կարող փառատոնին անձամբ ներկա գտնվել, բայց անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան:
Հպարտության հետ մեկտեղ ներսումս նաև հույսի մի նշույլ է ծնվել…
Հույս ունեմ, որ այն թեկուզ չնչին օգուտ կտա կոթեցիներիս…
Հույս ունեմ, որ թե կոթեցիները, թե Կոթիի ճակատագիրը կիսող այլ սահմանամերձ շրջանների բնակիչները այլևս երբեք ապաստարան կառուցելու, այնտեղ պատսպարվելու առիթ չեն ունենա…
Հույս ունեմ, որ այն կօգնի մարդկանց հասկանալ, թե որն է իրական դժվարությունը, որն է հայրենիքը, որն է ժպտալու ու միշտ պայքարելու մեր բանաձևը…
Հույս ունեմ, որ գոնե ֆիլմը դիտելուց հետո մարդիկ միշտ կհիշեն նրանց, ովքեր սահմանին են: Չէ՞ որ հայրենիքը սկսվում է սահմանից…