mariam tonoyan

Մեկը իմ անուններից

Եթե ես նկարիչ լինեի, ինձ պատահած ամենատպավորիչ մարդկանց դիմանկարները կանեի, գույներով ցույց կտայի նրանց էության երանգներն այնպես, որ դիտողն անմիջապես կկռահեր մարդու ամենաարտահայտիչ հատկանիշները կամ, միգուցե, սիմվոլներ որսալու փորձերին տրված՝ երկար ժամանակ կանգնած կմնար կտավի առջև։ Բայց վաղ թե ուշ ես ինձ թարգմանիչ եմ կոչելու ու մարդկանց ընկալելու արվեստս ոչ թե գունային համադրության, այլ մտաթելերից կախված բառերի հյուսքի միջոցով եմ արտահայտելու՝ օտարն ու անհասկանալին ընկալելի ու ընդունելի դարձնելով։ Սա իմ ամենաբարդ թարգմանությունն է. այսօր ես հոգի եմ թարգմանելու։

…Օմարի (նրան պայմանականորեն այդպես կոչենք) հայտնվելն իմ կյանքում նման էր կայծակի փայլատակումից վայրկյաններ հետո լսվող որոտին, երբ գիտես, որ լույսին  ձայնն է հաջորդելու, բայց միևնույն է, այն անսպասելի է հնչում։ Նա եկավ, երբ ես դիցաբանությունների ուսումնասիրություններով զբաղված՝ մարդկայինի ու աստվածայինի քաոս էի ստեղծել, և ներկայացավ  ինձ ո՛չ աստծո, և ո՛չ էլ մարդու տեսքով։ Ես չգիտեմ՝ ինչպես բնութագրել նրան։ Նա այն էակներից է, որոնց մասին խոսելիս կարիք չկա սեռ, արտաքին, տարիք կամ կրթություն հաշվի առնել, դու ընդունում ես նրան, որովհետև նրա մեջ գտնում ես քո ապրած բոլոր նախորդ կյանքերը (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), նա քեզ քո մոռացված եսին է հիշեցնում ու ստիպում, որ քիչ-քիչ հիշես, հիշե՜ս, հիշե՛ս այն ամենը, ինչը երբեք չես իմացել։

-Օմա՞ր,- հարցնում եմ ես կասկածամտորեն։

-Դա մեկն է իմ անուններից, – անվրդով պատասխանում է նա,- դա մեկն է, որն օգնում է ինձ դուրս գալ սեփական գերությունից…

Ես լռում եմ։ Երբ նա խոսում է, ես չափից շատ եմ լռում, երբեմն անգամ խոսելիս եմ զգում լռությունս, երբ ամեն բառը թևավորված ներսս է լցվում… Ու ժպտում եմ, որովհետև ավելի դժվար է ինչ-որ մեկի հետ լռել կարողանալը, քան խոսելը։

-Ո՞վ ես դու,- հարցնում է ինձ ամեն առավոտ՝ երբեք այդ նույն հարցն այսպես չձևակերպելով։

Մի օր պատասխանում եմ, որ ամեն ինչն եմ ես, հաջորդ օրը՝ ոչինչը, բայց երկու դեպքում էլ ես նույնն եմ՝ դա մեկն է իմ անուններից…

Օմարը ժպիտ էլ ունի, մերթ Բուդդայի նման գիտակցված հանդարտությամբ, մերթ էլ մանկան նման խենթ պարզամտությամբ է ժպտում։ Նրա հետ խոսելիս լեզու իմանալու կարիքը չկա, հասկանում է քեզ, իսկ դու չհասկանաս էլ, լսում ես, որովհետև այնքան կարևոր են թվում այդ շշունջները, ինչպես շարականը, որ հաճախ չես ընկալում, բայց լրացնում է, բարձրացնում մտքումդ ծնված աղոթքը…

Բոլորդ եք մի պահ սպասել Օմարին, որ հայտնվել է միշտ ՊԱՏԱՀԱԲԱՐ,  իսկ երբ եկել է, ճանաչել եք միշտ ուրիշ անունով, երբ հեռացել է, չեք էլ նկատել, բայց միշտ կանչել եք անգիտակցաբար։ Մարդ է, թե հրեշ, երևույթ, թե հույս՝ դուք եք որոշում։ Բայց եթե մի օր դուք էլ ինձ նման հանդիպեք նրան, թույլ չտաք հանկարծ, որ նրա ներսի խավարն իշխող դառնա, լույսով խեղճացրեք նրա մղձավանջները ու մի վարանեք թեկուզ կոնֆետի խոստումով մի ժպիտ կորզել։

-Օմա՞ր,- դարձյալ հարցնում եմ կասկածամտորեն։

-Դա մեկն է իմ անուններից…