Մեհմանդարի շուկան

 

Այս լուսանկարները ես նկարել եմ Արարատի մարզի Հովտաշատ (Մեհմանդար), ինչպես ժողովուրդն է ասում` Մեյմանդար գյուղում: Հովտաշատ գյուղը  գտնվում է Աշտարակից 30-35 կմ հեռավորության վրա: Ես լսել էի, որ այնտեղ կա մեծ գարնանային շուկա: Խնդրեցի հայրիկիս` տանել ինձ Հովտաշատ, որպեսզի տեսնեմ, զրուցեմ մարդկանց հետ և  լուսանկարեմ: Չմերժեց ինձ հայրիկը, և մենք գնացինք: Ճանապարհը երկար էր, իսկ ես շատ անհամբեր էի: Վերջապես հասանք Հովտաշատ: Իրոք որ շատ հետաքրքիր շուկա է:

Երբ քայլում էի, բոլորը ուշադիր նայում  էին մեկ ինձ, մեկ` տեսախցիկին: Անգամ եղան մարդիկ, որ հարցնում էին, թե ինչի համար եմ նկարում, ինչ եմ անելու նկարները: Ես պատասխանում էի, որ ուզում եմ դառնալ ֆոտոլրագրող ու կատարում եմ իմ առաջին քայլերը, և այս ամենը ինձ չափից ավելի է դուր գալիս:

Լինում էին մարդիկ, որ ասում էին.

-Լավ, ջհանդամ, նկարում` նկարում ես, մի հատ էլ ժպտանք, մեզ նկարի:

Դե, իհարկե, ես չէի մերժում ու նկարում էի նրանց:
Շուկան շատ բազմատեսակ էր. կային տարբեր մրգեր ու բանջարեղեն: Ինձ շատ դուր եկավ շուկայի մթնոլորտը, և կցանկանայի այնտեղ լինել նաև աշնանը: Նորից լուսանկարելու: