Gohar Petrosyan

Մենազրույց

Բա ասում էիր՝ ուժեղ ես: Հըն, հիասթափվեցի՞ր: Լավ չի…
Հիշո՞ւմ ես, երբ մառախուղի մեջ էիր, բայց շարունակում էիր քայլել, մի լույս էիր փնտրում, թե չլիներ էլ՝ ներսիդ լույսով կքայլեիր: Ականջներդ արդեն սկսել էին ցավել մարդկանց «Չե՛ս կարող»-ներից: Թքած ունեիր: Դե, ոչինչ չկար, որ վեր-վեր թռչեիր, բայց ամեն գիշեր քնելուց առաջ հասցնում էիր ժամերով սուզվել մտքերիդ մեջ ու ամենակարող դառնալ: Սպասում էիր, որ լույսը բացվեր՝ մի լավ բան անեիր, մի լավ գործ առաջ գցեիր, մի բան ավել կարդայիր-գրեիր: Ժամերով կկարդայիր ու չէիր ասի՝ հերիք է: Ալարե՞լ. ծիծաղդ գալիս էր այդ մասին անգամ մտածելուց: Թե մի օր գային ու ասեին, որ բարեկամիդ բարեկամը գրածներդ կարդացել ու հավանել է՝ վե՜րջ, մի ուրախություն, մի խինդ, մի մոտիվացիա:
Միշտ լույսի հույսը մեջդ էիր պահում ու թքած, թե խավարի մեջ չէիր խեղդվում: Մարդիկ չարախոսում էին, իսկ դու մտածում. «Գուցե ինչ-որ բան այն չե՞մ արել»: Ամեն ինչ անում էիր, որ օրդ հարթ անցներ՝ առանց խնդրի, ինչքան էլ որ քեզնից կախված չէր: Եթե գիշերը հանգիստ խղճով էիր քնում՝ երանություն էր: Մի նոր ցավի առաջ կանգնելուց էլ ասում էիր՝ «Ոչինչ, նոր բան սովորեցի»: Մի գրքում կարդացել էիր, որ թախծոտ աչքերն ամենագեղեցիկն են, կրկին նոր հույս էր մեջդ ի հայտ եկել. գոնե  աչքերդ գեղեցիկ կլինեին: Գիտես… Կարոտում եմ քեզ: Թե կարողանայի հետ գնալ անցյալ ու կանգնել քո առաջ՝ մի լա՜վ կգրկեի քեզ:
Բա մտածում էիր՝ ուժեղ ես, չես հիասթափվի երազանքներիցդ:
Հա, նոր հիշեցի. մեկը մի առիթով մաղթել էր, որ չհասնեիր երազանքներիդ: Ծիծաղո՞ւմ էիր: Դե նստի՛ր ու լացիր ներսիդ դատարկության հետ, չէ՞ որ թախծոտ աչքերն ամենագեղեցիկն են:
Շատ ես փոխվել: Ո՞ւր կորավ մեջիդ կրակը, մոտիվացիադ, հիմա էլ հո շատ հիմքեր ունես վեր-վեր թռչելու: Բա ինչի՞ չես թռչում: Հիասթափվե՞լ ես: Արի ու անկեղծացիր, ձեռքդ դիր խղճիդ ու ասա, որ հիասթափվել ես (ոնց որ ասում են՝ «պրիզնատ արի»): Դե հիմա ասա, թե ինչի ես հիասթափվել: Շա՞տ ես կորցրել, դժվարությունները անպակա՞ս են, մեջիդ լո՞ւյսը դուրս եկավ ու լուսավորեց ճանապարհդ: Է՜հ, թող ճանապարհդ մութ լիներ, բայց գոնե լույսդ մեջդ մնար: Ինչի մասին երազում էիր երեկ, այսօր ապրում ես դրանում: Դե բա ինչո՞ւ ես տխուր:
Դու հիասթափվեցիր բոլորից, անցյալից, ներկայից ու ապագայի անունն անգամ լսել չես ուզում: Հիասթափվել ես իրականությունից, մեջիդ դատարկությունից, դատարկությունդ լցնել ցանկացողներից: Դու հիասթափվել ես անգամ երազանքներիցդ: Վախենո՞ւմ ես այդ փաստը ընդունելուց: Մի՛ վախեցիր, դու դժվարություններից չես վախեցել, ուր մնաց թե փաստեր ընդունելուց վախենաս: Ոչինչ, որ հիասթափվել ես բոլորից, բայց խնդրում եմ՝ չհիասթափվես ինձնից: Բոլոր գնացողներից մնացողը ես եմ, վերջ ի վերջո՝ մեջիդ լույսը: Եվ հիշիր՝ քեզ գեղեցիկ աչքեր պետք չեն: