Մենք արդեն թղթակից ենք

Երբ  դարձա պատանի թղթակից, մեզ հանձնարարեցին գրել տարբեր թեմաներով նյութեր: Նախ գրեցի երկու շարադրություն`«Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով: Ես շատ բան ունեի գրելու: Օրեր անց ես և ընկերուհիս՝ Անին, վերցնելով ֆոտոապարատը որոշեցինք գնալ գյուղի տեսարժան վայրերը նկարելու: Մենք մեծ ցանկություն ունեինք հմտանալ այդ գործում, քանի որ արդեն տեղյակ էինք, որ պատանի թղթակիցները բացի նյութեր գրելուց նաև նկարում են նյութի վերաբերյալ լուսանկարներ:

Որոշեցինք գնալ «վերևի» մանկապարտեզ, ինչպես մեր գյուղում են ասում, քանի որ գյուղում ունենք երկու մանկապարտեզ: Առաջինը` ներքևի թաղերում է, երկրորդը` վերևի: Մտնելով այնտեղ նախ ներկայացանք: Դե որ համագյուղացիներ էինք, տատիկ-պապիկով ճանաչեցին: Ասեմ` թղթակիցների համար մի կողմից հեշտ է, որ գյուղում իրենց ճանաչում են, բայց մյուս կողմից էլ դժվար: Երեխաների ճաշի ժամն էր, նրանք ուտում էին, իսկ մենք նկարում էինք ամեն ինչ: Երեխաները կարծես թե ուրախ էին, երևի մտածում էին, որ լրագրողներ ենք: Այնտեղ տեսա իմ դաստիարակչուհիներին, ես նույնպես այդ մանկապարտեզն էի հաճախել:

Այնուհետև բարձրացանք եկեղեցի: Նկարեցինք այնտեղ ամեն ինչ: Իսկ երբ վերադարձանք, նկատեցինք մանկապարտեզի սաներից մի քանիսին ու լսելով նրանց խոսակցությունը ծնողների հետ, սկսեցինք ծիծաղել.

-Մամ, տե՛ս, նկարողներն են,- ժպտալով ասում էին նրանք:

Շատ հաճելի էր լսել, որ մենք արդեն ոչ միայն իրենց համագյուղացի էսինչի թոռ Սոնան ու Անին ենք, այլ լրագրող, թղթակից: Դա նաև պարտավորեցնող է:

Լուսանկարները` Սոնա Թումանյանի և Անի Շահբազյանի