Elen Hakobyan Ararat

Մենք կհանդիպենք

Մոտ 3 ամիս առաջ մեծ նպատակներ ու արդեն իսկ ծրագրած պլաններ ունեինք ապագայի հետ կապված և մեզնից ոչ ոք չէր մտածի, թե ինչպես ու ինչ պայմաններում կխափանվեր ամենը, ու թե ինչպես մեր կազմած, օրինաչափորեն գծած պլանները կանհետանային, քանի որ բնությունը որոշել էր հենց այս գարնանը պատժել մեզ (եթե կարելի է էդպես ասել)։

Դե ինչ, ամեն դեպքում, անկախ ամեն ինչից՝ մենք ավարտում ենք դպրոցը, եզրափակում ենք այն տասներկու տարիները, որոնք անցան ուրախ ու տխուր, վիճելով, հաշտվելով, շատերին կորցնելով, նորերին ընդունելով, դժվարություններով ու անմոռանալի պահերով։ Անցան ու սովորեցրին մեզ շատ բաներ անել ու զգալ կյանքում առաջին ու գուցե վերջին անգամ։

Իսկ հիմա մենք գնում ենք՝ դպրոցի գրասեղանին թողնելով մեր պայծառ ու գորշ մտքերը, մեր արցունքները, մեր անսահման երջանկությունը, մեր հավատը, հույսը, սերը…

Այդ գրասեղանների շուրջ կրկին դպրոցականներ կհավաքվեն, կտխրեն, կվիճեն, կհաշտվեն, կսիրեն ու կապրեն այդ օրերը՝ առանց հասկանալու, որ ապրում են իրենց կյանքի ամենագեղեցիկ ու անհոգ տարիները, ինչպես և չգիտեինք մենք (գուցե հենց դա է ավելի գեղեցիկ ու հուզիչ դարձնում հրաժեշտի պահը)։

Մեզնից յուրաքանչյուրի սրտում մի անհասկանալի տագնապ կա, որը չի թողնում առաջ շարժվել, չնայած դրան՝ մենք պատրաստվում ենք քննություններին, կրկին գծում ենք պլաններ՝ այս անգամ արդեն ուսանողական կյանքի համար և առհասարակ այն կյանքի, որը սպասում է մեզ դպրոցից դուրս։

Կտարբերվի այս վերջին զանգը բոլոր այն վերջին զանգերից, որոնք տեսել եմ ու սպասել իմ զանգին։ Մեքենաները չեն սլանա ու բարձր երաժշտության ներքո չենք գոռա 12-ի բ/ա։ Զանգը չի հնչի այնքան զրնգուն ու այնքան բարձր, որքան պիտի հնչեր։ Չենք պարի մեր վերջին վալսը, չենք գրկի իրար ամուր ու միասնական, ինչպես պիտի գրկեինք վերջին միջոցառման օրը։ Գուցե չհնչեն տասներկու տարի սրտում պահած խոսքեր ու երևի թե դասարանում ամեն մեկս մեր գրասեղանի մոտ նստած արդեն ասել ենք իրար մեր վերջին խոսքերը, ո՞վ իմանա։

Մտածում էի, որ շատ բան կպատմեմ ու մի երկար նյութ կստացվի, բայց չկարողացա, առաջին անգամ շարադրեցի մտքերս ու չկարողացա ավարտել, բայց մի բան պիտի ասեի, մի բան, որը գուցե չէի ասի առաջ ու չեմ ասի հետո. ես սիրահարված եմ դպրոցական տարիներին, դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել ու կմնան, վստահ եմ։

Անկախ իրավիճակից ու հանգամանքներից՝ առաջ նայեք ու դարձեք ամենալավը, մենք նոր ու ավելի հզոր Հայաստանի գրավականն ենք։ Գտեք ձեզ ձեր սիրելի աշխատանքի մեջ, նվիրվեք ու մի լավ բան արեք ձեր ընտանիքի, շրջապատի, համայնքի, երկրի համար։ Մի օր անպայման նորից կհանդիպեք ձեր դպրոցական ընկերներին, նորից կկատակեք ու նորից կապրեք նրանց կողքին ու նրանց հետ, ապրեք՝ սպասելով այդ օրվան ու երազելով այդ օրվա մասին։