Էլեն Հակոբյանի բոլոր հրապարակումները

Elen Hakobyan Ararat

Ուսանողի օրագրից. Մենք ետ ենք գալու

Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, որոնք պիտի գրվեին, պիտի դառնային պատմություն: Որպես հասարակ ուսանող պիտի պատմեի ձեզ մի առեղծված, մի օր, մի ժամ, որն իր հետքն էր թողել կյանքումս: Բայց փոխվեց ամեն ինչ՝ իմ, քո ու նրա կյանքերը փոխվեցին, ինչքան որ հնարավոր էր:

Օրը փոխվել էր, աչքերս փակվեցին օրվա ծանր ու տխուր մտքերից։ Քնեցի նույն մտքով՝ հաղթելու ենք, ես երբեք չեմ կասկածել դրանում, ամեն օր եմ այդ մտքով քնել։ Եթե քնեի այդ գիշեր, եթե չտեսնեի այն, ինչ տեսա, եթե չլսեի, չզգայի, եթե ընկերներ չկորցնեի, եթե առաջվանը լինեի… Եվ հիմա եմ զգում, որ ես ոտքից գլուխ վրեժ եմ դարձել։ Ուզում եմ առնել բոլոր նրանց վրեժը, ովքեր չկան, բայց անզորության հանդարտ հոսանքը ինձ միշտ տապալում է այնտեղ, որտեղ կանգնում եմ։

Երբեք ու ոչ մի ազգ չի կարող ասել, որ հասկանում է մեզ, չհավատաք, չի կարող, մինչև իր տանը, իր ծննդավայրում չսպանեն իր հայրենակցին, եղբորը, հորը, սիրուն մի բանի համար միայն։ Մեր դեպքում «հանցանքը» հայ լինելն էր։ Դժվար է հայ լինելը, ու հիմա եմ հասկանում միայն, թե ինչու։

Հուսահատության մի դառը զգացում համակեց ինձ։ Զգացի՝ նորից հաղթեցինք աշխարհին, նորից վազեցինք արդարության ետևից ու նորից մենակ մնացինք, աշխարհն էլ սփոփեց մեզ, որպես պարտվող։

Ու այսօր մենակ ենք թողնում քեզ, ինչպես մենակ են թողնում տան փոքրին, բայց ում ամենից շատն են սիրում, ում ատամներով պաշտպանում են, բայց մի օր անզորությունից լքում են ու գնում, որ ավելի լավը դարձած ետ գան։ Մենք էլ թողնում ենք քեզ, քո հողի վրա ընկավ ընկերս, եղբայրս, հարազատս, գրկի՛ր նրանց, սու՛րբ պահիր նրանց արյունը ու սպասի՛ր։ Մենք ետ ենք գալու։ Չգիտեմ՝ քանի օրից, քանի տարուց, բայց գալու ենք։

Երազանքս գրկելու եմ ու ապրեմ, ամուր գրկելու եմ քեզ չտեսած, քեզ հետ չնկարված ու քեզնով չհիացած օրերս, գրկելու եմ քո գրկից եկած զինվորներին ու հոտն եմ առնելու քո, շունչդ եմ զգալու, վանքիդ «Տեր ողորմեա»-ն եմ լսելու։ Հաղթանակի ոգով, հաղթանակը ամուր բռնած, բայց պարտված, իրենց ձեռքերն եմ համբուրելու։ Ծնկելու եմ, աղոթեմ ու զգամ, որ քո վանքում եմ, զգալու եմ, որ իմն ես, որ ապրեմ։

Համբուրում եմ վանքիդ պատերը, գրկում եմ ամեն մի քարդ, փարվում եմ  բնությանդ։ Տե՛ս ինձ, զգա՛ ինձ ու ձա՛յն տուր, կանչի՛ր ինձ, ու ես կգամ։ Կթողնեմ տունս, կթողնեմ նրան, ում տեսա մի օր ու սիրեցի, կթողնեմ ամենաթանկը ու կգամ, որովհետև քեզնից թանկ էլ ոչինչ չմնաց։

Հայրենիքս, տունս, ես, երազանքներս չքացան: Հասկացա, որ դատարկ բաների մասին եմ երազել։ Հիմա ապրում եմ, որ մի օր գիրկդ գամ, որ եղբայրներիս կարոտն առնեմ, իրենց ոտնահետքերն ամենից երանելի ճանապարհին են մնացել, որ կենդանանան ու ինձ հետ քայլեն։

Ու գիտե՞ս ինչու. ես հասկացա, որ պարտական եմ, բայց ինքս էլ չգիտեմ, թե ում։ Ես պարտական եմ Նրան, նրան ում  չեմ ճանաչում ու նրան, ում հետ մի ամբողջ կյանք ապրեցի։ Ես պարտական եմ այն անջնջելի սպիով և կաղացող ոտքով երիտասարդին, ում հետ մետրոյի ամբոխի մեջ ենք։ Ես պարտական եմ այն փոքրիկ խանութի վաճառողուհուն, այն պատկառելի տարիքով և աչքերի խորը թախիծով կնոջը, ում որդին ետ չեկավ պատերազմից։ Բոլորս մնացինք պատերազմի դաշտում, մեր մարմինները ետ եկան, հոգիները, պատերազմում խաղաղություն փնտրող ու ապրելու իրավունքը շալակած, մնացին այնտեղ՝ ամպերից վերև, որտեղ աղավնիներն են ճախրում ու մարտնչում են արծիվները։

Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, և ուսանողն ինքն էլ փոխվեց ու գուցե փոխվեց ընդմիշտ…

Elen Hakobyan Ararat

Ուսանողի օրագրից

Կան մարդիկ, որ սովորեցնում են մեզ լինել ավելի գեղեցիկ, ու կապ չունի, որ մենք անինքնավստահ ենք, անտաղանդ կամ չափից շատ ենք խոսում, երբ նրանք մեզ հետ են, մենք դառնում ենք իդեալական։ Կան մարդիկ, ովքեր վարպետորեն կարողանում են կոտրել մեզ, այնպես, կարծես դա իրենց ողջ կյանքի նպատակն է կամ մասնագիտություն, որում նրանք վարպետորեն լողում են։ Կարևոր չէ, թե ինչ ենք արել, որքան մեծ է մեր հաջողությունը կամ ձախողումը, երկու դեպքում էլ մենք արժանանում ենք «շատ կարևոր ու թանկ» քննադատության։ Եվ հակառակը՝ կան մարդիկ, ովքեր միշտ մեզ վեր են տանում, ստիպում են, որ միշտ պայքարենք, հաղթենք, հաջողենք և կամ պարտվենք արժանապատվորեն, նրանց հետ մենք հավատում ենք մեր ուժերին։

Կան մարդիկ, ովքեր մեզ ոչինչ չեն տալիս ու կան, որ տալիս են այն, ինչ ունեն։ Կան մարդիկ, ովքեր եկան, գնացին կամ եկան ու կարծում էիր, որ մնալու են հավերժ, բայց նրանք էլ գնացին, ովքեր դեռ չեկած գնացին կամ նրանք, որ միշտ եղել են, բայց այսօր չկան, ովքեր կարծում էիր, որ ոչ ոք են, բայց հենց իրենք մնացին, մնացին հավերժ, որ սովորեցնեն մեզ ապրել շա՜տ գեղեցիկ։ Ու անկախ այս անհասկանալի գնացող-եկացողներից, անկախ լավ ու վատ օրերից, ժպիտներից ու արցունքներից, ես շնորհակալ եմ բոլորից ու պարտական եմ նրանց բոլորին։ Չէ՞ որ բոլորից սովորել եմ. մեկից՝ սիրել, մյուսից՝ ատել, հաջորդից՝ ժպտալ, իսկ այն մյուսից՝ չհավատալ, չվստահել։ Ես նրանցից սովորել եմ ապրել ու դառնալ ավելի լավը։

Դե, իսկ հիմա ժամանակն է, որ ավելի ինքնավստահ ու ինքնուրույն քայլեմ ու ինքս հարթեմ ճանապարհս։ Անկախ նրանից, թե ուր կգնամ ու ինչպես կդասավորվի իմ՝ ուսանողիս կյանքը, ես մի բանաձև ունեմ կյանքի համար։ Բոլորը կժպտան մեզ, երբ հաջողակ կլինենք ու ոչ ոք չի նկատի մեզ, երբ ամեն անկյունում հոգնած աչքերով, գիշերը չքնած ու դասի եկած ուսանողը կհարթի իր հաջողության ուղին, այլ հակառակը՝ կխանգարեն։ Պիտի հաղթենք ինքներս մեզ, հետո՝ ուրիշներին, սիրենք մեզ, հետո՝ ուրիշներին։ Եվ երբ կսովորես սիրել ու ընդունել բոլորին էնպես, ինչպես իրենք կան, այլ ոչ թե կհանդուրժես, երբ անկեղծ բարին կմաղթես ու կհեռանաս էնտեղից, որտեղ չեն սպասում քեզ, երբ սեփական անունդ ու արժեքներդ չես վաճառի ուրիշին ու չես անցնի վրայովդ և երբ կմնաս մենակ, բայց չես հիասթափվի, դու կհաղթես քեզ էլ, շրջապատիդ էլ կյանք կոչվող պատերազմում, գլուխդ բարձր կքայլես ու կժպտաս աշխարհին։

Հ.Գ․ Անկախ նրանից, թե որ շենքից որն եք տեղափոխվել, թե ովքեր են ձեր շրջապատում ու ինչ են ասում ձեր մասին, հավատացեք ձեզ, ժպիտով և ուժեղ ընդունեք բոլոր նրանց, ովքեր գալու են ու գնան, գալու են ու գնան մինչև ձեր կյանքի ավարտը։ Ձեզ հետ մնալու եք միայն դուք, հա, ու մոռացա, մեկ էլ ամենակարևորը՝ դուք։

Elen Hakobyan Ararat

Ամենակարևորը

Դե հա, իհարկե, ժամանակի ընթացքում սովորում ենք ամեն ինչի հետ ապրել, ապրել կողք կողքի ու շատ մոտ իրականությանը։ Մենք առաջ ենք գնում, գտնում ենք, կորցնում, բարձրանում, ընկնում։ Մեր սերունդը տեսավ նաև պատերազմ, ապրեց դժվար օրեր, հետո 16 թվի դեպքերը դարձան պատմություն, մեկուկես էջանոց մի սովորական թվացող պատմություն դպրոցական 12-րդ դասարանի գրքի մեջ։ Մենք սովորեցինք պատմել այդ դասը սառնասրտորեն՝ կանգնելով դասարանում, թվանշաններ ստացանք ու շարժվեցինք առաջ։ Ի՜նչ հեշտ է, չէ՞։

Չգիտեմ՝ բոլորն են գիտակցում դա, թե ոչ, բայց մենք այսօր էլ պատերազմում ենք, ուղղակի երկու կամ երևի թե երեք-չորս ճակատով։ Մենք պայքարում ենք համացանցում ապատեղեկատվության դեմ, հիվանդանոցներում՝ անտեսանելի վարակի դեմ, երկրի ներսում՝ թշնամու, ով կրկնակի վտանգավոր է և իհարկե, սահմանին՝ միշտ զգոն։
Լիրիկական զեղումներն անիմաստ են էստեղ, պարզապես մի բան, որ պիտի շատ ասվեր, արի ու տես՝ չի ասվում։

Վախենամ՝ այս վարակը թողնի իր անջնջելի հետևանքները։ Չէ՞ որ մենք սովորեցինք մարդկանց գրկել ու համբուրել հեռվից, սովորեցինք հեռվից սիրել, հեռվից կարոտել ու հենց էդպես էլ քիչ-քիչ հեռացանք իրարից։ Մենք սովորեցինք նայել աչքերին ու այնտեղ կարդալ ամեն ինչ, դիմակի ետևից տեսանք ժպիտներ, որոնք գուցե չտեսնեինք առանց դիմակի, իրար սկսեցինք դիմակներ նվիրել՝ որպես հոգատարություն, ու հեռացանք իրարից նույն հոգատարությամբ։

Պատերազմները խլում են մեզնից ամեն-ամեն ինչ, բայց մենք նորից սովորում ենք ապրել, ապրել առանց ոչնչի ու ոչնչի կողքին։

Եկեք թույլ չտանք, որ այս բազմաճակատ պատերազմը մեզնից խլի ամենաթանկը՝ մարդկային սերն ու շփումը։ Մենք բոլորս պատերազմում ենք, պիտի սովորենք սիրել ու առաջ շարժվել պատերազմի լայն ճակատում, պիտի չդադարենք սիրել, երբե՛ք։

Elen Hakobyan Ararat

Մենք կհանդիպենք

Մոտ 3 ամիս առաջ մեծ նպատակներ ու արդեն իսկ ծրագրած պլաններ ունեինք ապագայի հետ կապված և մեզնից ոչ ոք չէր մտածի, թե ինչպես ու ինչ պայմաններում կխափանվեր ամենը, ու թե ինչպես մեր կազմած, օրինաչափորեն գծած պլանները կանհետանային, քանի որ բնությունը որոշել էր հենց այս գարնանը պատժել մեզ (եթե կարելի է էդպես ասել)։

Դե ինչ, ամեն դեպքում, անկախ ամեն ինչից՝ մենք ավարտում ենք դպրոցը, եզրափակում ենք այն տասներկու տարիները, որոնք անցան ուրախ ու տխուր, վիճելով, հաշտվելով, շատերին կորցնելով, նորերին ընդունելով, դժվարություններով ու անմոռանալի պահերով։ Անցան ու սովորեցրին մեզ շատ բաներ անել ու զգալ կյանքում առաջին ու գուցե վերջին անգամ։

Իսկ հիմա մենք գնում ենք՝ դպրոցի գրասեղանին թողնելով մեր պայծառ ու գորշ մտքերը, մեր արցունքները, մեր անսահման երջանկությունը, մեր հավատը, հույսը, սերը…

Այդ գրասեղանների շուրջ կրկին դպրոցականներ կհավաքվեն, կտխրեն, կվիճեն, կհաշտվեն, կսիրեն ու կապրեն այդ օրերը՝ առանց հասկանալու, որ ապրում են իրենց կյանքի ամենագեղեցիկ ու անհոգ տարիները, ինչպես և չգիտեինք մենք (գուցե հենց դա է ավելի գեղեցիկ ու հուզիչ դարձնում հրաժեշտի պահը)։

Մեզնից յուրաքանչյուրի սրտում մի անհասկանալի տագնապ կա, որը չի թողնում առաջ շարժվել, չնայած դրան՝ մենք պատրաստվում ենք քննություններին, կրկին գծում ենք պլաններ՝ այս անգամ արդեն ուսանողական կյանքի համար և առհասարակ այն կյանքի, որը սպասում է մեզ դպրոցից դուրս։

Կտարբերվի այս վերջին զանգը բոլոր այն վերջին զանգերից, որոնք տեսել եմ ու սպասել իմ զանգին։ Մեքենաները չեն սլանա ու բարձր երաժշտության ներքո չենք գոռա 12-ի բ/ա։ Զանգը չի հնչի այնքան զրնգուն ու այնքան բարձր, որքան պիտի հնչեր։ Չենք պարի մեր վերջին վալսը, չենք գրկի իրար ամուր ու միասնական, ինչպես պիտի գրկեինք վերջին միջոցառման օրը։ Գուցե չհնչեն տասներկու տարի սրտում պահած խոսքեր ու երևի թե դասարանում ամեն մեկս մեր գրասեղանի մոտ նստած արդեն ասել ենք իրար մեր վերջին խոսքերը, ո՞վ իմանա։

Մտածում էի, որ շատ բան կպատմեմ ու մի երկար նյութ կստացվի, բայց չկարողացա, առաջին անգամ շարադրեցի մտքերս ու չկարողացա ավարտել, բայց մի բան պիտի ասեի, մի բան, որը գուցե չէի ասի առաջ ու չեմ ասի հետո. ես սիրահարված եմ դպրոցական տարիներին, դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել ու կմնան, վստահ եմ։

Անկախ իրավիճակից ու հանգամանքներից՝ առաջ նայեք ու դարձեք ամենալավը, մենք նոր ու ավելի հզոր Հայաստանի գրավականն ենք։ Գտեք ձեզ ձեր սիրելի աշխատանքի մեջ, նվիրվեք ու մի լավ բան արեք ձեր ընտանիքի, շրջապատի, համայնքի, երկրի համար։ Մի օր անպայման նորից կհանդիպեք ձեր դպրոցական ընկերներին, նորից կկատակեք ու նորից կապրեք նրանց կողքին ու նրանց հետ, ապրեք՝ սպասելով այդ օրվան ու երազելով այդ օրվա մասին։

Elen Hakobyan Ararat

Հանկարծ շրջվեցի

Քննությունների թոհուբոհի մեջ հաճախ շատ բաներ ենք անտեսում ու մոռանում։ Մոռանում ենք ուշադրություն դարձնել նրանց, ովքեր անհանգստանում են մեզ համար, մոռանում ենք մեզ շրջապատող մանրուքների կարևորությունն ու անգամ մեզ ենք մոռանում։ Դադարում ենք մտածել, թե ինչ նախասիրություններ ունենք, ինչ ժանրի ֆիլմ կդիտեինք կիրակի երեկոյան և թե որտեղ կզբոսնեինք ուրբաթ օրը դասերից հետո։

Մի օր հայոց լեզվի ուսուցչուհիս երկար նայեց մեզ ու ասաց.

-Ի՞նչ եք դարձել, մոռացել եք ձեզ,- ու հառաչելով ավելացրեց,- կրթական համակարգը փչացնում է իմ երեխաներին, ձեր աչքերի փայլը կորել է։

Ինչևէ, ճանապարհը ինքս եմ ընտրել և բոլորովին չեմ բողոքում, բայց և այնպես ցանկացա մի բան պատմել իմ զբաղված առօրյայից։

Օրվա դասին էի շտապում՝ հաջորդ օրվա դասերի մասին մտածելով, եթե մի փոքր էլ շտապեի, քայլերս վազքի կվերածվեին, ու Նեմրա էի լսում (այդ այլընտրանքային ռոք խմբի երգերը իմ այլընտրանքային կյանքի համար են)։ Երգը վերջացավ, ու մի քանի վայրկյանից պիտի նորը սկսվեր, բայց հաջորդ երգին անցնելու այդ դադարը փոխեց իմ այդ օրվա և գալիք օրերի մասին ակնկալիքները։ Մի նվաղած ձայն լսեցի, բայց չկարծեցի, որ ինձ է ուղված, շարունակեցի քայլերս, բայց ավելի դանդաղ ընթացքով, երգի ձայնն անջատեցի և լարեցի լսողությունս, և այո, չէի սխալվում, ինձ էր կանչում մի անծանոթ։ Շրջվեցի, մի ծեր մարդ էր, մի քանի անգամ ձայն էր տվել, բայց չէի լսել, ներողություն խնդրեցի, պատճառաբանեցի, որ երգիս ձայնը բարձր էր ու հարցրի՝ ինչով օգնեմ։ Հառաչեց, նստեց մոտակա քարին, ինձ էլ կանչեց իր մոտ։ Չնայած, որ ուշանալու էի, բայց գնացի պապի հետ։ Նայեց ինձ, նայեց հեռախոսիս, հետո՝ գրքերիս ու ասաց.

-Աղջիկ ջան, սովորում ես՝ լավ ես անում, արևդ ապրի, բայց կբացատրե՞ս՝ ինչի ես դասի գնում աչքերդ ու ականջներդ փակ, զգայարաններդ անջատած ու անտարբեր մարդկանց նկատմամբ։

Երբ փորձեցի բացատրել պապին, որ ուղղակի երգ էի լսում լիցքաթափվելու համար, նա ինձ ընդհատեց ու շարունակեց.

-Ականջներդ փակ քայլում ես ու չես էլ զգում, որ մեկը բղավում ա, որ շրջվես օգնես, վա՞տ կլինի, ասա՛, վա՞տ կլինի։ Ինչի՞ են հիմա ջահելները էսքան անտարբեր, ինչի՞ են էսքան էգոիստ։ Չէ, բալես, դու մեղավոր չես, բոլորն են տենց, բոլորն անխտիր կույր են, խուլ են, համր են ու զոմբի են դարձել։

Պապը լացեց, ես էլ ամոթից չգիտեի՝ ինչ անել, զգացվեց, որ պապի սիրտը ուղղակի լցված էր, ու ոչ թե բարկացավ իմ ականջակալներից, այլ ուղղակի էդ պահին ես դարձա իր համբերության բաժակի էն վերջին կաթիլը։ Միակ բանը, որ կարողացա ասել, ներողությունն էր ու գրեթե ծնկած՝ պապին խոսք տվեցի, որ էլ երբեք անտարբեր չեմ լինի, զգոն կքայլեմ, որ ամեն քայլիս իմ կարիքը ունեցողին օգնեմ։

-Գնա, բալես, ինձ բան պետք չի, գնա հանգիստ երգդ լսելով, Աստված քեզ հետ։ Ապրի, բալես, հասցրու ապրել, էդ զիբիլից դուրս շատ սիրուն աշխարհ կա (հայացքով ցույց տվեց հեռախոսս)։ Կողքերդ նայելով քայլի, որ մեկին պետք գաս՝ միանգամից ձեռք մեկնես, անտարբերությունը սարսափելի բան ա, բալես։ Կյանքը շատ դառն ա, օձի լեղի ա, եթե մարդու լավ գործը չլինի, կյանքը կյանք չի (զգացի, որ շատ սիրուն գործից մի հատված ցիտեց)։
Պապին գնաց, ես մնացի տեղում։ Ուշացա պարապմունքից, բայց մի բան հասկացա ու հասկացա ամբողջ կյանքիս համար։

Հ.Գ․ Երբ դուրս գաս փողոց քո սովորական ճամփով քայլելու, ուշադիր եղիր, որ նրան, ով ունի քո կարիքը, օգնես։ Անտարբերությունը շա՜տ սիրուն բաներ սպանելու տարօրինակ ու զարմանալի ուժ ունի։ Տարբեր հոգսերով ու տառապանքներով շտապ-շտապ քայլող մարդկանց մտահոգ դեմքին ժպիտ նվիրողներից մեկը եղեք։