Մենք մենակ չենք

-Էսօր գիշեր սաղդ կքնիք. ես ֆուտբոլ բդի նայեմ…

Այո’, երբ ես ֆուտբոլ եմ նայելու, բոլորը քնած են լինելու, կամ ցանկության դեպքում, եթե իհարկե մինչև վերջ նայելու են, կարող են ինձ հետ նայել հանդիպումը:

Իսկ իմ ֆուտբոլ նայելը մի իսկական հանդիսություն է. հագնում եմ իմ սիրած ակումբի՝ «Բարսելոնայի» շապիկը, դնում Բարսայի լոգոյով գլխարկս, պատին ամրացնում եմ իմ սարքած մեծ պաստառը, թուղթ ու գրիչը վերցնում եմ ձեռքս ու նստում եմ խաղը նայելու:

Ամեն ինչ պետք է ըստ կարգի լինի. սկզբում օրհներգն է հնչում, ու էդ րոպեից մերոնց քունը խանգարվում է, քանի որ ես, լինելով հավատարիմ երկրպագու, ֆուտբոլիստների հետ հավասար երգում եմ. Blaugrana al vent, un crit valent tenim un nom el sap tothom: Barca, Barca, Barca…

-Լիլի’, քիչըմ կամաց:

Կարող է թվալ, որ սա ձևականություն է, բայց հնարավոր չէ արդեն իսկ 7 տարի ձևացնել: Երբ փոքր էի, ֆուտբոլ մեծ եղբորս հետ էի նայում՝ թիմերին տարբերելով մարզաշապիկի գույներով միայն: Ճի’շտ է, եղբայրս բացատրում էր, սակայն միևնույնն է. շապիկի գույներով տարբերելը ավելի հեշտ էր…

Իսկ մի ուրիշ հաճույք է այն, երբ Բարսաս իր հերթական գոլն է խփում, և այդտեղ ես մտածում եմ, թե ինչ եմ ասելու այն ընկերներիս, որոնք Մադրիդի «Ռեալի» երկրպագու են. ֆուտբոլ նայողները կհասկանան ինձ, որովհետև ամենահավես բաներից մեկը այն է, երբ հեգնում ես քո չսիրած թիմին:

Այո˜… Հերթական հաղթանակը…

Առավոտյան գնում եմ դպրոց, ու սկսվում է.

-Հը, Լի’լ, ի՞նչ էղավ:

Ու ես հպարտորեն միշտ ասում եմ, որ հաղթել ենք՝ ոգևորված բացատրելով խփած գոլը:

Էդ էլ մի ուրիշ հաճույք է, երբ տղաները ինձանից են իմանում խաղի մանրամասները…

Բայց երբ սկսում են լուրջ չվերաբերվել, ինչ-որ մեկնաբանություններ անել, իմ սիրած ֆուտբոլիստներին ասել, որ լավը չեն, կամ որ շատ աղջիկների նման ես էլ եմ ֆուտբոլիստների գեղեցիկ լինելու համար նայում ֆուտբոլ, ես կատաղում եմ, որովհետև իմ սիրած ֆուտբոլիստների ցանկի մեջ մտնում են նաև Դիդիե Դրոգբան, Նիկոլա Անելկան, Զլատան Իբրահիմովիչը և այլք. չէ՞ որ նրանք այդքան էլ գեղեցիկ չեն:

Ինչևէ…Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ըստ իս, աշխարհում միակ բանն է, որի ժամանակ աշխարհը մի պահ կանգ է առնում և իր կարճատև քնից արթնանում, երբ բարձրանում է երկրպագուների հսկա ալիքը… Եվ երևի պատահական չէ այն, որ ամեն տարի ծննդյանս օրը միշտ համաշխարհային մակարդակի մի հանդիպում է լինում, որից ես էլ ավելի եմ ոգևորվում: Ֆուտբոլասերները մի ունիվերսալ լեզու ունեն, որը նույնն է բոլոր մշակույթների և մարդկանց համար: Եվ ես գիտեմ, որ իսկական ֆուտբոլասերները երբեք մենակ չեն: Մենք լեգեոն ենք, և միակ բանը, որ ընդհանուր է մեզ համար, ֆուտբոլն է…