Մետրո

Քաղաք գնալուս համար մեկ ուրախությունը մետրո մտնելն է։ Ինձ ճանաչողները գիտեն իմ՝ մետրոյի հանդեպ ունեցած սիրո մասին։ Եթե մարդկանց համար մետրոն ուղղակի արագ փոխադրամիջոց է, ապա ես նրանց նման չեմ: Մետրոյում էնքան հանգստություն ու խաղաղություն կա, որ փնտրում են մարդիկ գետնի վրա, չմտածելով, որ այն հենց գետնի տակ է` մետրոյում, թեև բոլորը չեն, որ զգում են։

Մետրոյի հոտից մենակ արդեն կարող ես մոռանալ ամեն ինչ, ինչ կատարվում է շուրջդ: Ուղղակի մտիր մետրո, կանգնիր ու շնչիր: Թող անցնեն մարդիկ շտապելով, բայց դու մնա ու շնչիր։

Մետրոյի մեջ արվեստ կա, քարերի,  նստարանների, բարձրացող ու իջնող շարժասանդուղքների,  նստարանների ու վերջապես տարբեր հայացքներով մարդկանց մեջ։ Սիրում եմ անգամ էն մարդկանց, որոնք ոտքից գլուխ զննում են իրենց դիմաց նստողներին: Անգամ եթե մի քանի կայարան ես անցնում, հասցնում ես մտքում «խոսել» դիմացինիդ հետ։ Ու եթե ուշադիր լինես, կգտնես մարդկանց, որոնք սիրում են մետրոն ինձ նման, նրանց կգտնես հենց կայարաններում, շնչելի՜ս։

Հ.Գ. Եթե ունես մետրոյի նկարներ, տեղադրիր մեկնաբանություններում, ես դրանցից կարոտս առնում եմ: