anna Baghdasaryan lori

Մեր բաժին արևը նվիրեցինք նրանց

Սովորական ամառային առավոտ էր: Արթնացա ու իմացա, որ ճամբար եմ գնալու: Անչափ ուրախ էի, որ կկտրվեմ համացանցից ու մուտք կգործեմ մի գեղեցիկ ու հեքիաթներով լի աշխարհ:

Ոգևորությունս սահմաններ չուներ: Ես անգամ մտքումս նկարում էի ճամբարային ամեն մի օրը՝ նոր ընկերներով ու հետաքրքիր խաղերով լի:

Ճամբարային պատկերացումներս էապես չէին տարբերվում իրականությունից: Երբ առաջին անգամ ոտք դրեցի ճամբար, մթնոլորտն ինձ անչափ գերեց:

Բայց մեր կողքի սենյակի աղջիկների հետ մենք, չգիտես ինչու, լեզու չէինք գտնում: Ես կամաց-կամաց ճնշվում էի այդ վիճակից, որովհետև մենք անընդհատ վիճում էինք: Այդ լարված վիճակը մեզ բոլորիս հիասթափեցրեց, և բոլորս արդեն երկրորդ օրը ցանկանում էինք վերադառնալ տուն:

Ու հանկարծ մի հիասքանչ միտք ծագեց իմ մտքում: Անմիջապես հավաքեցի իմ սենյակի երեխաներին ու պատմեցի գաղափարիս մասին: Բոլորն ինձ հետ համամիտ էին: Մենք մի գեղեցիկ տոպրակի մեջ հավաքեցինք մեր բերած «պաշարից» տարբեր քաղցրավենիքներ և ճանապարհվեցինք ուղիղ կողքի սենյակ՝ հաշտվելու նպատակով: Նրանք իսկապես այնքա՜ն բարի ու լավն էին: Արդեն հինգ րոպե անց մենք նույնիսկ մոռացել էինք, որ տարաձայնություններ ենք ունեցել, և մտերմիկ ու ջերմ զրույցով ծանոթանում էինք՝ միմյանց պարգևելով անսպառ ջերմություն:

Մեր բաժին արևը նվիրեցինք նրանց ու ստացանք հազարավոր արևներ, որովհետև աշխարհում չկա ավելի պայծառ ու ջերմ բան, քան մանկական բարի ու անկեղծ ընկերությունը: