Մեր գյուղը՝ Բանդիվան

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Բանդիվանը գտնվում  է Ախուրյան գետի ձախափնյա քարքարուտ սարահարթի վրա՝ շրջապատված դաշտերով: Բանդիվան գյուղի հողային տարածությունը կազմում է 1076,84 հա: Այն  ունի 64 տնտեսություն, 278 բնակիչ: Կլիմայական պայմանները անբարենպաստ են. ձմեռը խստաշունչ ու երկարատև է, ամառը՝ զով ու կարճատև, տեղումները՝ բավարար: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և ակումբ: Կանգուն է գյուղի՝  1909 թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բանդիվանցիների նախնիները եկել են  Կարսի մարզի Տեկոր գյուղից՝ 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Բանդիվան անունն առաջացել է Կարսի մարզի Բենդեվան գյուղի անունից: Գյուղն անվանվել է նաև Պենտավան, Պանտավան, Բանդիվան: Պենտավանը հիմնադրվել է մ.թ.ա. 4-5–րդ  դարերում: Բանդիվանն ընդարձակվել է Ներքին Բանդիվանի հաշվին:  Վերջինս դասվում է Կիկլոպյան ամրոցների շարքին, զբաղեցնում է 6 հա տարածք: Այն գտնվում է քարաժայռի վրա՝ շրջապատված կիկլոպյան պարսպով: Գյուղում գործել է 5 ձիթհանք, Ախուրյան գետի ափին եղել է ջրաղաց:  Մինչ օրս պահպանված է Ներքին Բանդիվանը՝ իր մասունքներով և զարմանահրաշ բուսական աշխարհով: Կանգուն են Կիկլոպյան ամրոցը, տների հիմքերը, գետնափոր ամբարները, գերեզմանատունը, մի քանի խաչքարեր:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Շրջապատի բնապատկերը ամբողջացնում են Ախուրյան գետը և Մաղարա քարայրը: Տեղացիների մեծ մասը, թուրքերի հետապնդումներից մազապուրծ լինելով, թաքնվել են Մաղարա քարայրում: Քարայրն այսօր էլ հիացնում է իր խորհրդավոր ու հպարտ կեցվածքով:

Պատմական դեպքերի հետևանքով բնակչության թիվը փոփոխվել է: 1831թ. Բանդիվանն ուներ 213, 1877թ.` 806, 1914թ.` 1054, 1926թ.՝ 128, 1957թ. 376 բնակիչ: 1960 թ. գյուղը դատարկվում է: Բնակչությունը տեղափոխվում է Վերին Բանդիվան և Հայաստանի այլ վայրեր:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Ավետիսյանի

Գյուղում կան բազմաթիվ սառնորակ աղբյուրներ, որոնցից առանձնահատուկ է Զորավոր աղբյուրը ( շրջանում միակ աղբյուրն էր, որ բնակչությանը ապահովում էր խմելու ջրով): Ասում են, աղբյուրը ցամաքել է 1915թ., երբ աղբյուրից փորձել է ջուր խմել թուրք ասկյարը:

1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով փոխվում է Բանդիվանի խմելու ջրի հունը:    Խախտվում են կառույցների հիմքերը, փլվում մի քանի շինություններ, այդ թվում՝ մանկապարտեզի  հյուսիսային հատվածը:

Ուկրաինայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Բանդիվանը հիմնովին վերակառուցվել է:

2007 թ. հիմնադրվել է «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ն, որը մինչ օրս զբաղվում է կաթնամթերքի, մսամթերքի (խոզի միս) արտադրությամբ, անասնապահությամբ: Ընկերությունը Գերմանիայից և Չեխոսլովակիայից ներկրել է  հոշտեին ցեղատեսակի կովեր: