Մեր գյուղի մեծերը. Պապս

Պապս է… Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղից: Երկար-բարակ բառերից, ճառերից հեռու, աշխատող, արարող ու ուժեղ  Սարո պապս։ Ինքը ամենից  լավ գիտի «քարից հաց քամել» արտահայտության իմաստը, լավ գիտի  կյանքի դառնությունների միջով անցնելու ու չծնկելու բանաձևը, լավ գիտի  ցավը ու ազնվությունը, ու այն, ինչ ինքը լավ գիտի, հասկանալը հեշտ չէ…

Միասին հաճախ ենք գնում գյուղի վերևի դաշտերը, ինքը`  խոտ քաղելու, ես էլ կողքից հարցեր տալու, խոսելու, լուսանկարելու, խեղճ պապիս զահլեն տանելու համար։  Ու երբ գերանդին ցած է դնում՝ տատիս մեզ  հետ դրած հացն ու պանիրը անուշ անելու, խնդրում եմ`  իր ու տատիս սիրո պատմությունը պատմի, որը պատրաստ եմ հարյուր անգամ լսել (ընտիր պատմության է, բայց չեմ գրի, որ հետո թողնի էլի իրեն լուսանկարեմ ու էլի հարցեր տամ)։

Օրվա վերջում պապ ու թոռ գյուղի փոշոտ ճանապարհներով հետ ենք գալիս տուն, ինքը` հոգնած, ես` առույգ, հոգումս բոլոր երևակայական  պատկերները, ուրախ ու տխուր դեպքերն ամբարած։ Հետ ենք գալիս տուն, որտեղ տատս հաստատ մի համով բան է եփել ու մեզ է սպասում…

Ամառը դեռ շարունակվում է, ես էլ գյուղում եմ ու սպասում եմ, թե երբ պապս ու ես  էլի դաշտ կգնանք:

Հ.Գ. Եթե պապիս ճանաչում եք, մի քանի բառով էլ դուք իրեն նկարագրեք: