Lilit Andriasyan

ՔԵԶ…

Քեզ, որ հանդիպել էիր քո կյանքի հազարերորդ կնոջը, որ նման էլ չէր կնոջ, այլ ինչ֊որ անհասկանալի, անմեկնելի էակի, ում հետ, առաջին պահին,  մի բուռն գիշեր ունենալու ցանկություն պիտի որ ունեցած լինեիր միայն, եկել եմ ասելու, որ մենք, ի վերջո, ամենաթանկը գտնում ենք անսպասելի, հիմար մի վայրկյանի։ Քիմիայի թեզի հետևորդները կասեին, որ այդ պահին երկու մարմինների միջև սկսվում է սիրո քիմիան, անհասկանալի տարրերի բարդ միացություն, ավելի ռոմանտիկները այդ հանկարծակի միացումը կվերագրեին Պոսեյդոնի ամենատես աչքին, ավելի հավատավորները՝ երկնային վարձատրության։ Ինչ էլ որ լինի, եկել եմ քեզ ասելու, որ ես հավատում եմ սիրո մասին աշխարհի բոլոր թեզերին, երբ խոսքը մեր մասին է։ Սովորական ես ու դու-ի անցումը մենք-ի, հավանաբար, պիտի որ երկնային ինչ-որ ուժի ձեռքով արված լինի, իսկ ավելի թաքուն պահերին պիտի գործի սիրո քիմիան։

Քեզ, որ երբևէ չես հավատացել նման ցնդաբանություններին, եկել եմ ասելու, որ կինը գեղեցիկ տարիք չունի. կանայք ամենագեղեցիկն են, երբ երջանիկ են։ Գեղեցիկ է ամեն բան, ինչը քոնն է, իսկ եթե գտել ես քոնը, պիտի թույլ չտաս քեզնից խլել։ Մանկությունից սկսած մենք մեր ամենասիրելի բաները պահում ենք ատամներով, դողում ենք նրանց վրա, սարսափում ենք կորցնելու մտքից։ Ու եթե մանուկ ժամանակ անհամեմատ հեշտ է բաժանվել  սիրած խաղալիքներից, սիրած մարդկանցից բաժանվելն անմտություն է հասուն տարիքում։ Մի սպասիր ծանրակշիռ բառեր մի կնոջից, ով երջանիկ է. կանայք այնքա՜ն հիմար են, երբ երջանիկ են, ու եթե քեզ հաջողվել է երջանկացնել նրանցից մեկին, պիտի գոհունակություն ապրես, երբ նա, երբեմն, իրեն հիմար երեխայի պես է պահում։

Դու, որ երբեմն կորցնում ես քեզ ու սերը իր տեղը զիջում է փառասիրությանը, հիշիր, որ աշխարհի շարժիչ ուժը մեր սկզբունքները չեն։ Դրանք կարող են փոփոխվել բոլոր ժամանակներում, այսօրվա կործանարար սկզբունքները վաղվա համար ծիծաղի նյութ են միայն։ Մարդկության պատմության սկզբնավորումից մինչև օրս դրանք միլիարդներով փոխվել են, իսկ սիրելու ձևը մնացել է նույնը։ Ուրեմն, կարիք չկա կյանքի շարժիչ ուժը փոխել։

Դա հրաշալի բան է՝ պատասխանատու լինել ևս մի կյանքի համար և դա անել ոչ թե պարտադրված, այլ հաճույքով։ Մարդը իր ողջ կյանքի ընթացքում կարիք ունի ոչ այնքան սիրված, որքան հասկացված լինելու։ Կինը, ով հասկացված է, կարող է ոչնչությունից սարքել տղամարդ, պատկերացրու, ինչ կարող է անել նա տղամարդուն, ումից ոչ միայն հասկացված է, այլ սիրված։ Եթե ուզում ես ինչ-որ լավ բան անել նրա համար, սիրիր։ Եթե ուզում ես ամենաերջանիկը դարձնել, սիրիր։ Ու եթե ցանկանում ես երջանիկ լինել, թույլ տուր, որ սիրի քեզ։ Իսկական կինն ամեն ինչի ընդունակ է, երբ սիրում է։ Նա կարող է հազար անգամ անցնել դժոխքի միջով ու քեզ համար դուրս գալ վերածնված։ Ի վերջո, կինն է տղամարդուն հանել դրախտից, ու միայն նա կարող է նրան վերադարձնել այնտեղ։ Թույլ տուր, որ քեզ նորից դրախտ տանի։

Երբ ժամանակավոր կրքերն ու մոլուցքները զբաղեցնում են ուղեղդ, հիշիր, որ ժամանակը անողոք է։ Նա չի ներում, երբ իրեն վատնում են, ու նույնչափ անողոք է կյանքը, երբ իր ընծաները չես վերցնում։ Նա լավագույն ուսուցիչն է. քեզ համար հազարավոր թակարդներ է լարում, հազար ձևով փորձում է քեզ, քեզ տալիս է պատեպատ, երբ ըմբոստանում ես։ Նա այնքան է խաղում քեզ հետ, մինչև քամում է քեզ ու թողնում այն, ինչ կաս։ Ու սարսափելի բան է, երբ դրա վերջում առերեսվում ես զղջման հետ։

Քեզ, որ հանդիպել ես քո կյանքի հազարերորդ կնոջը, եկել եմ ասելու, որ մենք միշտ ներում ենք նրան, ում սիրում ենք։ Այդպես ներում են մայրերն իրենց զավակներին,  այդպես վերևից ներում են մեղավորներին։ Երբ կանգնած ես ներելու ու չներելու առաջ, պիտի հիշես, թե որքան է քեզ ներվել վերևում։ Կանայք ամեն ինչ ներում են, բայց ուշ են սպիանում։ Մեկ ճիշտ չընտրված բառով դու կարող ես թռիչքի պահին կտրել նրա թևերը։ Միևնույնն է, նա էլի վեր է բարձրանալու, բայց մի՞թե այլևս ընդունակ կլինի քեզ ազատորեն սիրել։ Զգույշ եղիր այն ամենի հետ, ինչ սիրում ես։

Ամեն անգամ, երբ կկարծես, որ ես քեզ ավելի քիչ եմ սիրում կամ կարող եմ մարդկանց հոտի մեջ գտնել մեկ ուրիշը, կարդա սա, ու մի անգամ էլ մտածիր։ Եթե չեմ սիրում, ինչո՞ւ են քեզնից հեռու ապրած վայրկյանները թվում դարեր, ու ինչու է սարսափելի տխուր, երբ կողքիս չես։ Ինչո՞ւ եմ մեռած տեղից վերակենդանանում քո համբույրից ու ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ բովանդակ մարդկության միջից հենց դու ինձ սիրես։

Ես քեզ հեքիաթներ կպատմեմ այն դևերի մասին, ովքեր բարի են դառնում, երբ սիրում են, իսկ դու փաթաթվիր ինձ, երբ անուժ եմ։ Թույլ տուր քեզ սիրել կնոջ, ընկերոջ, քրոջ ու սիրուհու նման։ Իմ աղջկական մաքուր երազներն ու կանացի ֆանտազիաները քոնն են։

Իսկ ես ավելի լավը կդառնամ, երբ սիրես ինձ…