Մեր գրքերն էլ տեղ հասան

Մաթեմի ժամին էր: Աղմկոտ բեռնատարը կանգնեց Վ․ Սասնաշենի հիմնական դպրոցի մոտ: Մեծ փորով ու ավելի մեծ արկղով մի մարդ դուրս եկավ ու մտավ դպրոց:

Դասամիջոցին Գայանեն ասաց, որ Ամերիկայից էր եկել, բայց ոչ ոք չհավատաց. ամերիկացու տեսք չուներ: Մտածում էին, թե ինչ կլինի արկղի մեջ: Կարենն ասում էր, որ դպրոցի նոր գույքն է, բայց գույքի համար արկղը փոքր էր, հաստատ չէր տեղավորվի: 3-րդ դասարանցիները պնդում էին, որ տեսել են արկղի միջի քաղցրավենիքը, իսկ Դավիթը նույնիսկ հավաստիացնում էր, որ մեծ փորով մարդը իրեն դրանցից հյուրասիրել է ու ամերիկական քաղցրավենիքը հեչ էլ համով չէ: Իհարկե, Դավիթին ոչ ոք չհավատաց, դասի ժամին նրա աչքին ամեն ինչ էլ քաղցրավենիք է երևում:

Արկղի պարունակությունը գաղտնիք էր մնում, մինչև անգլերենի ժամին ուսուցչուհին չբերեց նոր ստացած գրքերը: Դավիթը մի քիչ հիասթափված էր: Բայց գրքերը շատ լավն էին` նկարներով ու լրիվ նոր:

Ուսուցչուհին պատմեց, որ ամերիկահայ աշակերտները տեղափոխման գումարը անձամբ են հավաքել ու դասարանում բոլորը  մի քիչ ամաչեցին, որովհետև  հենց նոր ամբողջ գումարը բուլկիների վրա էին ծախսել:

Տանը, երբ Աշոտը  կարդում էր անվասայլակով լրագրողի մասին, որը շատ-շատ պատերազմող երկրներում է եղել, մտածեց, որ արժի լրագրող դառնալ: Հիմիկվանից կարելի է գումար հավաքել, որ այդպիսի երկրներ այցելելիս երեխաներին գրքեր նվիրի: