Nelli Bragina

Մեր ընկեր Գալստյանը…

Հիրավի, կան կրթօջախներ, որոնց գոյությունը դժվար է պատկերացնել առանց տվյալ ուսուցչի լուսավոր ու անհրաժեշտ ներկայության: Այդօրինակ ուսուցիչը դպրոցի բարի ոգին է, ով ոգեղեն ջերմություն ու կամք է փոխանցում աշակերտներին ու գործընկերներին: Կամք՝ ինքնանվեր դասավանդելու, կամք՝ բացահայտելու ու կերտելու, լույս ու այրում արարելու…

Այդպիսին է իմ ուսուցչուհին՝ ընկեր Գալստյանը: Թեպետ հիմա ինքս էլ ուսուցչուհի եմ նույն դպրոցում, բայց սիրով շարունակում եմ ինձ նրա աշակերտը զգալ… Ասես հայտնվում ես մի այլ՝ զուգահեռ իրականությունում: Միայն աչքերն են նույնը՝ սիրելի ուսուցչուհուդ բարի հայացքը, աջակցող խոսքն ու գործը:

52646413_380663752713391_2975023536978001920_n

Անասելի լարված էի, երբ որպես պրակտիկանտ՝ ընկեր Գալստյանի ներկայությամբ դաս էի վարում: Ուզում էի արժանի լինել նրա աշակերտը լինելուն, չվրիպել որպես Ուսուցիչ և Մարդ…

Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե մեր ընկեր Գալստյանին ինչպես է հաջողվում բազմամարդ դասարանը կառավարել… հայացքով: Նա միշտ թե՛ աշակերտի, թե՛ նորեկ ուսուցչի կողքին է: Աշակերտական և ուսանողական տարիներին նա սիրահոժար ինձ էր տրամադրում իր անձնական բյուրահատոր գրադարանի արժեքավոր գրքերից, որպիսիք չեն ճարվում անգամ գրադարաններում… Հիշում եմ՝ գիրքը վերցնելիս կամ վերադարձնելիս ինձ չէր «հաջողվում» հեռանալ առանց որևէ համեղ հյուրասիրության: Եվ նա իր տան հյուրընկալ, բարեկամական մթնոլորտը բերել է ուսուցչանոց. գործընկերների միջև ստեղծել կուռ միասնություն ու հարազատություն:

Մեր ուսուցչանոցում թաղարների մեջ ծաղկում են տասնյակ բույսեր: Որ ամսվա որ օրն էլ լինի՝ բազմագույն ծաղկաբույլերը տրամադրություն ու գեղեցկություն են սփռում: Մեր ընկեր Գալստյանի օրինակին հետևելով՝ այլ ուսուցիչներ ևս դասարաններում կանաչ անկյուններ են կազմակերպել:

Հաճախ է պատահում, երբ նրանցից որևէ մեկը ոստն ու թաղարն առած գալիս է.

-Ընկեր Գալստյան, Դուք տնկեք, եթե Ձեր ձեռքը կպնի, հաստատ կաճի…

Եվ իրոք, մեր ընկեր Գալստյանի ձեռքով տնկված տերևն իսկ շուտով արմատակալում ու փթթում է…

Այգի ունի, որտեղ մեկը մյուսին հերթ չտալով ծաղկում են բույսերը: Ինքը նկարում է հեռախոսով: Նկարները թերթելիս իր դեմքին էլ է ժպիտ ծաղկում…

-Նելլի՛, իսկ տեսե՞լ ես իմ ծաղկած բեգոնիան…

Ու հպարտությամբ ցույց է տալիս տասնյակ անուններով, զարմանազան գույներով ու տերևներով անթիվ բույսեր…

Եթե նույնիսկ «չխոսկան սանիկներն» են զգում ընկեր Գալստյանի սերն ու հոգածությունը, էլ ի՜նչ ասել «խոսող սանիկների» մասին: Նրա կողքին մոլորվելն անհնարին է: Պատահել է՝ մեզ՝ աշակերտներիս քերականությունը մթին անտառ է թվացել, որտեղ ձեռք ձեռքի շուրջանակի պտտվում են դերբայները, ու բայն աճպարարի պես ձև ու կերպարանք է փոխում…

Հնչում է ուսուցչուհու հանգիստ ու վստահելի ձայնը.

-Դասն սկսեք հասկանալ հենց վերնագրից: Վաղակատար. այսինքն՝ խոսքն ավելի վաղ՝ նախկինում կատարված գործողության մասին է:

Ու նորից հայտնվում ես հայերենի հանդարտասուն անտառակում, որտեղ անգին քարերի պես պեծին են տալիս ու շողշողում մեր հրաշագեղ բառերը: Եվ հոգիդ լցվում է արևով: Արև, որ է՛ սերն առ մայրենին: Հիմա այդ արևը միշտ է իմ հոգում, և ես կուզեի այն փոխանցել իմ աշակերտներին…

Վերջերս աշակերտուհիս՝ Լուիզան ասաց.

-Ընկեր Բրագինա, Ձեզ հետ ամեն ինչ այնքա՛ն հեշտ է…

Ակամա ժպտացի. հիշեցի ինքս ինձ այդ տարիքում և մտովի շնորհակալություն հայտնեցի ընկեր Գալստյանին՝ այն Մարդուն, ումից միշտ ուզում եմ սովորել… Հենց նրա՛ շնորհիվ է, որ դեռ աշակերտ եղած ժամանակվանից գիտեմ, որ ուսուցիչ լինելու առաջին նախապայմանը զգայուն ու մտածող մարդ լինելն է: Երեկ մեր ուսուցչուհիներից մեկը խոսքի մեջ նշեց, որ այսինչ երեխան ուզում էր մասնակցել «Կենգուրու» մրցույթին, բայց գումարային պահի մասին իմանալուց հետո լռեց…

-Դա ի՛նչ խնդիր է,- անմիջապես արձագանքեց ընկեր Գալստյանը,- ես կվճարեմ: Ու եթե էլի կան շնորհալի երեխաներ, ովքեր ուզում են մասնակցել, բայց գումարի հետ կապված խնդիր ունեն, ասե՛ք ինձ…

Երբ ամեն օր աչքիդ առջև է Ուսուցչի ու Մարդու այդ տեսակը, չես կարող չձգտել ավելի լավը դառնալ, ավելին իմանալ ու կարողանալ…

53255416_332920774002543_3960792168624291840_n (1)

Պատկերացնում եմ, թե այս տողերը կարդալիս իմ ընկեր Գալստյանն ինչպես զարմացած կժպտա, բայց ես մի՜ քիչ նախանձում եմ նրա հիմիկվա աշակերտներին… Ընկեր Գալստյանը կրկնում է. «Դասի ընթացքում չանտեսեք ոչ մի աշակերտի, հենց վատ սովորող աշակերտի առաջադիմությունն է ձեր լավ աշխատանքի ապացույցը»: Չգիտեմ, թե ինչպես է ընկեր Գալստյանին հաջողվում պահպանել բարության, խստության, պահանջկոտության այն ճշգրիտ համամասնությունը, որը ուսուցչի աշխատանքի հաջողության գրավականն է։

…Հեշտ ու հաճելի է աշխատանքը, եթե կողքիդ կա այն աջակցող ու գրագետ մարդը, ում միշտ կարող ես վստահել ու ապավինել:

Սիրելի ուսուցչի աշխատանքը արժևորելու համար պետք չեն հատուկ տոներ ու միամսյակներ:

Մեր ընկեր Գալստյան, թույլ տվեք խոստովանել, որ թե՛ որպես աշակերտ, թե՛ որպես գործընկեր՝ սիրում ու գնահատում եմ Ձեզ…