Օտար ամայի ճամփեքի վրա

Երբ աշակերտներիս հանձնարարեցի շարադրություն գրել պանդխտության մասին, չէի պատկերացնում, որ դա հույզերի ու սրտամոտ մտորումների տեղիք կտա: Փաստորեն նույնիսկ պատանեկան տարիքում արդեն իսկ սեփական պատկերացում ու դիրքորոշում ունեն մեզ պատուհասած այդ չարիքի նկատմամբ… Քանզի մեր` Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի շենքերում էլ շատ են անտերությունից սևակնած ու կուրացած լուսամուտները…

Ահա պատառիկներ երեխաների գրվածքներից։

Նելլի Բրագինա

ուսուցիչ, «Կանթեղ» գրական խմբակի ղեկավար

***

Եղեռնից, երկրաշարժից հետո շատերը գնացին… Քչերը մնացին, որ շենացնեն իրենց երկիրը: Նժդեհները կարոտը սրտներում ապրում են օտարության մեջ և չեն կարողանում մոռանալ իրենց Հայաստանը: Ցավոք, մարդիկ շարունակում են գնալ՝ երևի կարծելով, որ մոռանալը հնարավոր կլինի: Բայց ես լսել եմ, թե ինչպես էին մարդիկ պատմում, որ ինքնաթիռի մեջ անգամ կարոտն արդեն խեղդում է իրենց: Պանդխտությունը շատ վատ բան է. գիտե՞ք, թե ինչ է զգում արմատախիլ արված ծաղիկը… Բայց մարդիկ էլի մեկնում են: Օտար երկիրն ասես ստրուկի պես է պահում նրանց ու չի թողնում հեռանալ…

Մանվել Մանուկյան

5-րդ դասարան

***

Մենք ընտանիքով ապրել ենք արտերկրում: Ես հենց այդ ժամանակ հասկացա, որ պանդխտությունը չարիք է, որ կարոտը զորավոր է ու հոգուն իշխող… Եվ ես ուզում եմ խորհուրդ տալ իմ ծանոթ-անծանոթ բոլոր հայրենակիցներին, որ վերադառնան, որ մեր հայրենիքը մեզնով հարստանա: Արտերկրում գտնվելիս՝ ես ոչ մի ակնթարթ չեմ մոռացել իմ հայրենիքը: Եթե անգամ Հայաստանը կործանման եզրին լինի, հայը չպետք է տատանվի, այլ վերադառնա ու այդ կործանումից փրկի իր երկիրը, պահի ու պաշտպանի…

Հիմա ես ուրախ եմ, որ իմ ընտանիքի անդամներից ոչ ոք չի պակասում. ոչ ոք չի բռնել արտագաղթի ուղին: Հակառակ դեպքում՝ ընտանիքում առաջանում է կարոտ: Ես դրանում համոզված եմ, քանի որ զարմիկս ու մորաքույրս դեռ արտերկրում են: Այնքա՜ն կուզեի՝ նրանք իմ կողքին լինեին: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ գալիս են, բայց դա ամենևին այն չէ… Պանդխտություն բառը միայն լսելիս իմ մեջ հուզմունք է առաջանում ու տխրություն: Երնեկ այն իսպառ վերանա մի օր: Օտար, ամայի ճամփեքին պետք չէ ընտելանալ: Ես միշտ կպայքարեմ իմ երկրում մնալու համար: Մենակ չեմ թողնի ծնողներիս ու հարազատներիս:

Ռիմա Եղիազարյան

8-րդ դասարան

***

Իմ կարծիքով՝ հայը պետք է դիմանա ամեն տեսակ փորձության, բայց երբեք չլքի իր երկիրը: Չէ՞ որ ծառն ուժեղ է արմատներով, մարդը՝ հայրենիքով:

Մարդը դեռ չի հասցնում մեկնել, բայց արդեն սկսում է կարոտել… Ես այս տարի կարդացի Զոհրապի «Այրին» նովելը: Շատ տպավորիչ էր հերոսուհու՝ Զարդարի հոգեվիճակը: Երբեմն մարդը սուտ խոստումներ է տալիս կնոջը, երեխաներին, ծնողներին, սակայն արտերկրում գտնվելիս չի էլ հիշում նրանց, չի հիշում, թե ինչու է ինքը եկել այստեղ, չի հիշում իր խոստումները… Ահա թե ինչպես է պանդխտությունը կործանում բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։

Մարդն օտար երկիր է մեկնում հանուն փողի, որպեսզի կարողանա պահել իր ընտանիքը, բայց հաճախ մոռանում է նույն այդ ընտանիքի մասին: Այսինքն՝ դժբախտության պատճառը փողն է:

Եվ որքան էլ մարդն ապրի իր հայրենիքից հեռու, միևնույն է, հոգու խորքում միշտ մխալու է կարոտը…

Լուիզա Սարգսյան

8-րդ դասարան

***

Ես ամենից շատ կարոտում եմ պապիկիս. նա գնացել է արտագնա աշխատանքի: Երբեմն համացանցով զրուցում ենք, բայց խոսելն ավելի է հուզում ինձ՝ հարազատ են նրա ձայնը, սպիտակ մազերը: Հեռախոսով ցույց է տալիս մարդկանց ու փողոցները, իր աշխատավայրը: Լավ աշխատելու համար նրա անուն-ազգանունն ու լուսանկարը տպագրել են թերթում: Մենք սովորաբար երկար ենք զրուցում, ժամանակը թև առած թռչում է, իսկ կարոտը մնում է… Թող ոչ մեկը հանուն աշխատանքի չլքի հայրենիքը: Երնեկ մեր երկրի վիճակն այնքան բարելավվեր, որ ոչ ոք անգամ մտքի ծայրով չանցկացներ ինքնակամ պանդուխտ դառնալ: Եթե բոլորը մնան այստեղ աշխատելու, ապա մեր Հայաստանը կշենանա։

Սյուզան Գևորգյան

8-րդ դասարան