Կակաչ կախազարդի պատմությունը


Չես գտնի մի մարդ, ով իր կյանքի ընթացքում որևէ բան չի կորցրել, լինի դա գումար, զարդ կամ իր համար որևէ թանկարժեք բան:
 Նորից պատմեմ պապիկիս մասին մի հետաքրքիր պատմություն: Սակայն այս անգամ ոչ թե այն զվարճալի պատմություններից, այլ իր և իր բանալիների կախազարդի մասին: 
Կակաչ կախազարդ: Այդ կախազարդը կամ պարզապես կակաչը եղել է այն բոլոր ավտոմեքենանների բանալիների վրա, որոնք ինքը վարել է: Կակաչը հետաքրքիր կապվածություն ունի պապիկիս հետ: Կակաչը մի քանի անգամ կորել է պապիկի մոտից, բայց նա միշտ գտել է:
Նախորդ պատմություններում պատմել եմ, որ պապիկս եղել է վարորդ:
Նա հերթական անգամ գնացել է Հոկտեմբերյան (ներկայիս Արմավիր քաղաքը): Չգիտես, թե ինչպես նրա գրպանից ընկնում են բանալիների մի մասը, որոնց վրա էր նաև կակաչը: Նա վերադառնում է տուն ու նոր է նկատում, որ կակաչը չկա: Դե, երկար ու մեծ ճանապարհ, չիմացավ որտեղ կորցրեց:
Անցնում է մի քանի օր. լրիվ անհայտ մարդիկ Հոկտեմբերյանից կակաչը բերում են ու վերադարձնում պապիկին: Կակաչը հասավ իր իրական տիրոջը: Հասավ, սակայն տարիներ հետո նորից անհետացավ՝ այս անգամ տնից: Պապիկը այնքան չէր անհանգստանում, քանի որ գիտեր՝ այն հաստատ «կվերադառնա»: Եվ իսկապես անհետանալուց տաս տարի հետո, պապիկը այն գտավ հարևանի ձեռքում: Այդ կակաչը սկզբում պատկանել է պապիկի եղբորը, ով մահացել է բանակում: Երևի հենց այդ հանգամանքն է «ստիպում» կակաչին վերադառնալ իրական տիրոջ մոտ:
 Կակաչը հիմա ինձ մոտ է, պապիկը նվիրեց ինձ: Ես համոզված եմ, եթե նույնիսկ կորցնեմ, ապա այն հաստատ հետ կգա, սակայն խոսք եմ տվել, որ չեմ կորցնի: