Mane Minasyan

Մեր հոգու բնությունը

Վեդու համայնքապետարանը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր համադպրոցական շարադրության մրցույթ՝ բնապահպանական խորագրով: Ծրագրին մասնակցում էին Վեդիի 3 դպրոցների շուրջ 30 աշակերտներ, այդ թվում նաև ես: Հունիսի մեկին Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը ամփոփեց մրցույթի արդյունքները: Եվ իմ շարադրությունը համարվեց լավագույնը:

Ստորև ներկայացնում եմ:

 

«Սովորականի պես դուրս եմ գալիս սենյակից, բացում պայուսակս ու դասավորում տետրերս՝ ինքս ինձ հետ խոսելով. «Սա մեկ, սա երկու, ձևավաբանությունը դրել եմ…»:

Դուրս եմ գալիս տնից ու քայլերս ուղղում դեպի ուսուցչուհուս տուն՝ պարապմունքի:

Ընդմիջման ժամանակ ուսուցչուհիս ասաց, որ դպրոցում հանձնարարված է շարադրություն գրել մրցույթի մասնակցելու համար:

Անմիջապես միտքն ինձ հետաքրքրեց, ու ես մոռացա պարապմունքի մասին:

«Պահպանել բնությունը, չաղտոտել այն»: Մտքումս միայն այս տողերն էին, ու ակամա սկսեցի պատկերացնել աշխարհը՝ ծառերը, ծաղիկներն ու խոտերը, անգամ հողն ու ջուրը:

Բնությանը, ինչպես մարդկանց ու կենդանիներին, անհրաժեշտ է որոշակի խնամք ու հոգատարություն: Բայց արդյո՞ք մենք երբևէ մտածում ենք մեր հոգու բնության խնամքի մասին. այն բնության, որը փոքրիկ պարտեզի տեսքով ապրում է յուրաքանչյուրիս հոգում՝ մեր ծննդյան առաջին րոպեից:

Երբ մենք առաջին անգամ ժպտում էինք, մեր հոգու այգեպանն այնտեղ տնկեց առաջին շիվերը, որոնք սկսեցին մեծանալ մեր յուրաքանչյուր ժպիտի, ուրախ հայացքի ու լավ արարքի շնորհիվ:

Առաջին անգամ, երբ խոսել էինք փորձում, այդ շիվերն արդեն դարձել էին փոքրիկ ծառեր, որոնք ծաղկեցին:

Երբ մայրիկն օգնում էր առաջին քայլերն անել, ծառը պտուղներ տվեց:

Պարտեզն օր օրի մեծանում էր, ծաղկում ու գեղեցկանում, մինչև այն օրը, երբ մենք սկսեցինք գիտակցաբար ու անգիտակցաբար վիրավորել դիմացինին: Մեր յուրաքանչյուր վատ խոսք, արարք ու շարժում կոտրում, պոկոտում ու տգեղացնում է մեր հոգու մատղաշ ծառերը:

Պատկերացրեք, եթե ամեն օր մեր բակի ծառից մի ճյուղ պոկենք, արդյունքում ոչինչ չի մնա, չէ՞: Ապա ինչո՞ւ ենք մոռանում մեր հոգու բնության խնամքի մասին:

Եթե յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն ունենա սեփական բնության նկատմամբ, ապա շրջակա աշխարհին նույնպես կվերաբերվի խնամքով»: