marta kovalenko

Մեր նոր թղթակիցները. Մարթա

Միշտ գնահատել եմ մարդկանց մեջ անկեղծությունը, ազատությունը, բայց, ցավոք սրտի, շատ քչերի մեջ եմ նկատել իսկական անկեղծություն: Յուրաքանչյուր ոք պետք է գոնե ինքն իր մտքերի, ինքն իր հետ անկեղծ ու ազատ լինի: Սիրում եմ անհատականությունը, այնպես կուզենայի, որ մարդիկ մի քիչ մտածեին ու հասկանային՝ ինչն է իրենց իսկապես պետք, իսկ ինչը՝ ոչ, գնահատեին գեղեցիկը, երկրորդականը առաջնային չդարձնեին ու երբեմն էլ իջնեին երկնքից: Չէ՞ որ ամեն տեսակ գեղեցկության վայելքը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ թույլ չես տվել քեզ մի փոքր ավելի մոտենալ տվյալ գեղեցկությանը:

Ժամանակ առ ժամանակ մտածում եմ, որ ես ապրում եմ մի աշխարհում, որը իրականությունից այնքան հեռու է, բայց նաև ուզում եմ իմ շրջապատի սիրելի մարդկանց բերել իմ աշխարհ ու այնտեղ լինել մի ամբողջ հավերժություն: Հենց էսպիսին էլ սիրում եմ ինձ ու աշխարհը, մարդկանց՝ իրենց կրեատիվությամբ, ինչու չէ՝ պարզությամբ:

Սիրում եմ հասունությունը, երբ զգում ես՝ կյանքն անիմաստ չեն ուզում ապրել, մի բանով ուզում են օգտակար լինել, կարևոր լինել, երբ գրքերի հանդեպ սերը քեզ էլ է կյանք վերադարձնում, երբ կյանքի արժեքներն ուրիշ են, երբ փորձում են բացահայտել, հասկանալ աշխարհը, ու երբ լինում են քեզ հասակակից, ավելի շատ եմ սիրում: Շփվել հասուն հասակակիցներիս հետ ու սովորել, սովորել նրանցից ինչքան հնարավոր է շատ: Ի վերջո, ինչպես ասել է Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն, թե ինչպես ես զգում տարիներդ: