sona abunts

Մեր տված խոստման մասին

Ընկերական հերթական զբոսանքի ժամանակ զրույցով տարված հայտնվել էինք կիսակառույց մի շենքի մոտ:  Առաջին հայացքից երկրաշարժից մնացած պատեր էին: «Այսքան տարի ապրում ենք Գորիսում ու չգիտենք՝ ինչ շենք է»,- բարձրաձայն մտահոգվեց ընկերուհիս: Շենքի մուտքի մոտ կանգնած կինը սկսեց իբր ինքն իրեն խոսել՝ այդպես պատասխանելով  ընկերուհուս հարցին: Խոսում էր շենքի պատմության, իր կյանքի պատմության և այդ երկու պատմությունների հատման մասին, թե ինչպես է հայտնվել այդ շենքում որպես բնակիչ: Մոտեցանք նրան, ջերմ բարևեց և սկսեց ինչքան հնարավոր է գրական խոսել: Մենք տեղացիների տպավորություն չէինք թողել, ուստի սկսեցին մենք էլ գրական զրուցել: Մի քիչ հարցուփորձ արեցինք  շենքի մասին: Պարզվեց ժամանակին դպրոց է եղել, հետո հրդեհից դարձել է երրորդ կարգի վթարային շենք: Հրավիրեց ներս, մտանք տուն:  Մեզ ցույց էր տալիս տան պայմանները, պատմում  աղջկա կյանքի պատմությունը, պատահաբար ձեռք բերված հեռուստացույցի մասին:  Լրագրողական-հետաքննական հարցերով տարված խոսքումս վրիպեցի և բարբառային բառեր օգտագործեցի: Կնոջ դեմքին կասկած նկատվեց:

-Խոխե՞րք, բա ասում եք` տեղացի չեք: Սո՞տ եք ասալ,- հիասթափված ու հուսակտուր հարցրեց կինը:
-Չէ, չենք խաբել, ուղղակի Սոնան արմատներով Գորիսից է ու բարբառով կարողանում է խոսել,- կողմնորոշվելով պատասխանեց ընկերուհիս:
Տան ներկայացումը ավարտելուց հետո մեզ դիմեց մի խնդրանքով՝ օգնենք, որ այդ շենքից դուրս գան, նորմալ տուն ստանան և վերջապես ազատվեն սոցիալական ծանր պայմանների բեռից:  Մենք էլ խոստացանք, որ մի բան կանենք, հրաժեշտ տվեցինք ու… Հեռացանք՝ մեր խոստումը թողնելով այդ կիսականգուն պատերից ներս:
Թող Աստված ների մեզ սուտ խոստման համար: Մենք դեռ փոքր էինք ու ոչինչ անել չէինք կարող:
Բայց հարցը մինչ օրս մնում է օդից կախված:
Լուծել Գորիսի վթարային շենքերի հարցը, ապահովել բնակիչներին տնային նորմալ պայմաններով: