Artyom Avetisyan

Մթությունը ստիպում է երազե՞լ, թե՞ մտածել

Ամեն ինչի մասին սկսում ես մտածել գիշերը, երբ մութ է: Բոլոր մտքերդ ու իղձերդ կատարելագործվում են գիշերը, երբ պառկած ես կամ էլ մթության մեջ ես գտնվում: Մթությունը ամբողջ գիշեր հավաքում, գտնում ու բերում է ողջ երազանքներդ և ստիպում մտածել դրանց մասին: Առանց քեզ հարցնելու, դուռը թակելու՝ մտնում է ներս, նվաճում ուղեղդ ու սիրտդ և սկսում է ծակծկել ու տանջել քեզ: Այնուհետև վարում մեքենան ու քեզ տանում է դեպի ապագա՝ երազելու, կամ էլ անցյալ՝ մտածելու: Անգամ մթության մեջ խորհում ես անհնարինի մասին, փորձում այն իրականացնել, հասանելի դարձնել ու ապացուցել բոլորին, որ այն իրագործելի է:

Մթության ծովը շատ խորն է ու անծայրածիր: Մի փոքր իրավիճակ հիշելով՝ վերհիշում ես մի հսկա պատմություն: Մի բառը մտաբերելով՝ հիշում ես ողջ անցյալին վերաբերող փաստերը: Ահա, թե ինչ է մթությունը: Մթության ծովի մեջ մարդիկ խեղդվում են երազելուց ու մտածելուց:

Մթությունն էլ ունի իր պայծառությունը, գեղեցկությունն ու լուսաշողը, որը տեսնելով՝ արագ ձեռք ենք մեկնում, որ բռնենք, բայց ավա՜ղ, նա մեզ բռնեց և գցեց հուշերի գիրկը: Նույնիսկ մթության մեջ կարելի է երջանկություն գտնել, միայն չպետք է մոռանալ լույս վառել: Բայց եկեք մտովի վառենք լույսը, որպեսզի իղձերը չփախչեն:

Մթությունն էլ ունի իր դրական կողմերը: Միայնակ ես մնում մտքերիդ հետ ու ավելի խորն ես մտածում: Երբ մթության մեջ ես լինում ու մտածում ես ինչ-որ բանի իրագործման մասին, ապա հաջորդ օրը այն արագ իրականանում է, իսկ ցերեկը հակառակն է՝ օրերով մտածում ես ու դժվարությամբ ես կարողանում իրականացնել: Չգիտեմ՝ ուրիշների մոտ ոնց, բայց ինձ մոտ հենց այդպես է: Նույնիսկ երբ փորձում եմ նյութ գրել, բոլոր մտքերս գիշերն են գալիս, գնում, փոփոխվում, իսկ ցերեկը կա՛մ անհետանում են, կա՛մ էլ դժվարությամբ եմ վերհիշում:

Գիշերն ուրիշ է: Նստում ես քո համարի ավտոբուսն ու ուղևորվում քո ուզած հասցեով: Անգամ քնելդ էլ չես հիշում՝ ոնց եղավ: Ախր, դու ողջ գիշեր երազում ու երազում, մտածում ու մտածում էիր, և մեկ էլ հոպ. արդեն առավոտ է:

Ցերեկն էլ լավն է, բարի: Մի մոռացեք, որ եթե ցերեկը չլիներ, ապա ձեր գիշերվա իղձերը չէիք կարողանա ցերեկը կատարել: Ցերեկն էլ կարող եք մտածել, հիշել, բայց գիշերվա մթության համն ու հոտն ուրիշ է: Պետք է լավ գնահատենք «գիշերվա լույսի» և «ցերեկվա մթի» արժեքը: