Ani avetisyan

Ուզում եմ

Սա սովորական տարի էր:

Սովորական, 365 կամ 366 օրից:

Չնայած, մի քիչ անսովոր էր: Փոփոխություններով, որ չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց անտեսել կամ ուշադրություն չդարձնել սովորեցի: Իսկ այս տարի դրանք շատ էին:

Արդեն ուսանող եմ, ու այդ մասին պատմել չեմ ուզում: Ոչ մի հետաքրքիր բան: Ուղղակի ուսանող եմ ու հիմա հասկանում եմ՝ ինչ ասել է քննաշրջան: Ժուռֆակի ուսանող եմ, ուրեմն գիտեմ նաև՝ ինչ ասել է հայոց պատմություն: Չէ, ծիծաղելի չէ:

Չեմ ուզում ասել՝ 2017-ը լավն էր կամ վատը: Չեմ էլ ասի, թե եվրաասոցացումը 2017-ի ամենակարևոր քայլն էր, կամ կասեմ: Չգիտեմ:

Դասադուլի մասին էլ չեմ խոսի: Շատ են խոսել: Ու իրականում ոչինչ չեն ասել:

2017-ում էր, որ քառօրյայի հետքերն էինք փորձում ջնջել, բայց չստացվեց, իսկ տարվա վերջում տղերքի բուժման համար դեռ գումար չկա:

Պատերազմի հետքերը մնացին այս տարվա պատերին, տղերքի աչքերում ու մարմնին:

Այս տարի ես մի քիչ ավելի սիրեցի երկիրս: Չսիրողներին ու հեռացողներին հակառակ:

Ճանապարհներին գտա ու կորցրի հին ու նոր կարոտներս: Սկսեցի չմեղադրել գնացողներին ու փորձեցի հասկանալ: Չէ, չեմ ասի, թե ստացվեց, բայց գոնե ձևացնել սովորեցի:

Հաջորդ տարի ավելի շատ սիրել կփորձեմ: Եվ ուզում եմ արդարացում գտնել՝ հեռացողներին մեղադրելու ու չհասկանալու: Հետո՝ ինքս ինձ ներելու:

Ուզում եմ, որ մեր կարոտները օդանավակայանի ճամփան չիմանան, որ հրաժեշտները ավելի քիչ ցավոտ լինեն:

Որ ավելի հաճախ գտնենք ու սակավ կորցնենք:

Որ կորցնելուց հետո էլ չփնտրենք:

Ուզում եմ սովորել փոփոխություններս ճիշտ ժամանակին գնահատել:

Իսկ ամենից շատ ուզում եմ, որ 2018-ը ջնջի պատերազմի հետքերը տղերքի մարմնից ու աչքերից: Ուզում եմ, որ 2019-ին արդեն անվասայլակով կամ հենակով չքայլեն տղերքը, որ իրենց կյանքն էլ պատերազմ չլինի:

Որ Ամանորը նորի սկիզբը լինի և ոչ հնի կրկնությունը, ոչ հարևանաբարեկամական մրցավազք, այլ մի քիչ, շատ քիչ ավելի սիրուն:

Եվ ուզում եմ, որ 2018-ին 17-ի ընտանիքն էլի էսպիսին մնա…