Մինչև մի օր

 

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նելլի Խաչատրյանի

Պատահում է՝ ապրում ես` այնպես, սովորական, ուղղակի, ապրում ես երկուշաբթին, ուրբաթը, հաջորդն էլ, ու այդպես: Ապրում ես, չես էլ զգում, թե ոնց է ամիսն ավարտվում, թե ոնց ես թողնում երազելը: Հենց այդպես, միանգամից, ուղղակի ամեն ինչ միևնույնն է դառնում: Պատահում է՝ մոռանում ես աղոթել (իզուր), զանգել, ասել, որ սիրում ես, հիշեցնել, որ կաս, որ եթե պետք լինի, կօգնես, ինչո՞ւ չէ, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ օգնության կարիք ունենք: Մարդկանց նման տեսակ կա, որ ծնված է օգնելու համար. դա կամ պարտականություն է, կամ մեծահոգություն, չնայած եթե նույնիսկ մեծահոգություն է, մեկ է, մի օր շահագործվում է: Որովհետև մենք եսասեր ենք ավելի, քան կարող ենք պատկերացնել, բայց դրա հետ մեկտեղ պետք ենք իրար: Թեկուզ հեռակա: Քաղաքից քաղաք: Երկու փողոց այն կողմ: Եվ կամ երկուշաբթիից ուրբաթ: Ի՞նչ կարևոր է: Միևնույնն է՝ շուտով ձմեռը կավարտվի: Կանցնի: Հարբուխի նման: Մարդկանց նման: Մարդկանց այն տեսակի, որ ինչ-որ առիթով ինչ-որ ժամանակ մտնում են քո կյանք, իրերն իրար խառնում ու գնում: Իբր՝ մեղք չունեն, իբր՝ չեն էլ եղել: Իրենք գնում են, ու մեծ հաշվով շատ բան չի փոխվում: Դու էլի ապրում ես, էլի անտարբեր, անհետաքրքիր, անռիթմ: Կասես՝ եղանակից է: Դե, մարդը սովոր է սխալներ գտնել ամեն տեղ, բոլորի մեջ՝ իրենից բացի: Ոչինչ, բա էլ ինչո՞ւ է մարդ: Մարդը մարդով է մարդ: Նախ՝ իր ներսում ապրող մարդու, հետո՝ իր կողքինների: Իսկ մեր կողքին միշտ մեկը պիտի լինի, որ համոզի, որ լավն ենք, որ տարբեր ենք: Կան այդպիսիք, չէ՞, ինչ էլ անես-չանես, նրանք քեզ հետ են, քո կողքին, քո կողմից: Ուզում ես աշխարհի ամենավատ մարդը եղիր, միևնույնն է, միշտ կգտնվի մեկը, ով կսիրի քեզ, որքան էլ փոխվես: Դե մարդ ես՝ փոփոխական, անկայուն, անհաստատ, փոխվում ես, պիտի փոխվես ժամանակի հետ, ժամանակի մեջ: Փոխվես հայացքներով, մտքերով, խոսքով: Այդպես ես մեծանում և կամ հասունանում: Ի՞նչ կարևոր է: Մեկ է՝ էլի ապրում ես այնպես, սովորական, ուղղակի, երկուշաբթիից ուրբաթը, հաջորդն էլ ու այդպես: Պատահում է: