Ապագա չի՞

Արձագանքում եմ Մարինե Ղահրամանյանի «Համակարգչային կախվածությունը հիվանդություն է» հոդվածին:

 

Համակարգիչը ապագա չի՞: Լավ, հիմա ես ո՞նց հասկանամ ասածդ: Դու ես նյութն ուղարկել էս համակարգչի միջոցով` օգտվելով էն համակարգչային ծրագրերից: Եթե համակարգիչը ապագա չլիներ, հիմա արդեն մոռացվել էր, ինչպես մոռանում են հեռուստացույցը: Եթե մարդկության պատմության միջից հանենք համակարգչի գյուտը, հիմա մարդկությունը կդոփեր իր տեղում անցյալ դարի 50-ականներից: Ու եթե որոշ հանճարներ մտածեին, որ համակարգիչը ապագա չի, ու չստեղծեին բազմահազար համակարգչային տեխնոլոգիաներ ու ծրագրային ապահովումներ, հիմա ոչ-ոք չէր կարող խոսել իր հեռավոր բարեկամների հետ, ու ասեմ, որ սքայփով խոսելը համակարգչի միակ լավ հատկությունը չի: Այսօրվա դարում մարդիկ մտածում են, որ եթե կարողանում են միացնել ու անջատել սքայփը, դա իրենց բավարար է, և համակարգիչը ստեղծված է դրա համար: Բայց չէ՞ որ համակարգիչը մի ֆանտաստիկ գյուտ է, որը կարող է կատարել այնպիսի մաթեմատիկական հաշվարկներ, որոնք մարդ արարածը չի կարող: Ես միշտ պատկառանքով եմ նայում համակարգչին և, ամեն օր ավելի շատ ուսունասիրելով նրա կառուցվածքը, զարմանում եմ այն մարդկանց հանճարի վրա, ովքեր իրենք ամբողջ կյանքը վատնել են ինչ-որ մի դետալի վրա, բայց դարձել են համահեղինակը մի աներևակայելի հայտնագործության: Ու դու հիմա համարձակվում ես համակարգիչն անվանել սքայփ:
Ես մի բան ասեմ. Կարող է չհավատաք: Ես ու շատերը իրենց կյանքում համակարգչի օգնությամբ դասեր չենք սովորում: Ինչի՞ համար պետք կարող է գալ դասի համար համակարգիչը: Հիմա կասեք` ինչ-որ մի կոնկրետ բանի մասին տեղեկություն ստանալու համար: Հա, բայց եթե դու այդքան խորշում ես համակարգչից ու սիրում ես դասերդ, կարող ես գնալ գրադարան կամ օգտվել հանրագիտարաններից, որոնք հաստատ կան բոլորի տանը:
Հիմա եթե ուսուցիչներս որ կարդան, թող չնեղանան: Ես իմ գիտելիքների առյուծի բաժինը ձեռք եմ բերում համակարգչից, բայց ես ամբողջ ժամանակ Վիքիպեդիայում նյութեր չեմ կարդում: Ես կարող եմ ժամերով նայել ֆիլմեր ռուսերեն և նայելուց հետո, բացի բավականություն ստանալուց, բառապաշարս զգալի հարստանում է: Կարող եմ ժամերով թերթել ինչ-որ անիմաստ ու անկապ կայքերի «թայմլայն»-եր, բայց նայելուց հետո ավտոմատ ֆիլտրվում է ամբողջ ինֆորմացիան, ու ես սովորում եմ հազար տեսակի նոր բան: Ես հիշում եմ, փոքր ժամանակ համակարգիչ չունեինք, ու ես ժամերով խաղում էի էժանագին խաղային համակարգերով պիկսելային գրաֆիկայով և («Սեգա»,«Դենդի»), բայց հետո, երբ դուրս էի գալիս փողոց` յոթ քար խաղալու, միշտ կարողանում էի փլել բուրգը, որովհետև դրանից առաջ «Դենդիիս» վրա ժամերով նշան էի բռնում այլմոլորակային ափսեների վրա: Ու այդպես ես ձեռք էի բերում մի հմտություն` ճիշտ նշան բռնել: Առաջին հայացքից անպետք հմտություն է, բայց կյանքում շատ է պետք գալիս: Հիմա կասես` ինչի՞ համար ա էս տղան դրել իր կյանքը պատմում: Ասեմ: Ասածս այն է, որ համակարգչային խաղերը շատ օգտակար են: Օգնում են զարգացնել թե մատորիկան, թե տրամաբանությունը, և թե գիտելիքները: Ուղղակի պետք է ճիշտ խաղեր ընտրել: Ես որպես, այսպես ասած ՏՏ ֆանատ, պատրաստ եմ մինչև վերջ իմ ու շատերի տեսակետը պաշտպանել` ներկայացնելով փաստեր ու խոսելով փաստերով:

Հա ու վերջում, համակարգիչը «Ադնակլասնիկ» չի ու ոչ էլ Վիկիպեդիա,    ու պատկերացրու, ոչ էլ Սքայփ: Պահանջում եմ այսուհետ հարգանքով խոսել համակարգչի մասին: