Nelli Khachatryan

Մի երկար ու կարճ օր

Քնած ես, ոչինչ չես զգում, նույնիսկ ժամանակը: Մեկ էլ ականջիդ, ուղեղիդ ու սրտիդ ամենաատելի ձայնը սկսում է զնգալ: Արթնանում ես, անջատում զարթուցիչի ձայնը, նայում ժամին և ուրախանում հնարամտությանդ վրա. գիշերը ժամը 4-ն է: Նորից քնում ես, բայց հաջորդ զնգոցից փրկություն չկա: Դողալով վեր ես կենում վերմակի մեջ փաթաթված, հագուստդ հագնում նույնպես վերմակիդ մեջ փաթաթված, բայց մի քիչ անհարմար է այդպես լվացվել: Ստիպված վերմակդ պոկում ես ու սկսում պատրաստվել: Նայում ես հայելու մեջ, նախորդ օրվա պլաններդ մազերիդ ու շորերիդ հետ կապված իրենց տեղն են զիջում տաք շորերին ու արագ կապվող պոչիկին։ Դուրս ես գալիս, ու ականջդ որսում է 15 համարի ավտոբուսի շարժիչի ձայնը, մոռանում ես, որ քիչ առաջ պինգվինաքայլով էիր առաջ գնում սառույցի վրա ու սկսում ես վազել: Հասնում ես: Դռները բացվում են, այս անգամ ազատ տեղ չկա, կանգնում ես վերջում. այնտեղից բոլորը երևում են: Դնում ես ականջակալները, ծանոթ դեմքեր նստում են ծանոթ կանգառներից: Մարդիկ այնքան խիտ են կանգնած, որ համոզված ես՝ հաստատ չես ընկնի… Երաժշտության ձայնը մեխանիկաբար իջեցնում ես, որ հետաքրքրությունդ լրացնես որոշ մարդկանց խոսակցությունները լսելով… Իմանում ես նրանց անունները, սիրելի միրգը, ինչ որ զավեշտալի պատմություններ ես լսում, մտքում ծիծաղում, համաձայնում կամ ջղայնանում ես: Վարորդը գոռում է և ասում, որ այնպես անեն՝ դռները փակվի… էլի էն ջղայն մարդն է… Երաժշտության ձայնը բարձրացնում ես ու սկսում զննել դիմացի աղջկա մազերի գանգուրները, կողքինիդ մատները ու նստած ուսանողի ձեռքի պարսկերենի գիրքը։

Կանգառներում պարզում ես, թե խոսող ուսանողներից ով որտեղ է սովորում, իջնում ես քո կանգառում… Գնում ես դասի, դասերն ու դասախոսները նույնն են, միայն դասամիջոցներն են տարբեր… Ավարտում ես դասերդ ու գնում կանգառ: Ջղայնանում ես 15-ի վրա, որ այդքան դանդաղ է աշխատում, բայց մի քանի րոպեից հեռվից նկատում ես դեղինիդ, ու ժպիտ է գալիս դեմքիդ: Բարձրանում ես: Ափսոս, մի տեղանի նստարանները զբաղված են (թե՞ բարեբախտաբար): Նստում ես պատուհանի մոտ, կանգառում բարետես երիտասարդ է բարձրանում, անհանգիստ նստում է կողքիդ… Ձեռքերով լարված շարժումներ է անում, մի ոչ այնքան մեծ կին է բարձրանում, միանգամից կանգնում է ու տեղը զիջում… Կանգնած կարծես ավելի հանգիստ է … Հոգնած ես: Աչքերդ ու ականջներդ փակում ես ու շատ արագ հասնում տուն: Լավ է, տանը հետաքրքիր է, սիրտդ մի քիչ թափառել է ուզում, բայց ցուրտ է, ինչ արած, ֆիլմ կնայեք, բայց մի քիչ էլ քաղցր եք ուզում, ամենաարդար «չինգաչունգով» կորոշեք՝ ով խանութ կգնա, երաժշտություն կլսեք, ձեր տարիքակիցների ամուսնության լուրերով կկիսվեք ու կզարմանաք, հետո կհասկանաք, որ գրեթե տանտիրուհու առօրյայով եք ապրում:

Որոշել ես այսօր շուտ քնել, բայց արդեն ժամը 12-ն է: Լավ, մի սերիա էլ նայես ու կքնես…

Ախ, այդ անտանելի զարթուցիչի ձայնը, բայց լավ է, դեռ ժամը 4-ն է…