Մի մրցանակի պատմություն

Ես շատ լավ գիտեի այն խոսքը, որը ասում էր. որքան շատ է զգացածը, այնքան նոսր են բառերը: Հետևաբար այդ մասին գրեցի դրանից մի քանի օր անց: Խոսքս հունիսի 1-ին ՀՀ Փաստաբանների պալատում անցկացրած օրվա մասին է: Շատերս էլ 17.am-ում տեղադրված մրցույթի մասին հայտարարությունը հաստատ կարդացել ենք: Իհարկե, եղան մարդիկ, ովքեր վստահ էին, որ կարող են հաղթել, բայց միևնույն է, չփորձեցին: Եղան նաև այնպիսիները, ովքեր որոշեցին, որ ժամանակ չունեն, եղան նաև այնպիսիները, ովքեր միգուցե չհասցրին մասնակցել, բայց եղան նաև նրանք, ովքեր հենց սկզբից էլ հաստատ գիտեին, որ մասնակցելու են: Ես թերևս սրանցից ոչ մեկի մեջ էլ չէի մտնում: Ինչո՞ւ: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ բնավորության տեր եմ, ուստի երբեք իմ մասին հաստատ ոչինչ չեն ասում:

Մրցույթի վերջնաժամկետը մայիսի 28-ին էր: Օրերը անցնում էին: Հերթական մայրամուտն էր, ու ես նստելով մի հին նստարանի` հետևում էի երեխաների ուրախ խաղին: Հենց այդ ժամանակ էլ հաստատ որոշեցի մրցույթի համար մի բան գրել ու մտածեցի, որ ինչպես միշտ, ես դա կանեմ կեսգիշերին: Վեր կացա ու արագ հասա տուն: Ինձ համար ոչինչ կարևոր չէր. ես պետք է գրեի, ու դա հաստատ էր: Ճիշտ է, ամեն բան այնքան էլ հեշտ չէր. սցենարի վրա նկարահանվող ֆիլմը պետք է տևեր մեկ րոպե և արտահայտեր երեխայի որևէ իրավունք: Բայց ես որոշել էի գրել, ու դժվարությունը ինձ համար նշանակություն չուներ: Այն ամենը, ինչ գրել էի, ուղարկեցի, ու հենց այդ պահին մի բեռ ասես ընկավ ուսերիցս, ինչպես հիմա սա գրելուց է ընկնում:

Եվ ահա երկու օր հետո նամակ ստացա ու ամենաերջանիկ մարդու դեմքի արտահայտությամբ հունիսի մեկին գնացի Երևան `իմ մրցանակը վերցնելու: Չէի սպասում նաև, որ սցենարի մրցույթում կգրավեմ առաջին տեղը: Հիշում եմ, թե ինչպես 12 տարեկանում գրեցի սարսափ ֆիլմի սցենար, և որոշեցինք թաղամասի երեխաներով ֆիլմ նկարահանել: Ես երազում էի այն մասին, որ իմ սցենարի հիման վրա ֆիլմ կնկարահանվի: Մեր որոշածը չստացվեց, բայց ես դեռ պահում եմ այն հին տետրը, որի մեջ ես առաջին փորձերս արեցի: Տարիների ընթացքում իմ երազանքը ու ցանկությունը էլ ավելի մեծացավ: Չէի սպասում, որ ինձ հնարավորություն կընձեռվի սցենար գրելով փորձել ուժերս:

Երբ մարդուն ասում ես, որ դու հենց նոր շահեցիր հսկայական գումար, ասում է, որ չէր կարող իր հետ նման բան տեղի ունենալ:
Բայց հիմա ես կարող եմ ասել, որ ինձ հետ նման բան կարող էր տեղի ունենալ, և ես դրա համար շատ ուրախ եմ: