Մի նկարի պատմություն

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

Լուսանկարը` Դիանա Հովսեփյանի

Հիշու՞մ եք ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները։ Կարծում եմ՝ երբեք էլ չեք մոռանա, որովհետև ինչ-որ չափով բոլորս էլ այդ իրադարձությունների մի մասն ենք կազմել: Մտքովս անցան այդ օրերին արված լուսանկարներս, որոշեցի նայել և նորից հիշեցի այն ամենը, որի մի մասը մտքիցս կորել էր: Նկարների մեջ մի նկար գտա, որի մասին էլ հենց ուզում եմ խոսել ձեզ հետ:

Նկարը արված է 2018 թ.-ի մայիսի 8-ին, կարծում եմ՝ բոլորն էլ կհիշեն, թե ինչ օր էր դա: Առաջին հայացքից ինձ էլ առանձնապես յուրահատուկ նկար չթվաց այս լուսանկարը: Ի՞նչ է որ, սովորական նկար, որտեղ պապը թոռնիկին դրել է ուսերի վրա, և միասին, հոծ բազմության մեջ կանգնած, նայում են էկրանին ու սպասում են ինչ-որ մի գործողության: Սովորական նկար է, էլի, բայց, երբ ուշադիր նայեցի նկարի դետալներին, մի հետաքրքիր բան նկատեցի։ Աջ կողմի վերևի մասում մեր եռագույն դրոշն է, որի ներքևի հատվածում փոքրիկ տղան է՝ պապի ուսերին նստած: Դրոշը վերջանում է դեղին (նարնջագույն) գույնով, որը հենց տղայի բաճկոնն է: Չգիտես էլ, թե ինչու, պատկերացրի, որ մենք բոլորս էլ մեր երկրի, հայրենիքի մի մասն ենք կազմում, ինչպես տղան՝ դրոշի: Որ բոլորս էլ մեր հարազատ մարդկանց կողքին ենք մեզ հանգիստ և ուժեզ զգում, ինչպես փոքրիկը՝ պապի ուսերին: Որքան խորություն ու պարզություն կա տղայի աչքերում։